Արա Պապյանը` Էրդողանի կոշտ հայտարարության վերաբերյալ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը երեկ կոշտ հայտարարություն է կատարել Հայաստանի ղեկավարության և Սփյուռքի հասցեին՝ նշելով, թե հայությունն արշավներ է կազմակերպում` «երկրներ շրջելով ու որոշ տեղերում փող կերցնելով»: Թուրքիայի նախագահը միաժամանակ Հայաստանին կոչ է արել հանել իր արխիվները Ցեղասպանության վերաբերյալ և քննարկման նստել Թուրքիայի հետ՝ ավելացնելով, թե Թուրքիայի արխիվը միշտ բաց է ուսումնասիրման համար: Ռեջեփ Թայիբ Էրդողանը կասկածի տակ է դրել Ցեղասպանության վերաբերյալ հայության ունեցած արխիվի գոյությունը՝ ասելով. «Մենք հարյուր-հազարներով արխիվային փաստաթղթեր ունենք, դու քանի՞ հատ ունես»:
«Էրդողանի հայտարարությունը ոչ միայն կոշտ, այլ նաև վիրավորական է: Եվ այդ վիրավորանքը ոչ միայն մեզ է ուղղված, այլ նաև` այն երկրներին, որոնք Ցեղասպանությունն են ճանաչել, քանի որ իր խոսքում նա նշել է, թէ «երկրներ շրջելով ու որոշ տեղերում փող կերցնելով արշավներ կազմակերպելով՝ արդյունքի չեք հասնելու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց պատմաբան, իրավաբան և դիվանագետ, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
Թուրքիայի նախագահը հայտարարությունն արել է «Համաշխարհային պատերազմի փաստաթղթերը՝ 100-րդ տարում» սիմպոզիումի ու ցուցահանդեսի բացմանը, որտեղ Հայոց ցեղասպանության մասին փաստաթուղթ չի ներկայացվել: «Դա ոչինչ չի նշանակում: Հնարավոր է և ներկայացված չլինի: Մենք հո չե՞նք ասում, թե բոլոր փաստաթղթերում է գրված Հայոց ցեղասպանության մասին: Մենք ասում ենք՝ կան փաստաթղթեր, որոնք անհերքելիորեն ապացուցում են, որ եղել է կանխամտածված, զանգվածային ոչնչացում: Բայց Էրդողանի` այդ հայտարարության հիմնական փորձն այն է, որ նա ուզում է մեզ կրկին ներքաշել տասնամյակներ տևած անպտուղ, անհեռանկար բանավեճի մեջ` արդյոք եղե՞լ է ցեղասպանություն, թե՞ ոչ: Նա, փաստորեն, ընդունում է ջարդերի, կոտորածների առկայությունը, բայց ընդհանուր մի ցավի տակ, որով իբր բոլորն են տուժել, և այլն»,- մեզ հետ զրույցում ասաց Արա Պապյանը՝ ավելացնելով, որ միջպետական քննարկումներում առհասարակ շեշտը չպետք է դրվի Ցեղասպանության հարցի վրա, Թուրքիայի հետ ոչ մի քննարկում չպետք է լինի` ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ ոչ հարցի շուրջ:
«Դա իր որոշելիքը չէ, դա անվիճելի հարց է: Միջպետական քննարկումներում շեշտը պետք է դրվի այն կետի վրա, որ այսօր կան փաստաթղթեր, որով Հայաստանի Հանրապետությունն ամրագրված է որոշ տարածքի վրա, և որն օկուպացվել է Թուրքիայի կողմից. նրանք այդ տարածքները հայաթափել են, մարդկանց կոտորել են, ցեղասպանություն են իրականացրել, ինչի պատճառով մենք չենք կարողացել մեր հասանելիքին տեր կանգնել: Թուրքիայի հետ ոչ թե ցեղասպանությունը, այլ` ցեղասպանության հետևանքների վերացման հարցը պետք է քննարկվի: Մենք ինչքան լռում ենք, այնքան Թուրքիան լկտիանում է»,- ասաց Արա Պապյանը:
Մեկնաբանելով Էրդողանի նույն հայտարարության մեջ արված պնդումը, թե Հայաստանը հրաժարվում է պատմաբանների հանձնաժողով կազմելուց, Արա Պապյանն ասաց. «Ճի՛շտ է անում Հայաստանը: Ո՞ւմ հետ նստի, ի՞նչ խոսի: Մի երկրում, որտեղ քրեական պատասխանատվության են ենթարկվում թրքությունը վիրավորելու համար, ո՞նց կարող ես խոսել: Նախ՝ Թուրքիան թող Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարի, հետո պահանջի բանավեճ, որովհետև նույն թուրք պատմաբանը մեծ ցանկության դեպքում էլ չի կարող իր տեսակետը արտահայտել, քանի որ ինքը քրեորեն պատժելի արարք կկատարի: Իսկ ընդհանրապես ո՞վ է տեսել, որ զոհը նստի՝ դահիճի, հանցագործի հետ բանավիճի` եղե՞լ է հանցագործություն, թե՞ չէ: Փաստ կա, որ եղել է հայություն, որ ապրել է Օսմանյան կայսրությունում, իսկ այսօր չկա այդ հայությունը: Եթե մենք ներքաշվենք այդպիսի խոսակցության մեջ, դա տասնամյակներ է տևելու և անպտուղ բանավեճ է լինելու: Ես բանավիճելու իմաստը չեմ հասկանում: Դատարանում հանցագործը կարող է ընդունել իր մեղքը, կարող է չընդունել, բայց դրա հիման վրա չէ ինքը դատվում, ինքը դատվում է փաստերի հիման վրա:
Այս ամբողջ հարցի մեջ ինձ համար կարևոր մի բան կա` առաջինը՝ Հայաստանի Հանրապետության տարածքների, երկրորդը` ընտանիքներին և անհատներին, գույքի վերադարձման հարցն է: Իսկ թե Թուրքիան կճանաչի՞ Հայոց ցեղասպանությունը, չի՞ ճանաչի, դա կարևոր հարց չէ»:
Մեր այն հարցին, թե ինչպիսի՞ն կլինի հայկական կողմի հնարավոր արձագանքն Էրդողանի հայտարարությանը, Արա Պապյանը պատասխանեց. «Մեր իշխանությունները պետք է կոշտացնեն և հստակեցնեն իրենց դիրքորոշումը, քանի որ Թուրքիան գնալով ավելի շատ է նման հայտարարություններ անելու:
Հայաստանի ղեկավարությունը վերջին տարիներին Թուրքիային սիրաշահելու քաղաքականություն է իրականացնում, մենք պետք է Թուրքիայի վրա լծակ ունենանք, չունենանք այդ լծակը՝ չենք կարող բանավիճել: Այն Գերմանիա չէ, այն ուրիշ երկիր չէ, այն Թուրքիա է` իր որոշակի հոգեբանությամբ, և նա նահանջելու տեղ կունենա, եթե դու լծակ ունենաս ձեռքիդ տակ»: