«Կոմիտասի հիվանդության մասին շատ բան կիմանանք 2017-ին»
Նյույորքաբնակ նշանավոր դաշնակահար Շահան Արծրունին ասում է` մեծ ջանքեր է գործադրել` պնդելով, որ Ախթամարի «Սուրբ Խաչ» եկեղեցու մուտքին դրված բացատրական ցուցանակում անգլերեն և թուրքերեն լեզուներով ավելացվի այսօր արդեն առկա «հայկական» բառը։
Նա մեկն է այն արվեստագետներից, որ միացել էր եկեղեցու գագաթին խաչ դնելու արշավին` նամակներ հղելով Թուրքիայի կառավարությանը։ 2010-ին Շահան Արծրունին «Սուրբ Խաչ» եկեղեցու հայտնի պատարագի նախօրեին համերգ ունեցավ Վանում` ներկայացնելով հայկական երաժշտություն։ Իսկ ավելի ուշ` նույն տարվա հոկտեմբերին, Նյու Յորքում Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանը «Քարնեգի հոլլ» համերգասրահում կազմակերպեց հայտնի դաշնակահարի համերգը։
Ստամբուլում ծնված և Նյու Յորքում բնակվող երաժիշտը կողմ է հայ-թուրքական երկխոսությանը և վստահ է, որ մշակութային ձեռնարկները և արվեստագետների ելույթներն իրենց նպաստն են բերելու երկու երկրների միջև փակ սահմանների բացմանը. «Ես համոզված եմ, որ սահմանները բացվելու են, երկու երկրների միջև հաստատվելու են դիվանագիտական հարաբերություններ, ու դա տեղի է ունենալու Թայիբ Էրդողանի նախագահության տարիներին։ Նա, լինելով աջակողմյան հայացքների տեր գործիչ, կարո՛ղ է անել այդ գործը, ինչպես ժամանակին Նիքսոնը կարողացավ ճանապարհ բացել դեպի Չինաստան»,- «168 Ժամի» հետ զրույցում ասաց Շահան Արծրունին` ավելացնելով, որ ինքը սահմանների հնարավոր բացման մասին համոզմանն է եկել թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ իր հանդիպումներից հետո։
«Կարծում եմ, որ երկխոսելն ավելի ճիշտ է, քան` լռելը կամ միմյանց հասցեին անտեղի հայտարարություններ անելը։ Ես ինքս էլ խաբված եմ թուրք ժողովրդից, չեմ ասում, թե ամեն ինչ հարթ է, բայց դրանով հանդերձ` միշտ ուզում եմ երկխոսել, բացել մի դուռ ու բաց թողնել այդ դուռը, որով հնարավոր կլինի ներս մտնել»,- ասաց դաշնակահարը։
Ըստ նախնական հայտարարության` Ստամբուլում ապրիլի 22-ի գիշերը տեղի է ունենալու ոգեկոչման ձեռնարկ, որին դաշնամուրային կատարմամբ մասնակցելու է նաև Շահան Արծրունին։ «Անշուշտ, Թուրքիայի կառավարության թույլտվությամբ է տեղի ունենալու այդ ձեռնարկը, որին ուրիշ հայ արվեստագետներ էլ են հրավիրված։ Ես շատ կարևոր եմ համարում Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին կայանալիք այդ համերգը, որի ընթացքում նվագելու եմ բացառապես հայ կոմպոզիտորների գործեր։
Ընդհանրապես, թուրքական կողմը միշտ բաց է հայ արվեստագետների գործերը ներկայացնելու առումով։ Դրա վառ օրինակն իմ ձայնասկավառակների թողարկումն է Թուրքիայի կողմից։ Ձայնասկավառակներ թողարկող ամենամեծ ընկերությունը մի շարք է սկսել` ութ ձայնասկավառակով ներկայացնելու է իմ ամբողջական դաշնամուրային կատարումները։ Շարքում ընդգրկվելու են Կոմիտասի դաշնամուրային, 19-րդ դարում ծնված հայ երաժշտահանների, հայտնի հայ երաժիշտ Ալան Հովհաննեսի, սփյուռքահայ կոմպոզիտորների, Արամ Խաչատրյանի, հայաստանցի կոմպոզիտորների, աշխարհի հայ կին կոմպոզիտորների ստեղծագործությունների իմ կատարումները, իսկ վերջինը` ութերորդը, լինելու է աշխարհահռչակ կոմպոզիտորների` երեխաների համար գրված գործերը` կրկին իմ ներկայացմամբ։
Բոլոր հայտնի կոմպոզիտորներն էլ ունեն երեխաների համար գրված գործեր, որոնք հիմնականում շատ չեն կատարված։ Նույնիսկ Լիստն իր թոռնիկի համար մանկական երաժշտություն է գրել։ Թուրքիայում կարևորեցին իմ այս աշխատանքը, և ամենաբարձր որակով արդեն թողարկվում են ձայնասկավառակները։ Շարքից երկու ձայնասկավառակ` Կոմիտասի և 19-րդ դարում ծնված հայ երաժշտահանների գործերի կատարումներն արդեն թողարկվել են»,- իր ստեղծագործական գործունեության մասին մեզ հետ զրույցում ասաց Շահան Արծրունին։
Երաժիշտը, որ ավելի քան 50 տարի` համերգներին զուգահեռ` աշխարհի բոլոր նշանավոր համալսարաններում հանդես է գալիս հայ երաժշտության մասին դասախոսություններով, «168 Ժամի» հետ զրույցում առանձնահատուկ խոսեց Կոմիտասի մասին` նշելով, որ Կոմիտասով ճշտվել է հայ երաժշտության դիմագիծը։ «Առանց Կոմիտասի չէին լինի ո՛չ Խաչատուրյանը, ո՛չ մյուսները։ Կոմիտասը հայ երաժշտության գագաթն է, և օտարների առջև ունեցած իմ բոլոր համերգներին ու դասախոսություններին ես անպայման միշտ Կոմիտաս եմ ներկայացնում»,- ասաց նա։
Մեր այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Կոմիտասի խելագարությունը ժխտող վարկածին, Շահան Արծրունին պատասխանեց. «Նախ, որ նա նյարդային խառնվածք ուներ` անժխտելի է, բայց մինչև Շիշլիի «Հոպիտալ Դե լա Պաի» հիվանդանոց տեղափոխվելը` 1916 թվականը, նա հաստատ խելագարված չի եղել։ Չմոռանանք, որ մինչև «Hopital de la Paix» տարվելը նա գրել է իր հայտնի «Մշո շորորը», շատ այլ գործեր է արել։ Բայց, հավանաբար, Չանկրիի աքսորը մեծապես ազդել է նրա վրա։
Մենք Կոմիտասի հիվանդության մասին ամեն ինչ իմանալու ենք 2017-ին, երբ բացվի «Hopital de la Paix» հիվանդանոցի արխիվը (ըստ կարգի` այն բացվում է 100 տարի հետո)։ Առայժմ հիվանդության արձանագրությունները փակ են։ Ստամբուլի նշանավոր այդ հիվանդանոցը մինչև հիմա էլ գործում է, և ես եղել եմ այն սենյակում, որտեղ Կոմիտասն էր պահվում։ Նրա` այնտեղ գտնվելուց 100 տարի հետո, երբ հասանելի լինեն հիվանդության փաստաթղթերը, նոր լույս է սփռվելու Կոմիտասի հիվանդության վրա»։
Նշանավոր հայ դաշնակահար Շահան Արծրունին ծնվել է Ստամբուլում` 1943 թվականին, ապրում է ԱՄՆ-ում։ Ստամբուլի կոնսերվատորիան ավարտելուց հետո նա 1964 թվականին Գյուլբենկյան կրթաթոշակով հաճախել է Նյու Յորքի «Julliard» կոնսերվատորիան։ Համերգային գործունեությունից բացի, Շահան Արծրունին հայտնի է նաև` իբրև ազգային էթնիկ երաժշտության մեկնաբան, մանկավարժ, գրող և պրոդյուսեր։
Իր ձայնագրություններով ու կատարումներով դաշնակահարը մասնակցել է ամերիկյան հեռուստատեսության PBS կայանի «Around the world in 82», «Gala of stars» և «A place of dreams։ Carnegie Hall at 100» նշանավոր հաղորդումներին, ձայնագրվել է եվրոպական ռադիոներում, նրա կատարումներն ընդգրկված են BBC-ի երաժշտական ֆոնդում։
Համերգներ է ունեցել նշանավոր բեմերում, նվագել է Սպիտակ տանը, Անգլիայի, Դանիայի, Շվեդիայի և Իսլանդիայի թագավորական պալատներում։
Դասախոսել է Հարվարդի, Կոլումբիայի և Միչիգանի համալսարաններում, իսկ հայկական շարականների մասին դասախոսությամբ հանդես է եկել Կոնգրեսի գրադարանում։ 1996-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ն Շահան Արծրունուն պարգևատրել է «Ս. Սահակ և Ս. Մեսրոպ» բարձրագույն շքանշանով։ Ունի 24 ձայնասկավառակ։
Դաշնակահարն աջակցում է Հայաստանում անցկացվող տարբեր ծրագրերի, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի ու Վանաձորի Տարեցների տան հիմնական հովանավորներից է։
Մայիսի 7-ին նա մասնակցելու է Վաշինգտոնում տեղի ունենալիք համերգին` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։