Մհեր Մկրտրչյան. «Նկարիչը չպետք է քաղցած լինի, նա պետք է լինի կուշտ, և ցանկալի է՝ բավարարված իր կենցաղով»
Ասում է ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Մհեր Մկրտչյանը
– Երբ նոր էինք զրուցում` նշեցիք, թե հայտնի դառնալու միտք երբևէ չեք հետապնդել։ Չգիտեմ, թե որքանով էր այդ արտահայտությունը լուրջ, որքանով` կատակգ Ինչևէ։ Բոլոր նրանց, ովքեր Ձեզ չեն ճանաչում, մի փոքր պատմեք Ձեր չափազանց հետաքրքիր անուն-ազգանվան մասին և, իհարկե, ինչը պակաս կարևոր չէ` Ձեր գործունեության մասին կինոյում։
– Չցանկանալը` հայտնի դառնալ, և չձգտելը` տարբեր հասկացողություններ են։ Ես ուզո՛ւմ եմ հանրահայտ լինել։ Ըստ էության, իմ մասնագիտության մեջ դա հաջողության մի յուրօրինակ ցուցանիշ է։ Այլ հարց է ձևաչափը։ Կարելի է անընդմեջ վազվզել այս ու այն հարցազրույցին կամ հեռուստահաղորդմանը, և վաղ թե ուշ կդառնաս ճանաչելի, բայց դա կլինի անցողիկ երևույթ։ Ես կուզենայի, որ հանրաճանաչությունը լիներ ուղիղ համեմատական` արած գործերի որակին, ոչ թե որոշվեր լրագրողների հետ հանդիպումների քանակով։ Ահա թե ինչ նկատի ունեի իմ նախորդ խոսքում։ Ինչ վերաբերում է իմ «հետաքրքիր» անուն-ազգանունին. ինձնից անկախ գոյություն ունեցող երևույթ է, ազգանունս ժառանգել եմ հայրական ճյուղից (կողմից), իսկ անունս ծնողներիս որոշումն է։ Նույնն է թե` դոբերմանին հարցնեն, թե նա ինչպե՞ս է վերաբերվում նրան, որ դոբերման է…
– Մի փոքր պատմեք, թե ինչի՞ մասին է Ձեր «The lucky ones» ֆիլմը։ Եթե կարելի է, սկսեք հենց ֆիլմի մտահղացումից։
– Եթե շատ կարճ, ապա սա մի պատմություն է այն մասին, թե ինչպես են խաչվում միմյանց հետ բոլորովին կապ չունեցող մարդկանց ճակատագրերն ԱՄՆ-ում և Հայաստանում։ Կերպարներից յուրաքանչյուրն ունենում է իր կենսագրական ֆլեշ-բեքերը` հետահայաց վերադարձներով անցյալ, ինչպես հայաստանյան 80, 90-ականներին, այնպես էլ` Նյու Յորքի 60, 70-ականների իրականություն։ Ես դեռևս դժվարանում եմ տալ ժանրային հստակ որակում։ Մի բան հաստատ է. կլինի և՛ ծիծաղելին, հումորը, և՛ տխրության որոշակի չափաբաժին։
– Ովքե՞ր են խաղում ֆիլմում, և ի՞նչ չափանիշներով եք ընտրել դերակատարներին։
– Դեռևս իրավունք չունեմ ներկայացնելու ամերիկյան կողմի դերասաններին։ Հայկական մասի դերասաններն են Նազենի Հովհաննիսյանը, Մկրտիչ Արզումանյանը, Դիանա Մալենկոն, Հայկ Պետրոսյանը և Հրանտ Թոխատյանը։ Ընտրության չափանիշը տարբեր ռեժիսորների մոտ տարբեր է։ Ես առաջնորդվում եմ միշտ նույն բանաձևով` ճիշտ չափաբաժին` տաղանդի և բնական օրգանականության, արտաքինի ու իրենց մասնագիտության նկատմամբ ճիշտ վերաբերմունքի։
– Որքանո՞վ էր Ձեր ֆիլմի համար կարևոր դերակատարների ճանաչված լինելը։
– Դա շատ կարևոր է, բայց ոչ` առաջնահերթ։ Ես հասկանում եմ, որ իմ թվարկած գրեթե բոլոր դերասանները հանրաճանաչ են, բայց իմ` նրանց ընտրության պատճառը դա չէր։ Հայաստանում հիմա չափազանց շատ են սուպեր-մեդիա-հայտնի, բայց բացարձակ միջակությունները, անուններ, իհարկե, չեմ տա։ Ես ուղղակի փորձում եմ նրանցից խուսափել։ Ընդամենը մեկ տարի հետո նմանների դեմքերը մոռացվում են, հենց նրանց հեռուստատեսությամբ էլ ցույց չեն տալիս. նրանք հետք չեն թողնում։ Մնայուն են ծանրակշիռ, իսկական և իրականում տաղանդավոր մարդիկ. ես գերադասում եմ նրանց, փորձում եմ աշխատել այնպիսի դերասանների հետ, որոնց հետ միասին կարող ենք առաջադրել բարդ խնդիրներ և հետաքրքիր լուծումներ տալ դրանց։ Մկոյի, Նազենիի և Հրանտ Թոխատյանի հետ ես աշխատել եմ դեռևս նախորդ նախագծում (Պապ 005)` հեռուստատեսային մինի-սերիալի, և ես նրանց վստահում եմ, ու չէի վախենում նրանց հետ միասին ինձ համար ավելի բարդ նախագիծ իրականացնել։ Եվ չսխալվեցի։
Դիանա Մալենկոն և Հայկ Պետրոսյանն ինձ համար, ընդհակառակը` հայտնագործություն էին։ Թող որ Հայկը պրոֆեսիոնալ դերասան չէ, իսկ Դիանայի համար սա դեբյուտ էր, բայց նրանք չեն ստում ու չեն կեղծում կադրում, նրանք իսկական են։ Ռեժիսորը դերասաններին է տալիս իր էներգիան և էմոցիաները, տաղանդավոր դերասաններն ավելացնում են եղածին իրենցն ու վերադարձնում քեզ առավել գեղեցիկ, կատարյալ և շատ ավելի էմոցիոնալ մի երևույթ։ Իսկ անտաղանդները սպառող են, նրանք միայն վերցնում են քեզնից էներգիան և ոչինչ չեն տալիս փոխարենը։ Ես շնորհակալությամբ եմ միշտ վերաբերվում իմ դերասաններին, մենք միմյանց լրացնում ենք։
– Ե՞րբ եք նախատեսում ֆիլմի պրեմիերան։
– 2016 թվականին։ Վախենում եմ ավելի կոնկրետ ժամկետ նշել։
– Որքանո՞վ է դժվար այսօր Հայաստանում ֆիլմ նկարահանելը։ Ի՞նչ խնդիրներ կան ֆիլմի նկարահանման ընթացքում, որոնց հնարավոր է հանդիպել միմիայն Հայաստանում։
– Մեր ֆիլմի պրոդյուսերները հայկական կինոարտադրությունից չեն, և ես ունեցել եմ հնարավորություն` ընտրելու լավագույն մասնագետներին։ Ոմանք հրավիրվել են Լատվիայից ու Ռուսաստանից։ Դժվարություններ կան ամենուր, և դրանք հիմնականում լուծելի են։ Ինձ այլ բան է տխրեցնում։ Ի տարբերություն այլ երկրների, որտեղ ես առիթ եմ ունեցել աշխատելու, Հայաստանն առանձնանում է տիրող համատարած անտարբերությամբ։
Հասարակ օրինակ. այս ֆիլմում աշխատում է հետխորհրդային տարածքի լավագույն օպերատորներից` Վահագն Տեր-Հակոբյանը, ֆիլմային միջավայրում նա ներկայացման կարիք չունի։ Բայց մեր նկարահանումների ամբողջ ընթացքում ես չտեսա օպերատորական կուրսերից թեկուզ մեկ ուսանողի, որը գար նկարահանման հրապարակ` տեսնելու, թե նա ինչպե՞ս է աշխատում, և ինչ-որ բան սովորելու։ Հնարավոր չէ աճել մասնագիտորեն, եթե չկա հետաքրքրվածություն։
– Որքանո՞վ է ֆիլմն արդիական։
– Հուսով եմ, որ արդիական է։ Դժվարանում եմ օբյեկտիվ գնահատական տալ ինքս իմ ֆիլմին, մանավանդ` դեռ արտադրության ընթացքի մեջ։ Ֆիլմի տեղն ու արդիականությունը, ըստ էության, որոշում է հանդիսատեսը։
– Հետաքրքիր միտում է զգացվում. Կան հայեր, որոնք սազն ուսին` «Մենք ենք, մեր սարերն» են գովում` բացահայտ անտեսելով տիպիկ հայկական բացասական յուրահատկությունները։ Մյուս կողմից էլ` կա հայերի մի խումբ, որն առանձնապես չի սպասում հարմար առիթի «հային ցեխը» մտցնելու համար։ Դուք հայի ո՞ր տեսակին եք պատկանում։
– Ելնելով ձեր իսկ հարցից, կարող եմ հստակ ասել, որ պատկանում եմ Ձեր նշած տեսակին։ Երբ լավ երևույթ եմ տեսնում, ես հիանում եմ, և ասում հիացական խոսքեր։ Երբ տեսնում եմ ամոթալի բան, ամաչում եմ։ Սա ազգային պատկանելության հետ արդեն կապ չունի։
– Համարո՞ւմ եք Ձեզ արվեստագետ։ Եվ, ըստ Ձեզ` ի՞նչ ասել է արվեստագետ։ Չգիտես` ինչո՞ւ, տարածված թյուր կարծիք կա, որ արվեստագետն անթրաշ, պարտադիր աղքատ և ինքն իր աշխարհում ապրող մեկն է, ով ուղղակիորեն չի ուզում ընդունել իրական ժամանակը։
– Կարելի է լինել արվեստագետ, կարելի է ձևացնել, թե այդպիսին ես։ Ես երևի, այնուամենայնիվ, արվեստագետ եմ։ Թեև դա ինձ չի խանգարում ամեն առավոտ լոգանք ընդունել, սափրվել և սիրել լավ ռեստորանների բարձրաճաշակ ուտելիքը։ Նկարիչը չպետք է քաղցած լինի, նա պետք է լինի կուշտ, և ցանկալի է` բավարարված իր կենցաղով։ Ինչպե՞ս կարելի է չընդունել իրական ժամանակը։ Այդ դեպքում ո՞ւմ համար է քո արվեստը։ 9-րդ դարի մարդիկ մահացել են, 22-ինը` դեռ չեն ծնվել…
– Հնարավոր է` շատ ցինիկ հնչի, բայց ի՞նչ է պետք անել, որ արվեստը դառնա նորաձև։
– Պատասխանս նույնքան ցինիկ կհնչի` չգիտեմ։ Այդ հարցն ինձ տվեք մի 30 տարուց, երբ լինեմ գոնե 73։
– Որպես ռեժիսոր` կարո՞ղ եք ասել, թե ի՞նչ կտա Ձեր ֆիլմը հանդիսատեսին։ Ինչպիսի՞ կարևոր ասելիք ունի այն։
– Թողնենք այս դիլեման կինոքննադատներին։ Ինչ-որ մեկը գուցե գտնի իմաստ, մյուսը` հնարավոր է` թաղի… Ես ավելի հեշտ կպատասխանեմ հարցի առաջին մասին` ի՞նչ կտա` էմոցիաներ։ Անսպառ էմոցիաներ` ֆիլմը ստեղծողների մեծ բանակի կողմից, սկսած ռեժիսոր, սցենարիստից` մինչև դերասաններ ու կոմպոզիտոր։ Ֆիլմը մի հոգով չի ստեղծվում։ Եվ եթե այդ էմոցիաները հանդիսատեսին որևէ դրական լիցք հաղորդեն, ուրեմն կա՛ր իմաստ…