Ինչու է Թագուհին մասնակցում Գալիպոլիի «տոնակատարությանը». ԵՀՄՖ-ն Մեծ Բրիտանիայից պարզաբանում է ստացել
«Ստացվել են պատասխաններ Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի նամակին, որով նա դիմել էր մի շարք պետությունների առաջին դեմքերին՝ հորդորելով չմասնակցելու Թուրքիայի կողմից կազմակերպած սադրանքին՝այսպես կոչված «Գալիպոլիի հաղթանակի» տոնակատարություններին: Ինչպես հայտնի է, այդ տոնակատարությունը միտումնավոր կերպով մարտ ամսից տեղափոխվել է ապրիլի 24՝ նպատակ ունենալով նսեմացնելու Հայոց Ցեղասպանության շուրջ կազմակերպված միջոցառումների արժեքը: Ի թիվս այլոց, ստացվել է նաև պատասխան այդ «տոնակատարությանը» Մեծ Բրիտանիայի պատվիրակության և Նորին Մեծություն Թագուհու մասնակցության շուրջ:
Ստորև ներկայացնում ենք ստացված պատասխանի թարգմանությունը, ինչպես նաև ԵՀՄՖի նախագահի նամակի պատճեն:
Արտաքին գործերի և համագործակցության հարցերով նախարարություն
Քինգ Չարլզ փողոց
Լոնդոն
Հարգելի Դոկտոր Գրիգորյան,
Շնորհակալություն եմ հայտնում 2015 թվականի փետրվարի 12-ին Վարչապետին ուղղված նամակի համար, որը վերաբերում է Նորին Մեծություն Թագուհու՝ 2015 թվականի ապրիլի 24-ին Թուրքիայում կայանալիք Գալիպոլիի ճակատամարտի հիշատակման արարողութանը մասնակցելուն: Պատասխանում եմ Ձեզ՝ որպես Թուրքիայի հետ կապված հարցերով զբաղվող ներկայացուցչության անդամ:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը ճանաչում է վաղ 20-րդ դարում Օսմանյան կայսրությունում բնակվող հայ ժողովրդի և այլ խմբերի նկատմամբ ծավալված սարսափելի հալածանքները և ընդունում է պատմության այս ողբերգական դրվագի առնչությամբ զգացմունքների ուժգնությունը: Իրականացված ջարդերը, տարհանումները և այլ հանցագործությունները իրավացիորեն և հաստատակամորեն դատապարտվել են այն օրերի Բրիտանական կառավարության կողմից: Այսօր մենք շարունակում ենք սատարել այդ տեսակետը: Հույժ կարևոր է, որ աշխարհը հիշի այդ ժամանակ ծավալած անթիվ հալածանքնրը: Միջազգային հանրությունը պետք է դասեր քաղի 1915 թվականի դեպքերից և անի այն ամենը, ինչ կարող է կանխելու համանման ողբերգությունները:
Ինչպես Դուք նշում եք՝ այս տարի Գալիպոլիի ճակատամարտի և հայկական ջարդի հիշատակման արարողությունները տեղի են ունենալու նույն օրը: Մեր ցանկությունն ու հույսն է, որ թե՛ Գալիպոլիում և թե՛ Երևանում սգո և անչափ կարևոր այս հիշատակման արարողությունները կօգտագործվեն հարգելու համար այն մարդկանց հիշատակը, ովքեր իրենց կյանքն էին կորցրել և նաև ցուցադրելու համար հիշելու և հաշտվելու կարևորությունը: Գալիպոլիի միջոցառումը յուրահատուկ նշանակություն ունի այն երկրների համար, ում զինծառայողները կռվել ու զոհվել են այնտեղ՝ ներառյալ Մեծ Բրիտանիայից, ուստի սպասվում է բարձր մակարդակի այց Մեծ Բրիտանիայի կողմից:
Ես կարող եմ հաստատել, որ ապրիլի 25-ին Նորին Մեծություն Թագուհին կմասնակցի Լոնդոնում Անհայտ զինվորի գերեզմանին ծաղկեպսակ դնելու հանդիսավոր արարողությանը՝ ի հիշատակ Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի և ԱՆԶԱԿ-ի օրվան, և Վեսթմինիսթերյան աբբայությունում կայանալիք ոգեկոչման և գոհաբանության ընդունելությանը:
Ես լիովին հասկանում եմ Հարյուրամյակի կարևորությունը Հայաստանի և ողջ աշխարհի հայության համար, որոնցից ոմանք 1915 թվականի աղետից փրկվածների անմիջական ժառանգներն են: Ես կասկած չունեմ, որ Երևանում կայանալիք հարյուրամյակի միջոցառումները կստանան իրենց արժանի և սպասված արձագանքը աշխարհից:
Հարգանքներով՝ Ջեֆրի Ուիլսոն
Այժմ ներկայացնոմ ենք ենք նաև ԵՀՄՖի նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանի դիմումի տեքստն ուղղված տարբեր երկրների նախագահներին.
Ձերդ գերազանցություն
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի Նախագահության անունից դիմում եմ բոլոր այն երկրների ղեկավարներին, որոնք ստացել են հրավեր` մասնակցելու 2015 թվականի ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի կողմից կազմակերպած միջոցառմանը՝ Գալիպոլիի (Չանակկալեի) ճակատամարտում Թուրքիայի տարած ինչ-որ կասկածելի հաղթանակի շուրջ, զերծ մնան մասնակցությունից, քանի որ այն նպատակդրված է տապալելու քսաներորդ դարում մարդկության դեմ գործած առաջին խոշորագույն ոճրի՝ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցը, որը ավանդաբար նշվում է ապրիլի 24-ին` ողջ Հայ Ազգի և առաջադեմ մարդկության կողմից:
Այս տարի` ապրիլի 24-ին, Հայաստանում ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված միջոցառմանը մասնակցելու հրավեր ուղարկվել է բազմաթիվ երկրների ղեկավարներին, և արդեն ստացվել են դրական պատասխաններ երկրների նախագահներից, ինչպես նաև Հռոմի Պապ Ֆրանցիսկոսից: Պարոն Էրդողանի վերոհիշյալ արձագանքն այդ հրավերին ԵՀՄՖ-ն համարում է վատ քողարկված ագրեսիա իր հարևանի նկատմաբ, շատ մեծ դիվանագիտական սխալ և Հայոց Ցեղասպանության դատապարտման կարևորությունը նսեմացնելու ապարդյուն ու անփառունակ փորձ:
Ձերդ գերազանցություն
ԵՀՄՖ Նախագահությունը դիմում է Ձեզ և միաժամանակ բոլոր առաջադեմ երկրների ղեկավարներին խնդրանքով. ՄԻԱՍՆԱԿԱՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅ ԱԶԳԻ ՀԱՆԴԵՊ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ 20-ՐԴ ԴԱՐՈՒՄ` ՈՐՊԵՍ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ ԻՐԱԳՈՐԾՎԱԾ ՈՃԻՐ ԵՎ, ՀԱՐԳԵԼՈՎ ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ, ԶԵՐԾ ՄՆԱԼ ՆՐԱ ՀՐԱՎԵՐՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒՑ:
Այս քայլով կնպաստենք ապագա ցեղասպանությունների կանխարգելման խիստ կարևոր գործին և կստիպենք այսօրվա Թուրքիային ետ կանգնել անցյալ իշխանությունների իրականացրած հանցագործությունները սատարելու և այդ հարցում նրանց իրավահաջորդը լինելու կարգավիճակից»: