Ռազմիկ Բաղդասարյան. «Եթե դու քեզանից արժեք ես ներկայացնում՝ քեզ կգտնեն»
Կոմիտասյան երգարվեստի ուղին որդեգրած Ռազմիկ Բաղդասարյանը երգարվեստում մեկ առաքելություն ունի. հայ երգն ու երաժշտությունը հասանելի և հասկանալի դարձնել օտար ունկնդիրների համար: Երգչի հետ զրուցեցինք նրա գործունեության, ոլորտում առկա խնդիրների և հետագա անելիքների մասին:
– Ինչպե՞ս սկսվեց երաժշտական գործունեությունդ:
– Երաժշտական գործունեությունս սկսել եմ երգից: Երգել սկսել եմ դեռևս երեք տարեկանից: Շատ եմ հրապուրվել ժողովրդական երաժշտությամբ, և հետաքրքրական է, որ ոչ թե ինչ-որ մեկի հորդորով, այլ՝ կարծես արյան կանչով: Սկզբում ընդունվեցի Հրազդան քաղաքի թիվ 1 երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը: Սովորելով այստեղ՝ 1999-ից սկսեցի զուգահեռ սովորել նաև Ջիվանու անվան երաժշտական դպրոցում: Այնուհետև ընդունվեցի Կոնսերվատորիա, որտեղ էլ հիմա շարունակում եմ ուսումս:
– Ո՞րն է առաջին լուրջ հաջողությունդ:
– Հաջողություններ շատ եմ ունեցել, բայց ինձ համար առաջին լուրջ հաջողությունը 10 տարեկանում ունեցած մենահամերգն էր: Մենահամերգիս ներկա էին Սիլվա Կապուտիկյանը, Անահիտ Սահինյանը, Օֆելյա Համբարձումյանը և այլ նշանավոր մարդիկ, ում խոսքերը մեծ արժեք են այսօր ինձ համար: Հիշում եմ, որ Օֆելյա Համբարձումյանը, ով պատրաստված չէր ելույթի, ասաց. «Տեսե՛ք, փոքրիկ երգիչը երգում է: Փոքրիկներ շատ կան, ովքեր երգում են, բայց այս փոքրիկը երգում է իմ երգերից և ավելի լավ, քան ես»:
– Ընդունվեցիր Կոնսերվատորիա, բայց ոչ ժողովրդական երգի բաժին: Ինչո՞ւ:
– Ես որպես մասնագիտություն՝ ընտրեցի խմբավարի մասնագիտությունը, զուգահեռ սովորեցի նաև կոմպոզիցիա: Ասեմ՝ ինչո՞ւ: Ինձ մոտ սկսվել էր ձայնի մուտացիոն շրջանը: Այս շրջանում չկարողացա երգել: Ինձ ուղղորդեցին նաև իմ վարպետներ Թովմաս Պողոսյանը և լուսահոգի Ռոմանոս Աղաջանյանը: Ժողովրդական երգի բաժնում ես սովորելու քիչ բան ունեի, քանզի սովորելով Ջիվանու անվան դպրոցում, արդեն իսկ բավականին հաջողություններ էի գրանցել: Ընդունվելով ժողովրդական երգի բաժին՝ պետք էր սովորել երգեցողություն, որը, իմ կարծիքով, չեն սովորում:
– Իսկ երգեցողության տեխնիկա՞:
– Տեխնիկան, ցավոք, մեզ մոտ չեն սովորեցնում: Ես այն սովորել եմ ուսումնառության տարիներին՝ պարապելով աշխարհահռչակ բաս-բարիտոն Բարսեղ Թումանյանի հետ: Նա ինձ շատ բան է տվել:
– Ինչպե՞ս նշանավորվեց վերադարձդ դեպի երգի ասպարեզ:
– Կոնսերվատորիայում ուսումնառությունս ավարտելու տարում՝ 2012 թվականին, մենահամերգ ունեցա, որտեղ հիմնականում ներառված էին աշուղական երգեր աշուղական նվագախմբի հետ:
– Այսօր և՛ երգիչ ես, և՛ կոմպոզիտոր: Որքանո՞վ են սրանք օգնում կամ խանգարում միմյանց:
– Իմ պարագայում միայն օգնում են: Ժողովրդական երգն ինձ օգնում է ստեղծագործել ազգային ժանրով, ազգային լադերում: Օգնում է երգն ավելի հայեցի ստեղծել: Ազգին պետք է ճանաչեն նրա մշակույթով, և իմ կարծիքով՝ արվեստն ազգապահպան միտում պետք է ունենա, այն պետք է ազգային լինի: Իմ ստեղծագործությունները ժամանակակից դասական ժանրով են, բայց շատ ազգային ոճով: Նույնիսկ, եթե ես օպերային ժանրում ստեղծագործեմ, դա կմեկտեղվի հայկական մելիզմատիկայի հետ: Իմ մեջ դեռ փոքրուց նստած է ժողովրդական երաժշտությունը: Ժողովրդական երգն ազնվություն է տալիս, բարություն, պարզություն, անմիջականություն: Եվ պատահական չէ, որ Կոմիտասը հենց ժողովրդական երգերն էր գրառում և ավելի մաքուր տեսքով ներկայացնում: Դա ավելի շատ բարոյախրատական միտում ուներ, կարծում եմ: Ժողովրդական երգը մեր ազգի դիմագիծն է արտացոլում: Եվ այսօր կոմիտասյան ուղին է ինձ համար առաջնորդող:
– Ստեղծագործելիս ի՞նչը կարող է ներշնչանքի աղբյուր դառնալ քեզ համար:
– Գեղեցիկը: Հնարավոր է, որ շատ գեղեցիկ նկար կամ շատ գեղեցիկ մի աղջիկ տեսնեմ, որի արդյունքում երաժշտություն ծնվի: Ես սիրում եմ փնտրել ու գտնել գեղեցիկը: Իսկ երբ գտնում եմ՝ երաժշտությունն արդեն ծնվում է:
– Ինչպե՞ս կարելի է հասկանալ քո «ձեռագիրը»:
– Ամեն ստեղծագործող իր անհատականությունն ունի, պարզապես պետք է բացահայտել: Իմ դեպքում՝ հարմոնիայի առումով է տարբերվում: Մասնագետները հաստատ կհասկանան: Ես ստեղծագործելիս չեմ մտածում տարբերվելու մասին, բայց միշտ տարբերվում եմ:
– Վերջերս ներկայացրել ես առաջին տեսահոլովակդ՝ նկարահանված «Սուրբ մայրեր» երգի հիման վրա՝ նոր գործիքավորմամբ: Ինչո՞ւ ընտրվեց հատկապես այս երգը, և ինչո՞ւ՝ այս ձևաչափով:
– Երաժշտության մեջ իմ նպատակը հայ երաժշտությունը, հայ երգերը նաև օտար ունկնդրի համար ընկալելի դարձնելն է: Այնպիսի գործիքավորում անել, որ միայն հայը չհասկանա: Այս երգը փորձել եմ հենց ընկալելի դարձնել մեր երկրից դուրս: Իսկ ինչո՞ւ այս երգը: Մոր թեմայով երգելը նախ՝ իմ հոգուց և սրտից է, և այն համաշխարհային, համամարդկային թեմատիկաներից, գաղափարներից մեկն է: Տեսահոլովակումս կոմերցիոն որևէ շեշտադրում չենք դրել: Գուցե դրանով է ենթադրվում դիտումների սակավությունը, բայց դա ինձ այնքան էլ չի հետաքրքրում: Ես չեմ հաշվում իմ համակիրներին: Ես երգում եմ ամենաբարձր ունկնդրի համար:
– Իսկ քննադատություններ եղե՞լ են տեսահոլովակի հասցեին: Եվ առհասարակ, ինչպե՞ս ես վերաբերվում քննադատություններին:
– Շատ նորմալ: Ինձ լավ եմ զգում, երբ իմ աշխատանքը քննարկվում է: Ի վերջո, հենց քննադատություններն են խթանում արվեստի ծաղկմանն ու բարգավաճմանը: Տսահոլովակիս հետ կապված, իհարկե, եղել են քննադատություններ, օրինակ՝ նշել են, որ գործիքավորումը կարող էր այլ կերպ լիներ:
– Ծառայել ես նաև հայկական բանակում: Բայց մինչև ծառայության անցնելը, գիտեմ, որ անվճար ընդունվել էիր Կոնսերվատորայի մագիստրատուրա, ինչը նշանակում է, որ քո ծառայությունը կարող էր և չլինել: Ինչ՞ւ ընտրեցիր բանակը:
– Ես իմ ցանկությամբ մեկնեցի ծառայության: Շատերը չեն հավատում, բայց իսկապես այդպես է: Իհարկե, հայրենիքին պարտքը կատարելու պատրաստակամությունը կար: Նշեմ, որ բանակը մեծ դեր է կատարում տղամարդու, հատկապես՝ հայ տղամարդու կայացվածության հարցում: Եվս մեկ բան. կյանքի յուրաքանչյուր փուլ, կարծում եմ, պետք է անցնել իր ժամանակին, և թերի կլիներ ինձ համար, եթե ես չանցնեի այս փուլը: Ծառայությունն ինձ շատ բան է տվել: Որպես զինվոր եմ ծառայել, որի համար շատ հպարտ եմ: Շատ բաներ եմ ինձ համար բացահայտել: Ուրիշ հայացքով եմ սկսել կյանքին նայել: Բայց այդ ընթացքում երբևէ չեմ դադարել պարապել: Նվագախմբի համար մշակումներ եմ արել: Նույնիսկ համերգներ ենք ունեցել տարբեր զորամասերում:
– Իսկ ինչպիսի՞ն է մեր բանակը՝ երաժշտի աչքերով:
– Շատ մարտունակ: Շատ հայրենասեր տղաներ ունենք: Իսկապես շնորհիվ նրանց մենք կարող ենք մեզ ապահով, հանգիստ զգալ մեր երկրում:
– Վերադառնանք երգարվեստին: Ռազմիկ, հայաստանյան միջավայրում որքանո՞վ են համատեղելի արվեստն ու ֆինանսական շահույթը:
– Մեր ասպարեզում երկու տարբերակ կա. կամ գնալ ռեստորաններում երգել և գումարներ աշխատել, կամ մնալ և աշխատել լուրջ ժանրով և այնքան էլ մեծ գումարներ չաշխատել: Ես ընտրել եմ երկրորդ տարբերակը:
– Այժմ որտե՞ղ ես աշխատում:
– Աշխատում եմ Երևանի պետական կամերային երգչախմբում: Ճիշտ է, երգչախմբային երգիչ եմ, բայց ավելի նախընտրելի տարբերակ է, քան ռեստորանում երգելը, ցածրարժեք երգի, երաժշտության կրող լինելը: Ես զբաղվում եմ իմ սիրած գործով: Ներկայացնում եմ լուրջ արվեստ: Համենայն դեպս, փորձում եմ:
– Իսկ այն երգիչները, ովքեր պարզապես ֆինանսական խնդիրներից ելնելով են ընտրում առաջին տարբերակը…
– Ես միշտ ցանկացել եմ բարձր արվեստի կրող լինել: Ես ռաբիսը ողբերգական չեմ համարում: Դա կենցաղային արվեստ է, որը սպասարկում է կենցաղային միջոցառումները: Բայց իմ ստեղծագործական ուղու համար այն չի կարող հիմք կամ էական նշանակություն ունեցող մաս համարվել: Դա ես բեմ կամ հարթակ չեմ համարում, որտեղ կարող եմ հնչեցնել իմ երաժշտությունը: Լուրջ արվեստագետի համար այն, իմ կարծիքով, գերեզման է, և նա չպետք է ընտրի այդ տարբերակը: Արվեստը չի կարող ծառայել փողին: Եվ եթե դու պահանջված ես, դու արժեք ունես, ապա ֆինանսական կողմը նույնպես կհարթվի:
– Իսկ նա, ով դեռ ճանաչում չունի՞:
– Պետք է կամք դրսևորել: Դա նույնպես գործընթաց է, որն արվեստագետը պետք է իրականացնի: Եթե դու քեզանից արժեք ես ներկայացնում, քեզ կգտնեն: Ժողովուրդն իզուր չի ասում՝ «տաշած քարը գետնին չի մնա»: Մշտապես տրտնջացողներն այնքան էլ ճիշտ չեն: Եվ գիտեք՝ քննադատություններ այսօր շատ են հնչում, բայց իրականում դրանց փոքր մասն է միայն իրականությանը համապատասխանում:
– Այսինքն՝ իսկապես տաղանդավոր մարդկանց համար հարթակ այնուամենայնիվ կա՞:
– Իհա՛րկե: Ճիշտ է՝ կան մարդիկ, ովքեր ասպարեզում քիչ թե շատ հայտնի դառնալով՝ այդ հարթակը զբաղեցնում են: Բայց այս խնդիրը բոլոր ժամանակներում է եղել: Պետք է պարզապես ուժեղ և գործին նվիրյալ լինել:
– Ինչպիսի՞ այլ խնդիրներ ես տեսնում այս ոլորտում:
– Խնդիրներ կան: Այսօր շատ է շեշտադրվում կոմերցիան, ինչը ես այնքան էլ չեմ ընդունում: Նվիրյալ մարդիկ պետք է աշխատանքի և արդյունքի մասին մտածեն միայն: Ստեղծագործությունը գուցե պետք է հասանելի լինի, բայց երբեք չպետք է կորցնի իր մշակութային արժեքը:
– Ինչպե՞ս պետք է պայքարել նման «արատների» դեմ:
– Մեր պայքարի ձևը միակն է՝ ամեն մեկն իր գործը պետք է անի և չխանգարի մյուսին: Պետք է ձգտել լավագույնին: Ամեն մեկն իր բնագավառում լրջորեն պիտի աշխատի:
– Ի՞նչ նոր ծրագրեր ունես առաջիկայում:
– Այժմ պատրաստվում եմ նոր տեսահոլովակ նկարահանել: Այն դուրս կգա հավանաբար տարվա վերջին: Այս անգամ ավելի աշխույժ երգով հանդես կգամ: Իհարկե, դարձյալ առանց կոմերցիոն շեշտադրության: