
Պետք է լավ նախապատրաստել Ռիգայում «Արևելյան գործընկերության» գագաթաժողովը. Մողերինի

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հահնն այսօր Բրյուսելում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ խուսափողական պատասխան է տվել այն հարցին, թե արդյոք Ռիգայում կայանալիք գագաթաժողովում որոշում կընդունվի՞ Ուկրաինայի հետ վիզային ռեժիմի մեղմացման մասին.
«Երբ խոսքը գնում է վիզային ռեժիմի ազատականացման մասին, մենք կիրառում ենք որոշակի մեթոդոլոգիա, որպեսզի գնահատենք տարբեր երկրներում առկա իրավիճակը: Ներկա դրությամբ երկրորդ փուլի գնահատում է իրականացվում Վրաստանում, և մենք կտեսնենք, թե ինչպիսին կլինեն արդյունքները, թե արդյոք մենք կարո՞ղ ենք դրական զեկույց ներկայացնել որպես Եվրոպական հանձնաժողով:
Սակայն դա միայն Եվրոպական հանձնաժողովի տեսակետն է: Դրանից հետո մենք պետք է խնդրենք Եվրոպական խորհրդի տեսակետն ու որոշումը: Դա վերաբերում է նաև Ուկրաինային»:
ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մողերինին նույնպես ընդգծել է, որ տրվելու է տեխնիկական գնահատական, սակայն Եվրոպական հանձնաժողովն ու Եվրոպական խորհուրդը պետք է ընդունեն քաղաքական որոշում:
Նա հավելել է, որ պետք է լավ նախապատրաստել մայիսին Ռիգայում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովը, քանի որ այն անցկացվելու է իրենց պատամության համար բարդ և կարևոր ժամանակաշրջանում: