Լարվածությունը ԼՂ-ում, Գյումրիի դեպքն ու Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունը կարող են մեկ սցենարի տարբեր օղակներ լինել. Արման Նավասարդյան

168.am-ի զրուցակիցն է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Պարոն Նավասարդյան, տարեսկզբից իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարված է: Տեսակետ կա, որ Ադրբեջանն օգտվում է Ռուսաստանի զբաղվածությունից և փորձում է պատերազմ սանձազերծել: Ձեր տպավորությամբ` ի՞նչ է կատարվում, արդյո՞ք Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի:

– Շրջանառվող մի քանի վարկած, ըստ իս՝ կարելի է ընդունել՝ որպես սկզբնակետ: Եկեք սկզբից սկսենք: Ինչո՞ւ հանկարծ սրվեց իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում: Գործոններից մեկն Ադրբեջանի ներքին խնդիրներն են: Բավականին լարված իրավիճակ է նավթի հարցի շուրջ, ապա արաբական արմատականությունն է համառ կերպով մուտք գործում Ադրբեջան, և այս ուղղությամբ Իլհամ Ալիևի բոլոր հաշվարկները սխալ են դուրս գալիս, ինչը մեծ խնդրի է վերածվում Ադրբեջանի համար: Պատճառներից մյուսն այն է, որ Ադրբեջանը բոլորովին չէր ցանկանում, որ Հայաստանը միանա ԵՏՄ-ին՝ տարբեր պատճառներով, որպեսզի Հայաստանը չհայտնվի Ռուսաստանի էլ ավելի պաշտպանվածության ներքո, երբ ՀԱՊԿ-ն էլ ավելի է փորձում ամրացնել իր դիրքերը, որովհետև առանց քաղաքականության՝ տնտեսություն չկա:

Իսկ դա ենթադրում է, որ եթե ՀԱՊԿ անդամը հայտնվում է կրակահերթերի տակ, ապա ՀԱՊԿ-ի չմիջամտությունը նշանակում է՝ այդ կառույցի փլուզում՝ հատկապես այն ժամանակ, երբ ԵՏՄ անդամ-երկրների ղեկավարների միջև որոշակի տարաձայնություններ և անվստահություն կա:

Ըստ էության, Հայաստանը չպետք է դառնար ԵՏՄ անդամ, որովհետև Հայաստանն ունի չկարգավորված սահմանային, տարածքային խնդիր, ինչը, բնականաբար, հրահրում է Ադրբեջանին:

Ես չեմ բացառում նաև, որ սահմանային լարվածությունը, Գյումրիի դեպքն ու Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունը մեկ սցենարի տարբեր օղակներն են: Նախ՝ սկսվեց Փարիզից: Ինձ համար ԻՊ-ի գործունեությունը Փարիզում բավականին կասկածելի թվաց: Իմ համոզմամբ` այնտեղ միայն իսլամական խնդիր չէ, որովհետև ԻՊ-ի համար բնորոշ չեն նման հատվածներ, որովհետև նրանք դուրս են գալիս իսլամական ֆանատիզմի շրջանակից ու գործում լավ կազմակերպված ռազմական արվեստին համահունչ, պետական մակարդակով կազմակերպված քաղաքական գործողությունների տրամաբանությամբ: Գյումրիի դեպքը ևս աննախադեպ էր իր բնույթով, ու չի բացառվում, որ այն կազմակերպված էր: Նույնը կարելի է ասել նաև սահմանին լարվածության մասին: Բնականաբար, մեզ այդ ամենը չի մխիթարում: Պետք է, ի վերջո, սա կանգնեցվի, և մեկ ուժ կա, որը կարող է դա կանգնեցնել, այդ ուժը Ռուսաստանն է, ուրիշ ոչ մեկը դա չի անի: Եթե հանկարծ Գյումրիում տեղակայված ռազմաբազան դուրս հանելու լուրջ պահանջ դրվի, ու հանվի ռուսական ռազմաբազան, ՆԱՏՕ-ն չի գա օգնության Ղարաբաղում, դա է փաստը:

– Իսկ Ռուսաստանը կգա՞: Տեսնում ենք, որ այսօր Ռուսաստանը չի միջամտում ԼՂ հակամարտությանը, ռազմաբազան, ըստ տարբեր կարծիքների, չի ծառայում իր նպատակին, տեսանելի չեն ռուսական անվտանգության երաշխիքները, ՀԱՊԿ-ն չի գործում:

– Ես չեմ կարծում, որ եթե սրվի դրությունը, ՀԱՊԿ-ն կգործի այնպիսին, ինչպիսին կա: Նազարբաևը չի վերցնելու ավտոմատը և պաշտպանի Ղարաբաղը: Ռուսը ստիպված պետք է անի, եթե չանի, ամեն ինչ կփլվի իր համար: Եթե բազան դուրս գա Հայաստանից, ամեն ինչ հնարավոր է, դա զսպաշապիկ է Ադրբեջանի համար: Բոլոր դեպքերում, երեք պետություն կա, որ տարածաշրջանում ստատուս-քվոն պահում է: Թուրքիան, Իրանն ու Ռուսաստանը շահագրգռված չեն ռազմական գործողություններով ԼՂ հակամարտության գոտում:

Հայաստանը Ռուսաստանից մի սպասելիք պետք է ունենա` ստատուս-քվոյի պահպանում, որովհետև ԵԱՀԿ ՄԽ-ն չի լուծելու հակամարտությունը, այն պարզապես պահելու է բանակցային գործընթացը, սակայն այդ ընթացքում ևս երկրները կարող են պատրաստվել պատերազմին: Այսինքն` դիվանագիտական բանակցությունները երբեք անվտանգության երաշխիք չեն կարող լինել: Բայց այն, որ պետք է ռուսական ռազմաբազայի աշխատանքում լուրջ փոփոխություններ իրականացվեն, միանշանակ է, վերջին իրադարձություններից լուրջ հետևություններ է պետք անել:

Շատ կարևոր է նաև հասկանալ՝ եթե ինքդ քեզ չհարգես, ոչ ոք չի հարգի: Սա քաղաքական մշակույթ է, որը Հայաստանում չենք կարողացել սերտել: Ռուսաստանից հրաժարվելու և ապագան Արևմուտքի հետ կապելու պահանջներ են հնչում: Սակայն այս հարցը պետք է հոգեբանական դիտանկյունից ուսումնասիրել: ԽՍՀՄ-ն իմպերիա էր և պետք է փլուզվեր, բայց ներկայիս Ռուսաստանն իր ազդեցության ոլորտները պահելու հարցում կգնա մինչև վերջ: Ես դրանից եմ վախենում: Ռուսաստանը Հայաստանին թույլ չի տա հանգիստ հեռանալ: Տեսեք` ի՞նչ եղավ Ուկրաինայում, Վրաստանում: Լուգանսկում արդեն սկսել է գործել ռազմական ավիացիան, ու այդ ռազմական գործողություններին չկա ո՛չ վերջ, ո՛չ սկիզբ:

Պուտինը Ելցին չէ, ոչ էլ՝ առավել ևս, Գորբաչով, նա գնալու է մինչև վերջ, որովհետև սա իր համար մարտահրավեր է, թիրախ, սա նրա դերժավային քաղաքականությունն է, որը նա պետք է տանի մինչև վերջ: Թե որքան կստացվի դա՝ ԵՏՄ-ի հետ զուգահեռ, հարցի մյուս կողմն է, սակայն ինչ վեաբերում է սահմաններին, իր ազդեցության տարածքին, նախկին ԽՍՀՄ-ին, նա չի զիջի: Պետք է ելնել ներկայիս քաղաքական իրողություններից:
Ոչ ոք ուշադրություն չի դարձնում այն հանգամանքի վրա, որ ուկրաինական հակամարտությունը սկսվեց Սևաստոպոլի ռազմաբազայի շուրջ առաջացած իրավիճակից: Ամերիկացիները ցանկանում էին այն հեռացնել, քանի որ ռազմաբազայի տեղակայման ժամկետն ավարտվում էր:

Դրանից առաջ Միջերկրական ծովի խնդիրը բարձրացավ Ռուսաստանի համար, այնտեղ էլ էին ուզում վերջնականապես զրկել Ռուսաստանին ազդեցությունից, այնինչ ՌԴ-ն այնտեղ ուներ իր բազաները: Բայց մնաց միայն Տարտուսը: Ռուսները չկարողացան նաև Դարդանելի հարցը լուծել: Ես չեմ հավատում, որ այս գծերից Ռուսաստանը կանցնի կամ կանցներ, եթե ԱՄՆ-ը չփորձեր զրկել Ռուսաստանին ազդեցություններից: ԱՄՆ-ը սկսեց կերտել նոր աշխարհակարգ, իսկ դա լի է մարտահրավերներով:

Մի պահ եկավ, որ ԱՄՆ-ը հայտարարեց, որ ինքը մեկն է, իսկ ՌԴ-ն առաջարկում է ստեղծել բազմաբևեռ աշխարհ: Սա է ողջ խնդիրը: Մենք՝ որպես փոքր պետություն, պետք է կարողանանք մանևրել, ուստի պետք է խելոք դիվանագիտություն ունենալ:

– Պարոն Նավասարդյան, ո՞ւմ է ձեռնտու պատերազմն այսօր ԼՂ հակամարտության գոտում: Կա տեսակետ, թե ձեռնտու է Ռուսաստանին, կա նաև հակառակ կարծիքը՝ Արևմուտքին:

– Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Արևմուտքը շահագրգռված չեն պատերազմի վերսկսմամբ: Վտանգ մեզ համար կա ոչ միայն Ադրբեջանի, այլև գերտերությունների առճակատման հետևանքով առաջացած խնդիրների տեսանկյունից: Ես ներկայում չգիտեմ՝ հաշվարկվա՞ծ է արդյոք, թե՞ ոչ, բայց ճիշտ են անում մեր դիվանագետները, երբ փորձում են հավասարակշռել արտաքին քաղաքականությունը: Որքանով դա կստացվի` չգիտեմ, բայց գիտեմ, որ Բրյուսելում կայացել է բանակցությունների հերթական փուլը, Եվրոպան չի ցանկանում կորցնել Հայաստանը, ուստի պետք է կարողանալ խաղալ: Կարևորն այն է, որ ոչ մի մեծ տերություն այսօր չի ցանկանում պատերազմ, ինչը նշանակում է, որ Ադրբեջանին թույլ չեն տա լայնամասշտաբ պատերազմ սկսել: Ես հնարավոր եմ համարում Ադրբեջանի կողմից բլից հարվածը: Ես մտավախություն չունեմ, որ Ադրբեջանը տոտալ պատերազմ կհայտարարի, բայց կարող է բլից հարված լինի, և վերջ: Դա ևս վտանգավոր է: Սրա առաջը պետք է առնել:

– Դուք նշում եք, որ պետք է խելացի դիվանագիտություն վարել: Ինչպիսի՞ն պետք է լինի փոքր պետությունների դիվանագիտությունը:

– Եթե մենք կարողանանք, իսկ դա պատմականորեն ապացուցված է, որ հնարավոր է, ճիշտ հաշվարկել, ճիշտ մանևրել, մենք կհաղթահարենք բոլոր վտանգները: Մենք Մաքիավելիի դասերը պետք է կարդանք՝ կարողանալ միջնորդ դառնալ գերտերությունների միջև` իրենց խնդիրները լուծելու համար: Մենք կարող էինք Իրան-Ռուսաստան-ԱՄՆ եռանկյունու միջնորդը դառնալ: Միակ երկիրն ենք, որ բոլորի հետ ունենք նորմալ հարաբերություններ: Մտանք ԵՏՄ, և ՀՀ-ն միակ երկիրն է, որը կարող է բուֆերի դեր ստանձնել Արևելքի և Արևմուտքի միջև: Սրանք եզակի օրինակներ են, իսկ հնարավորություններն իրականում շատ են, պետք է դրանք օգտագործել:

 

Տեսանյութեր

Լրահոս