ՊՆ նախկին փոխնախարարը հիշեցնում է՝ ինչպես է ստեղծվել Գյումրիի ռուսական ռազմաբազան (տեսանյութ)
ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն այսօր պատմեց, որ ռուսական ռազմական բազան ստեղծվել է ավելի շուտ, քան այն գրանցվել է: Լրագրողների հանդիպման ժամանակ խոսելով ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու անհրաժեշտության մասին՝ նա պատմեց, որ 1992 թվականին ՀՀ Պաշտպանության նախարարությունը սկսեց ստանալ զենք-զինամթերք, ռազմական հանդերձանք խորհրդային 7-րդ բանակից: Տարբեր բանակցությունների արդյունքում Հայաստանը ստացավ ռուսական 2 դիվիզիաների ամբողջ ռազմական ունեցվածքը, որոնցից մեկը մնաց Գյումրիում և դարձավ ռուսական ռազմաբազայի հիմք:
Արդեն 1994-95 թվականներին ձևակերպումներ արվեց և ԱԺ-ն հաստատեց ռազմական բազայի կարգավիճակը ու դարձավ 102-րդ ռազմական բազա:
Վ. Շիրխանայնը պատմում է, որ 1991 թվականի դեկտեմբերին Հայաստանը հաստատել է ռուսական սահմանպահ զորքերի կարգավիճակը Հայաստանում, և հայ-թուրքական սահմանը մինչև հիմա պահում են ռուս սահամանպահները. «Այն մարդիկ, որ ասում են, թե ռուսական բազան մեր ինչի՞ն է պետք, երբևէ ասե՞լ են, թե ռուս սահամանպահները մեր ինչի՞ն են պետք, եկեք մենք գնանք այդ սահմանը պահենք: Ես դեռ նման բան չեմ լսել և, փառք Աստծո, որովհետև այդ ասողներից ոչ մեկ չի գնա սահմանը պահելու, ոչ էլ ռազմական բազայի խնդիրները կվերցնեն իրենց վրա»:
Խոսելով Հայաստանում ռուսական ռազմաբազայի օգտակարության մասին՝ Վ. Շիրխանյանը նկատեց, որ բազան կոչված է անվտանգություն ապահովելու, լրացնելու անվտանգության համակարգը, իսկ ցանկացած պետության համար կարևորագույն խնդիրն ազգային անվտանգությունն է.
«Մենք պատերազմի մեջ էինք Ադրբեջանի հետ, որին մասնակցում էր Թուրքիան: Մենք պետք է ունենայինք մեր մշտական, հավատարիմ դաշնակցին: Մենք գնացինք ամենաճիշտ ճանապարհով, որովհետև 1993-ին, 1994-ին Թուրքիան 3 անգամ որոշել էր մտնել Հայաստան: Մենք այդ ժամանակ ունեինք 1-2 գունդ և կամավորական ջոկատներ, մենք նրանցո՞վ էինք դիմադրելու թուրքերին: Միայն Մոսկվայից խիստ և կոպիտ զգուշացումները Թուրքիային հետ պահեցին այդ քայլից: Հիմա բազան մեզ օգուտ է տվե՞լ, թե՞ վնասել է»:
Ըստ Վ. Շիրխանայնի՝ Գյումրու ոճրագործությունը, սահմանային լարված իրավիճակը, Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմը և ռուսական ռզամբազան Հայաստանի հանելու տարբեր հայտարարությունները կապված են իրար հետ.
«Եթե հաշվի առանենք, որ Հայաստանը գտնվում է ինֆորմացիոն պատերազմի դշտում և Հայաստանն ունի լուրջ թշնամիներ, որոնք աշխատում են ամեն ինչ անել, որպեսզի թուլացնեն Հայաստանի ռազմական ուժը, Հայաստանի պետական հնարավորությունները, դաշնակցային հարաբերությունները, ինֆորմացիոն պայքարը դրա համար է գնում: Եվ նրանք օգտագործում են ռազմական բազային առկայությունը՝ որոշ մասսային տրամադրելով դրա դեմ: Եղել է դեպք, որի մասին ոչ մեկ այսօր չի կարող ասել, թե ինչպես է եղել: Հաշվի առնելով, որ Հայաստանի դեմ տարվում է շատ դաժան ինֆորմացիոն պատերազմ՝ ես ոչ մի բան չեմ բացառում»:
ՊՆ նախկին փոխնախարարը կարծում է՝ Ռուսաստանը հիմա արդեն շատ ավելի ուշադիր կլինի այստեղ գործուղված զինծառայողներին ընտրելու ժամանակ.
«Սա դեպք է, որը կամ ծրագրվել և իրականացվել է, կամ պարզապես այսպիսի մի անցանկալի երևույթ է, որը 1 անգամ է լինում»,- ասաց Վ.Շիրխանայնը՝ խոսելով Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության մասին:
Ըստ նրա՝ հետևանքը ցույց է տալիս նաև գործողության նպատակը, իսկ հետևանքն այն է, որ կտրուկ սրվել են տրամադրությունները. «Իսկ այն մարդիկ, որոնք հիմա խոսում են ռուսական բազան հանելու մասին, այդ մարդիկ դեմ են, որ Հայաստանում անձը, հասարակությունը և պետությունը անվտանգ լինեն: Այդ մարդիկ Հայաստանի և հայության թշնամիներն են: Այդ մարդիկ ոչինչ չեն հասկանում անվտանգության համակարգից և մտնում են մեծ քննարկումների մեջ, որը մեծ վնաս է հասցնում երկրին»,- նշեց Պն նախկին փոխնախարարը:
Մանրամասները՝ տեսանյութում: