Սերգո Կարապետյան. Հայաստանն ամբողջությամբ մաքուր է գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներից
Հայաստանն ամբողջությամբ մաքուր է գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներից (ԳՁՕ): Նման պնդում 168.am-ի հետ զրույցում արեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
«100%-ով կարող եք վստահ լինել»,- ասաց նա:
Դիտարկմանը, որ մսամթերքում սոյա է օգտագործվում, որը, ինչպես հայտնի է, ձևափոխված օրգանիզմներ է պարունակում, Ս.Կարապետյանը չհամաձայնեց. «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ պարունակող սոյա միայն ԱՄՆ-ում է կիրառվում: Իսդկ մենք սոյա հիմնականում ներկրում ենք ՌԴ-ից, որտեղ ընդհրապես արգելված է ԳՁՕ: Սա խիստ հսկողության տակ է, և մեր երկիրը գենետիկորեն ձևափոխված ոչ մի բան չի ներկրում: ՌԴ-ում ԵՄ-ից ավելի խիստ են, սերմերի ներմուծումն էլ արգելվում է: Նույնն էլ մեզ մոտ: Մինչ օրս էլ մենք չենք ներկրել, օրինակ, ԱՄՆ-ից սոյա, եգիպտացորենի որոշ սորտեր, որ հնարավոր է ձևափոխված լինեն, չենք ներկրում: Բացառվում է»:
Նա վստահեցրեց, որ ժողովուրդը կարող է հանգիստ լինել՝ ԳՁՕ-ի պարունակությունը որևէ մթերքում բացառվում է, անգամ նախկինում ԳՁՕ պարունակող լոլիկ, լոբի ՀՀ չի բերվել:
Մինչդեռ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ իմանալու համար, թե որևէ մթերքում ԳՁՕ կա, թե ոչ, հարկավոր է մոնիթորինգ անել, իսկ ՀՀ-ն մոնիթորինգ չի իրականացնում և թեկուզ միայն այդ պատճառով չի կարելի միանշանակ պնդել:
Նա նշեց, որ լաբորատոր փորձաննության միջոցով հայկական արտադրության նրբերշիկներից մեկում հաստատվել է ԳՁՕ առկայությունը: Պարզելու համար, թե նրբերշիկի հումքի կոնկրետ որ բաղադրիչն է ձևափոխված եղել, հավելյալ փորձաքննություն է պահանջվել, ինչը չի արվել: Ավելի հստակ տեղեկություններ ունենալու համար, ըստ նրա, կարելի է սահմանին ներկրման ժամանակ փորձաքննություն իրականացնելու կարգ մտցնել, բայց եթե մոնիթորինգ չի արվում, նշանակում է, առավելագույնը նման հայտարարությունը, թե ՀՀ-ում ԳՁՕ պարունակող մթերք չկա, ենթադրություն է:
Ըստ նրա՝ անգամ սոյայի մասով չի կարելի պնդել, թե ԱՄՆ-ից չենք ներկրում, քաի որ եթե չի ուսումնասիրվում, ԱՄՆ-ը կարող է արտահանել այլ երկիր ու էնտեղից ՀՀ-ն ներկրի. «Սննդամթերքի անվտանգության և որակի մասով ենթադրություններ անել չի կարելի, եթե կատեգորիկ մերժման մասին է խոսքը: Մոնիթորինգ չկա: Եթե ասում են չկա, ուրեմն պետք է մոնիթորինգ լինի»: Բ.Պիպոյանը նշեց, որ ԳՁՕ լաբորատոր փորձաքննությունը բավականին թանկ արժի և ոչ մի ՀԿ չի կարող ԳՁՕ մոնիթորինգ անել, սակայն հստակ ապացուցված է՝ ՀՀ-ում ԳՁՕ կա: