Բաժիններ՝

«Թող երթուղայինների սեփականատերերը դուրս գան և պայքարեն գազի թանկացման դեմ, ոչ թե վարորդները». Էդուարդ Հովհաննիսյան

«Եթե ես լինեի երթուղայինի վարորդ, ես նույն բանը կանեի, որովհետև այդպես աշխատելն արդեն անհնարին կլինի»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով որոշ երթուղային տաքսիների վարորդների այսօրվա գործադուլի մասին՝ նման տեսակետ հայտնեց Ավտովարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլես» հ/կ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ վերջին օրերին գազալցակայաններում շեշտակի աճել է գազի գինը՝ 1 խմ-ի գինն ավելի քան 20 տոկոսով բարձրացել է՝ 190-ից հասնելով 230 դրամի։Այսօր երթուղային որոշ տաքսիների վարորդներ գործադուլ էին հայտարարել, քանի որ, ըստ նրանց՝ այս պայմաններում հնարավոր չէ այլևս աշխատել: «Ամիսը 90.000 դրամից ավելի գումար մենակ գազի լիցքավորման վրա ենք ծախսում»,- ասում էին վարորդները: Երևանյան մի քանի երթուղիների վարորդներ առավոտյան գործադուլ էին հայտարարել, նրանք հավաքվել էին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի եկեղեցու հարակից տարածքում և նշում էին, որ չեն «քշելու», քանի դեռ իրենց կորուստները փոխհատուցելու հարցը չի լուծվել։ Ըստ ակցիայի մասնակիցների՝ գազի գները կամայականորեն են որոշվում և կապ չունեն ոչ դոլարի արժևորման, ոչ որևէ այլ հանգամանքի հետ, քանի որ գազը թանկանում է միայն Երևանում, և ոչ՝ մարզերի լցակայաններում:

Գործադուլի վայր ժամանած Երևանի քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանն ասել է, որ գազի թանկացման դեմ վարորդների բողոքը քննարկելու են գծատերերի հետ: «Հասկացանք խնդիրը, 40 դրամով թանկացել է, 190-ից դարձել է 230: Հիմա մենք ձեզ սպասարկող ղեկավարների հետ պետք է որոշենք, լուծում գտնենք: Էդ հարցը ձեր ղեկավարողը պետք է լուծի, ես կասեմ՝ ոնց կլուծի»,- ասել է Ա. Գևորգյանը:

168.am-ի հարցին՝ արդյոք սա երթուղայինների ուղեվարձը թանկացնելու փորձ չէ՞՝ հաշվի առնելով, որ միայն մայրաքաղաքում է գազի գինը բարձրացել, «Աքիլես» հ/կ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը պատասխանեց, որ ինքը չի կարող հստակ ասել, բայց առաջարկեց հարցի այլ կողմը դիտարկել: Նա չի հասկանում, թե մեզ մոտ որտեղի՞ց են վերցրել, որ վարորդը պետք է լիցքավորի այդ գազով մեքենան. «Այդտեղից թող սկսեն: Երթուղին այդ վարորդի՞նն է, վարորդն ընդամենն ընդունվել է աշխատանքի՝ որպես վարորդ, որ գումար հավաքի ու հանձնի իր գլխավորին, որը համապատասխան գումարը թողնում է վարորդին, մնացածը վերցնում է իրեն: Բայց գազի հետ վարորդն ի՞նչ գործ ունի:

Վարորդին պետք է տան մի տալոն, որ ինքը գնա ու այդ տալոնով գազը վերցնի, ուրիշ ոչ մի բան, գնի հետ ի՞նչ գործ ունի վարորդը: Թող վարորդները պայքարեն ոչ թե նրա համար, որ գազի գինն է բարձրացել, այլ, որ իրենց չեն տալիս աշխատանք: Թող այդ երթուղային գծերի սեփականատերերը դուրս գան և պայքարեն գազի թանկացման դեմ, բայց մեզ մոտ սաղ գլխավերև են անում: Իսկ Տրանսպորտի նախարարությունը, ինչպես միշտ, աչքերը փակում է, իրենք երևի շահագրգռված են, որ այդպես լինի, թե չէ՝  Տրանսպորտի նախարարը կամ տեղակալը չգիտի՞՝ ինչ է կատարվում, Աշխատանքային տեսչությունը չգիտի՞՝ ինչ է կատարվում: Շատ լավ էլ բոլորը գիտեն՝ ինչ է կատարվում, տեսնում են, որ անօրինականություններ են, աչքերը փակում են, որովհետև իրենց դա ձեռք է տալիս: Իսկ քաղաքապետարանն էլ ասում է՝ պետք է գները բարձրացնենք»:

Է. Հովհաննիսյանը չի կարող ասել՝ ինչ լուծում կստանա այս հարցը, քաղաքապետարանն արդյոք կընդառաջի՞ երթուղայինների վարորդներին, թե՞ ոչ, արդյոք վերջապես վարորդ-սեփականատեր  հարաբերությունները կկարգավորվե՞ն, թե՞ ոչ:

Ի դեպ, այսօր մենք փորձեցինք խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալ նաև Երևանի Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանից, վերջինս, սակայն, սկզբում հեռախոսազանգերն անջատում էր՝ իմանալով, որ զանգահարողը լրագրող է, ապա սկսեց «մուննաթ գալ», թե՝ չի պատասխանելու հարցերին:  Եվ սա՝ այն դեպքում, երբ նա ի պաշտոնե պարտավոր է տեղեկություններ տրամադրել:

Ի դեպ, տեսակետ կա, որ վարորդներին «ոտքի են հանել» գծատերերը: Հիշեցնենք, որ երթուղային գծեր Երևանում և մարզերում (Երևանը մարզերին կապող) ունեն ՀՀ Տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գևորգյանը (Ծաղիկ Ռուբո), Երևանի Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը (թեև, ըստ նրա հայտարարության՝ գծատերն ինքը չէ, այլ՝ եղբոր ընտանիքը), ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Մարտուն Գրիգորյանը և Հարություն Ղարագյոզյանը, ՀՀԿ-ական պատգամավորներ Նահապետ Գևորգյանը, Հրանտ Գրիգորյանը, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը և այլք:

Ավելացնենք, որ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը որոշ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ զրույցում ասել է, որ գազալցակայաններում թանկացումների պատճառով քաղաքապետարանը չի բարձրացնելու տրանսպորտի սակագինը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս