
Խոդորկովսկին պատրաստ է գլխավորել Ռուսաստանի անցումային կառավարությունը

Bloomberg-ին տված հարցազրույցի ժամանակ «ՅՈՒԿՕՍ» ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին հայտարարել է, որ կարող է գլխավորել անցումային կառավարությունը, եթե պալատական հեղաշրջման արդյունքում գահընկեց արվի Վլադիմիր Պուտինը:
Խոդորկովսկին կարծում է, որ գոյություն ունի 50 տոկոսանոց հավանականություն, որ Պուտինն առաջիկա 10 տարում չի մնա իշխանության ղեկին: Խոդորկովսկին հույսեր է կապում ռուս առաջնորդի մերձակա շրջապատի կողմից հեղաշրջում անելու հետ: Գործարարը կարծում է, որ ընտրությունները չեն հանգեցնի իշխանափոխության.
«Կարծում եմ, որ Պուտինին խնդիրներ կստեղծի նրա իսկ շրջապատը: Ռուսաստանի համար ամենալավ տարբերակը կլիներ հենց դա, որ այդ ամենը տեղի ունենար հենց այդպես և ոչ թե փողոցային բախումների միջոցով, քանի որ պալատական հեղաշրջման ժամանակ թափվում է ավելի քիչ արյուն»:
Խոդորկովսկին այդ սցենարը համարում է քիչ հավանական` ընդգծելով, որ դրա իրագործման դեպքում կկարողանար վերադառնալ Ռուսաստան ու գլխավորել անցումային կառավարությունը, որը կգործի 2-3 տարի` նախքան ազատ ու ժողովրդավարական ընտրությունների անցկացումը: