Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել միայն փաթեթային կարգավորման դեպքում. Մահչուփյան
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը հայտարարել է, թե Թուրքիան որ դեպքում կբացի Հայաստանի հետ սահմանը.
«Թուրքիայի ու Հայաստանի միջև սահմանները կարող են բացվել միայն փաթեթային կարգավորման դեպքում, և դա առնչվում է ինչպես հայ-թուրքական, այնպես էլ` հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը:
2015 թվականի ապրիլի 24-ը շատ խորհրդանշական ժամկետ է, և դրա մոտենալը հայկական միջավայրում առաջացնում է տվյալ հարցի շուրջ արմատականության սրացում: Նրանք դրան մոտենում են ամենաանզիջում դիրքորոշմամբ»:
Մահչուփյանը չի հավատում, որ Թուրքիան կձեռնարկի հայկական կողմի պահանջները գոհացնող ինչ-ինչ գործողություններ. «Հայկական կողմի նման մոտեցմամբ անհնար է Թուրքիայի կողմից ցեղասպանության ու սահմանի բացման հարցում որևէ զիջում»: Նրա խոսքերով` եթե Թուրքիան այնուամենայնիվ ձեռնարկի ինչ-ինչ քայլեր, ապա դա կլինի մեկ տարի անց, որովհետև միայն այդ ժամանակ մարած կլինեն կրքերը:
Նա հիշեցրել է, որ այս տարի պատմության մեջ առաջին անգամ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հանդես է եկել տվյալ հարցի շուրջ ուղերձով, որում նա «ցավակցություն է հայտնել» և մեկդարյա վաղեմություն ունեցող այդ իրադարձությունները որակել է որպես «երկու ժողովուրդների ընդհանուր ցավ»:
Մահչուփյանի խոսքերով` դա որոշակի նշաձող է, որից ներքև թուրքական կողմը չի իջնի ամեն դեպքում: