«Առաջին անգամ պետական մակարդակով խտրականության ինստիտուտ է ներդրվելու աշխատող կանանց և աշխատող տղամարդկանց միջև». Տաթևիկ Դավթյան
Ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամներն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում դեմ արտահայտվեցին մայրության նպաստի մասին օրենքի վերանայված տարբերակին:
Խոսելով այն մասին, թե ինչ հիմնախնդիրներ են իրենք տեսնում ներկայացված օրենքի նախագծում` նախաձեռնության անդամ Տաթևիկ Դավթյանն ասաց, որ օրենքում երկու շատ կարևոր հարցեր միաձուլվել են` մայրության նպաստ և ժամանակավոր անաշխատունակության դիմաց տրվող փոխհատուցում հասկացությունները օրենքը մեկ հասկացության մեջ է տեղավորել և այն կոչել մայրության նպաստ.
«Բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ կանայք, ովքեր աշխատում են և հղիության պատճառով գնում են ժամանակավոր արձակուրդի, իրենք ոչ թե պետության կողմից նպաստ են ստանում, ոչ թե պետության բարի կամքի դրսևորման արդյունքում ինչ-որ գումար են ստանում, այլ դա իրենց արդարացի իրավունքն է, որն ամրագրված է մեր Սահմանադրությամբ և միջազգային տարատեսակ կոնվենցիաներով: Սա շատ կարևոր կետ է, որը մեր Կառավարությունն ուղղակի անտեսում է:Հետևաբար` մենք համարում ենք, որ օրենքը, որտեղ այս երկու հասկացությունները միաձուլված են, որպես պետություն` իրավունք չունենք ընդունելու:
Շատ լավ է, որ մենք չաշխատողներին ուզում ենք նպաստ տալ, բայց այդ նպաստը պիտի առանձին ամրագրվի ու տրամադրվի, և միաժամանակ պիտի պահպանվեն աշխատող կանանց իրավունքները»:
Տ. Դավթյանի խոսքով` երբ օրենքն ամրագրեց, որ նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից ավելի ստացող կանայք կարող են միայն տասնհինգապատիկի չափով փոխհատուցվել և ոչ ավելին, իրենք դրա հետ կապված ևս մի շարք խնդրահարույց կետեր են տեսնում. «Նախ` առաջարկվող տարբերակը չի լուծում այն խնդիրը, որ ի սկզբանե Կառավարությունը դրել էր իր առջև իր հիմնավորումների մեջ` ասելով, թե ծախսարդյունավետության խնդիր ունենք, թե մարդիկ օգտվում են օրենքի որոշակի բացերից և չարաշահումների են գնում:
Բացի այդ` օրենքն ինքը հակասում է այն միջազգային դրույթներին և առաջին անգամ, ըստ էության, պետական մակարդակով խտրականության ինստիտուտ է ներդրվելու աշխատող կանանց և աշխատող տղամարդկանց միջև. երբ կնոջ համար սահմանում ենք շեմ, որից ավելի նա չի փոխհատուցվելու, և այդ շեմը թեկուզ կամավորության սկզբունքով, բայց դնում ենք գործատուի վրա, ապա մենք` որպես պետություն ասում ենք, որ կանայք, որոնք իրականացնում են իրենց կենսաբանական գործառույթը, ինչը տղամարդիկ պարզապես չեն կարող իրականացնել, իրենք ամենևին հավասար չեն աշխատանքային շուկայում տղամարդկանց հետ: Սա ոչ այլ բան է, քան խտրականություն: Արդյունքում ստացվում է, որ մենք միտում ունենք տարիների ընթացքում ավելի հետքայլեր կատարել և դառնալ բոլորովին ապասոցիալական երկիր, որտեղ ընդհանրապես կանանց իրավունքները և մայրացող կանանց իրավունքները չեն հարգվում»:
Եթե օրենքն այնուամենայնիվ ընդունվի, որո՞նք են լինելու նախաձեռնության հետագա քայլերը. լրագրողների այս հարցին անդամներից Մանե Թանդիլյանը պատասխանեց, որ եթե օրենքն ընդունվի այն տեսքով, որով այժմ կա, ապա իրենք նախատեսում են ակցիաներ. «Ինչպես և որտեղ` չեմ կարող ասել, քանի որ այս պահին մենք դեռևս սպասում ենք, տեսնենք, թե վերջնական տարբերակն ինչպիսին կլինի, բայց վստահաբար կլինեն բողոքի ակցիաներ նաև նախագահի նստավայրի մոտ, քանի որ նախագահը վերջիվերջո պիտի վավերացնի օրենքը, ինչպես նաև մենք պիտի աշխատենք տարբեր ուղիներ գտնելու և օրենքի սահմանադրականությունը վիճարկելու ուղղությամբ: Բայց այս ամենն իհարկե այն բանից հետո, երբ օրենքն ընդունվի:
Ես ուղղակի չեմ կարող չասել, որ երբ գեղեցիկ խոսքեր են ասում, թե որևէ հղիացող կին չպետք է տուժի, և հաջորդ խոսքում անմիջապես ասում են` օրենքը քանի՞ հոգու է անդրադառնում՝10, 20, 100, ապա անմիջապես բացահայտում են այն դեմքը, որն ունի մեր Կառավարությունը. նրանց աչքերն իրենց գրպանից այն կողմ չի տեսնում, ոչինչ չի դիտարկում…»:
Աստղիկ Իսկանդարյան