Նորոգվող աշխարհակարգի ստվերում

Օրերս մոսկովյան քաղաքագիտական հաստատություններից մեկում զեկուցմամբ հանդես եկավ գորբաչովյան ժամանակների ԽՍՀՄ արտաքին գործերի փոխնախարար Անատոլի Ադամիշինը: Ի շարս այլևայլ դատողությունների` ասվեց նաև, որ երևի թե միակ ուժը, որը շահագրգիռ չէ ուկրաինական ճգնաժամի շուտափույթ կարգավորմամբ, ԱՄՆ-ն է:

– Իսկ ինչո՞ւ է այդպես, որովհետև,- ասաց Ադամիշինը,- դա հնարավորություն է նախ՝ վերջին տասնամյակներում ԱՄՆ-ի քաղաքականության նկատմամբ վերապահություններ դրսևորած Եվրոպային նորից վերադարձնել «ամերիկյան ուղեծիր», սպառազինությունների շուկայում սահմանափակել ռուսաստանյան արտադրության զենքի վաճառքը՝ փոխարենը հրամցնելով սեփականը, մշտապես արծարծել գազի խնդիրը, ամեն հարմար առիթով հիշեցնելով սեփական թերթաքարային գազի առկայության մասին, առաջին փուլում նույնիսկ ոչ այնքան պրակտիկ գործողություններ ծավալելու առումով, որքան քննարկումների սեղանին մշտամնա և Ռուսաստանին գլխացավ պատճառող խնդիր պահելու մարտավարական նպատակադրմամբ, և այլն:

Ուկրաինական թնջուկի այլազան հետևանքներից մեկն էլ կարող է լինել այն, որ աշխարհաքաղաքական գլոբալ զարգացումներում կուժեղանան Ռուսաստանի՝ դեպի Չինաստան շարժվելու տենդենցները:

Հարկ է նկատել, որ Անատոլի Ադամիշինը որքան էլ` գիտակ, այդուհանդերձ, յուրօրինակ չէ իր դատողություններում: Նման դիտարկումներով հանդես են գալիս բազմաթիվ այլ փորձագետներ ևս, թեպետ դիտանկյուններն այս կամ այն չափով տարբեր են:

Զորօրինակ, ըստ էության ուկրաինական ճգնաժամի դրսևորմամբ ավարտվում է հետսառըպատերազմյան էպոխան, և միջազգային հանրությունը թևակոխում է նոր ժամանակահատված, երբ Ռուսաստանի հետ հարաբերություններում Արևմուտքն այլևս լինելու է ոչ այնքան համագործակցող, որքան մրցակցություն և նույնիսկ կոնֆլիկտայնություն պարտադրող: Ելնելով այն իրողությունից, որ Ռուսաստանի հնարավորություններն այդ մրցակցության համար բավականին համեստ են, սահմանափակ ու անհավասար, դա Հայաստանի անկախ պետականության համար ըստ էության դրսևորվելու է ավելի կոշտ մարտահրավերներով, քան դրսևորվել է մինչև հիմա` պահանջելով միաժամանակյա ավելի ու ավելի զգուշավոր ու մանյովրային քաղաքականություն: Հետևաբար, արդեն իսկ կա սեփական ռեսուրսները վերատեսության ենթարկելու և դրանք առավելագույնս տեղին գործածելու պահանջ:

Այն, որ այսօր Ռուսաստանի չափաբաժինը համաշխարհային ՀՆԱ-ի մեջ կազմում է ընդամենը 2,5 տոկոս, ԱՄՆ-ի և Եվրամիության՝ յուրաքանչյուրի 25 տոկոսի նկատմամբ, այն, որ համաշխարհային առևտրի 34 տոկոսը իրականացվում է ԱՄՆ դոլարով, 31 տոկոսը` եվրոյով, 2,5-ը` չինական յուանով, և ընդամենը 0.5 տոկոսը` ռուսական ռուբլիով, հնարավոր զարգացումներին տալիս է բավականին մեծ կանխատեսելիություն, սակայն, այդուհանդերձ, բացառված չեն կտրուկ գործողություններ, որոնց «ընդառաջ» հնարավոր է ձեռնարկել նվազագույն կորուստներով իրավիճակները հաղթահարելու մարտավարություն:

Նոր իրողությունները շարունակական մարտահրավերներ են նախևառաջ` Ռուսաստանի համար, որն ի պատասխան` կարող է դիմել կտրուկ և ոչ խորը փորձագիտական քննարկման ենթարկված քայլերի, ինչը ժամանակին դիտարկել է նաև Օտտո ֆոն Բիսմարկը, ասելով, թե «ամենամանրակրկիտ մտածված գործողություններն անգամ ռուսները կարող են տապալել միգ չկանխատեսված հիմարությամբ»:
Սակայն մարտահրավերների լրջության աստիճանն ավելի մեծ է, քան ընկալվում է առաջին հայացքից, և ռուսաստանյան քաղաքականության նկատմամբ արդի վերապահություններն են ավելի խորքային, ինչը Ռուսաստանի նկատմամբ հարուցելու է հետևողական մոտեցումներ: Արևմտյան փորձագիտական շրջանակների մատուցմամբ, Ռուսաստանը ոտնձգություն է կատարում առկա ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ նկատմամբ, ու եթե նրան դա թույլատրվի, ապա ավելի ուժեղները կվարվեն նույն կերպ:

Սա, ամենայն հավանականությամբ, թնջուկ է, որը հաղթահարելու ձևերի և, առավելևս, կոնկրետ արդյունքների մասին այսօր դեռևս դժվար է խոսել:
Ինչևիցե, առարկայանում են նոր իրողություններ, ձևավորվում են նոր մարտահրավերներ, որոշակիորեն դիտարկելի են նոր միտումները, և դրանց հետ հարկավոր է աշխատել: Առանձնացնենք երկուսը, որոնք, անուղղակիորեն թեկուզ, կարևոր են Հայաստանի կենսական շահերի համար:

Միտում համար մեկ. Ռուսաստանի՝ Չինաստանի հետ մերձենալու հանգամանքը դառնում է ոչ միայն իրական, այլև որոշակիորեն դիտարկելի նույնիսկ դետալների մեջ: Ընդ որում, առկա միջազգային տենդենցների դինամիկայի, ֆինանսատնտեսական արդի կարողությունների, դեմոգրաֆիկ զարգացումների, հավակնությունների ու հնարավորությունների համադրման կոնտեքստում ամենևին էլ Ռուսաստանը չէ, որ լինելու է ավագ եղբոր դերում, ինչպես Երկրորդ աշխարհամարտից հետո էր մի քանի տասնամյակ: Այլևս ԱՄՆ-ի և նրա ազդեցությունն օրըստօրե ավելի ու ավելի ընդունող Եվրոպայի հետ «անհաշտ» Ռուսաստանի համար Չինաստանը կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում դիրքերն ամբողջությամբ չկորցնելու հուսալի հենարան է: Սա հասկանում են Մոսկվայում, սա, վստահ եմ, որ հասկանում են նաև Երևանում, հետևաբար` առկա է ստեղծագործ աշխատանքի ճակատ:

Միտում համար երկու. ԱՄՆ-ը և Արևմուտքն ընդհանրապես, ոչ միայն նկատելիորեն մեղմել են իրենց վերաբերմունքն Իրանի նկատմամբ, այլև արդեն տեսանելի են համագործակցության որոշակի թավ ուրվագծեր: Հանգամանք, որը բարձրացնում է Իրանի դերը ոչ միայն` որպես աշխարհում գազի խոշորագույն պաշարներն ունեցող երկրի ու գազի պոտենցիալ մատակարարի, այլև ռեգիոնալ խաղացողի, ում` խաղին մասնակցելու իր կանոնները հարգվելու են: Տարբեր գնահատումներ կան, բայց համարվում է, որ Իրանի հետ կապերը խզելու պատճառով արևմտյան բիզնեսը կորցրել է 175 միլիարդ դոլար, տեղը զիջելով ռուսաստանյան և չինական ոլորտային ընկերություններին:

Ինքը՝ Իրանը, Արևմուտքի հետ դիմակայության սուր դրսևորումների ֆոնին անգամ, երբեք չի որդեգրել սեփական դերակատարությունը սահմանափակելու քաղաքականություն, ինչն առավելևս չի անելու առաջիկայում: Սա նշանակում է, որ նոր մարտահրավերներ դիմագրավող Ռուսաստանն ավելի է հակված լինելու հաշվի նստել Իրանի հետ, իսկ արևմտյան «բարեհաճությունն» այդ ֆոնին Իրանի նկատմամբ առնվազն չի նվազելու: Հետևաբար, Իրանի դեպքում ևս դինամիկայի մեջ նորացվող մոտեցումներ են պահանջվելու Հայաստանից: Իսկ սա ոչ միայն պետք է տեսնել ու հասկանալ, այլև նախաձեռնել ու գործել:

Վերոնշյալը ցույց է տալիս, որ ոչ հեռավոր ապագայում արդեն Հայաստանի արտաքին քաղաքականությունը գոնե ոչ-պաշտոնական մակարդակում որոշակիորեն պետք է ձեռք բերի նախաձեռնողականություն և ստեղծագործականություն, ինչը, իհարկե, չի բացառում ճիշտ դոզավորմամբ և ճիշտ պահին, առկա մարդկային և ինտելեկտուալ ռեսուրսների գործադրմամբ, նաև կիսապաշտոնական և պաշտոնական շրջանակների ակտիվություն:

Բոլոր դեպքերում, պետք է արձանագրել, որ կա Ռուսաստանի հետ դիմակայությունից զերծ միջազգային խաղի երկու մասնակից, գլոբալ, ռեգիոնալ էական դերակատարությամբ, որոնց հետ առնվազն կիսապաշտոնական կամ ոչ-պաշտոնական ինստիտուտների միջոցով անհրաժեշտ է ինտենսիվ աշխատանք կատարել, եթե նույնիսկ գեոպոլիտիկ զարգացումների այս փուլում, այս կամ այն պատճառով ցանկալի կամ հնարավոր չէ պաշտոնական շրջանակների բացահայտ ընդգրկվածություն:

Պաշտոնական իներտության ֆոնին ներազգային աշխատանքի բաժանումը, ինչպես նաև պատասխանատվության դաշտերի բաշխումը մասնագիտացած շրջանակների և լուրջ կառույցների, երբեմն` անհատների միջև, կարող է բավականին արդյունավետ լինել, եթե հստակություն լինի նպատակային օրակարգի հարցում:

Հետևաբար, առաջնային կարող է դիտարկվել երկու հարց.
ա) ովքեր և ինչպես են լինելու ոչ-պաշտոնական կամ կիսապաշտոնական դերակատարները, որովհետև այդ հարցում հենքային են լրջության, փորձառության և պատասխանատվության հանգամանքները՝ տարվելիք զգուշավոր և արդյունավետության միտված աշխատանքի համար:
բ) ինչ հարցեր պիտի բերվեն հայ-չինական և հայ-իրանական օրակարգեր, որպեսզի դրանք ուղղակիորեն կամ կողմնակիորեն շոշափեն ոչ միայն արդի բազմամարտահրավեր զարգացումներում Հայաստանի ազգային անվտանգության հետ սերտորեն առնչվող խնդիրներ, այլև հետաքրքրություն ներկայացնեն պարտնյորների համար:

Այս հարցերում ոչ արդյունավետ աշխատանքը ոչ հեռավոր ապագայում արդեն կառաջացնի ավելի բարդ խնդիրների դիմագրավելու անհրաժեշտություն, իսկ նպատակաուղղված աշխատանքն էապես կմեծացնի սպառնալիքներից պաշտպանված լինելու պոտենցիալը: Այսպես որոշակիորեն կընդլայնվի այն մանյովրային դաշտը, որում Հայաստանը կարող է գործել` չհակադրվելով մեր տարածաշրջանում հարցերին վերջնական լուծումներ տալու ունակ գլոբալ ուժերին, պահպանելով կամ վերականգնելով համագործակցության մակարդակն այն շրջանակների հետ, որոնք կարող են զարգացման ծրագրեր առաջարկել և, իհարկե, պատրաստվել այն տեկտոնիկ տեղաշարժերին, որոնց արդյունքում առաջիկա տասնամյակների համար կառարկայանա նորոգվող, գուցե նորացվող աշխարհակարգը:

 

Տեսանյութեր

Լրահոս