Ասատուր Սարաֆյան կամ Օսկար Բենքեր. Մեքենայի փոխանցման տուփի և բազմաթիվ այլ գյուտերի հայազգի հեղինակը
Ասատուր Սարաֆյանը (Asatour Sarafian), նույն ինքը` Օսկար Բենքերը (Oscar H. Banker) ծնվել է 1895թ. Օսմանյան կայսրությունում: Բարեբախտաբար, Սարաֆյան ընտանիքին հաջողվում է ողջ մնալ Համիդյան կոտորածների, հայերի մասսայական սպանությունների ժամանակ, որոնք կազմակերպվել էին ամբողջ Օսմանյան կայսրության տարածքում 1894-1896-ին: Բայց փոքրիկ Ասատուրը հանկարծակի հիվանդանում է, և ոչ ոք հույս չուներ, որ նա ողջ կմնա, որովհետև մայրը հոգեկան խանգարում էր ստացել կոտորածների ժամանակ և ի վիճակի չէր հոգ տանել երեխայի մասին: Տղային փրկում է հայրը, ով այծի կրծքի օգնությամբ երեխային խաղողի հյութ է խմեցնում: Վերջիվերջո, երեխան լիովին ապաքինվում է:
Պատանեկության տարիներին Ասատուրին հաջողվում է հեռանալ Օսմանյան կայսրությունից: Նա տեղափոխվում է օվկիանոսից այն կողմ և հաստատվում Չիկագոյում:
Հայտնվելով Էլլիս կղզում (Ellis Island)` 20-րդ դարի առաջին կեսի ամենամեծ թվով ներգաղթողներ ունեցող կետում, նա փոխում է իր անունը` Օսկար Բենքեր, և փորձում է աշխատանքի անցնել գործիքների խանութում, որտեղ նա շուտով նախագծում է սղոցների սայրերի սրման գործիքը: Իր առաջին հայտնագործություններից հետո Բենքերն իր կյանքը նվիրաբերում է գյուտարարությանը: 1931 թվականին 1.795.464 համարով նա արտոնագրում է իր այս գյուտը: Տարիների քրտնաջան աշխատանքի և ինժեներ գործընկերների հետ 8-ամյա պայքարի արդյունքում Բենքերի հայտնագործած ավտոմատ փոխանցման տուփը 1940թ. ներդրվում է «General Motors»-ի հայտնի «Oldsmobile Hydramatik» փոխանցման տուփի հիմքում: Արդյունքում նոր փոխանցման տուփերը դառնում են ավելի անվտանգ և դիմացկուն` նախագծված ստանդարտացված փոփոխման հերթափոխով:
Նույն Բենքեր-Սարաֆյանին են պատկանում ավտոսիրողներին քաջ հայտնի բենզինային պոմպի (արտոնագրված 1961 թվականին` թիվ 2.977.862 արտոնագրով), ինչպես նաև ավտոյուղի չափիչի (արտոնագրված 1957 թվականին` թիվ 2.977.813 արտոնագրով) գյուտերը:
ԱՄՆ կառավարության կողմից Ասատուր Սարաֆյան-Բենքերի ամենաարժեքավոր հայտնագործություններ են համարվել ուղղաթիռի տրանսմիսիայի` Սիկորսկու շարժիչի փոխանցման տուփը (արտոնագրված 1949 թվականին` թիվ 2.492.831 արտոնագրով) և գունավոր տպագրության սարքը (արտոնագրված 1932 թվականին` թիվ 1.879.597 արտոնագրով): Բենքերի հիմնական ուշադրությունը սևեռված էր ավիացիոն մեխանիզմի վրա: Նա աշխատում էր առաջին փորձարարական Սիկորսկու ուղղաթիռի վրա, որը երկինք բարձրացավ 1939թ.-ին: Սիկորսկու և Բենքերի համատեղ հայտնագործությունները հանգեցրին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ուղղաթիռների մասսայական արտադրության:
Բենքերին են պատկանում նաև ավտոմեքենաների բենզինի պոմպի և ավտոյուղի չափիչի գյուտերը:
1968թ. Օսկար Բենքերը ստեղծում և արտոնագրում է նաև առաջին պնևմատիկ, առանց ասեղի ներարկիչը, որն այժմ օգտագործվում է ամբողջ աշխարհում պատվաստման նպատակով: Ժամում 2000 ներարկում կատարող սարքը բժշկության ոլորտում մեծ տարածում է ձեռք բերում: Երբ Գրենադա կղզում համաճարակ է տարածվում, Բենքերի ներարկիչներն արտադրող «Med-E-Jet»-ը ներարկիչներ է նվիրաբերում կղզուն, ինչի շնորհիվ համաճարակը կանգնեցվում է: 1979թ. օգոստոսի 2-ին Գրենադայում հրապարակվում են Բենքերին նվիրված փոստային դրոշմանիշներ` ի պատիվ գյուտարարի, որը փրկել է բազմաթիվ մարդկային կյանքեր:
1983թ. հրապարակվում են Օսկար Բենքերի հուշերը` վերնագրված` «Ամերիկյան գյուտարարի երազանքներն ու պատերազմները. մի ներգաղթյալի ռոմանս», որում նա խոստովանում է, որ Ամերիկան շարունակում է մնալ` որպես մեծ հնարավորությունների երկիր:
Վերջիվերջո, Օսկար Բենքերը դարձավ հայտնի որպես մարդ, որը կերտեց Ռալֆ Նայդերին: Նայդերը` ամերիկացի ամենահայտնի ակտիվիստը, իր անունը կերտեց մեքենա արտադրող ընկերությունների դեմ դատական պրոցեսների ընթացքում և «Վտանգավոր է ցանկացած արագությամբ» գրքի շնորհիվ, որն ամերիկյան մեքենաարտադրության անվտանգության խնդրին վերաբերող առաջին մանրամասն հետաքննությունն էր` հասանելի հանրության լայն մասսաներին: Ի դեպ, Նայդերն իր հետաքննության մեջ հիշատակում է նաև Բենքերին:
Օսկար Բենկերը մահացել է Քլիվլենդում 1979թ.` 83 տարեկան հասակում: Նրա որդին կրում էր հոր անունը` Օսկար Բենքեր կրտսեր:
Բենքեր-Սարաֆյանի արտոնագրած գյուտերն են`
- Band Saw Sharpener U.S. Patent Number 1,634,281, filing date: 3 March 1924, issue date: 5 July 1927.
- Change Speed Transmission U.S. Patent Number 1,985,884, filing date: 14 December 1932, issue date: 1 January 1935.
- Change Speed Transmission Mechanism U.S. Patent Number 2,198,072, filing date: 31 May 1934, issue date: 23 April 1940.
- Automatic Transmission U.S. Patent 2,199,095, filing date: 18 October 1934, issue date: 30 April 1940
- Gun Type Inoculator U.S. Patent Number 3,518,990, filing date: 2 May 1968, issue date: 7 July 1970.
- Self-cleaning Apparatus for Purifying Sea Water by Distillation U.S. Patent Number 2,735,807, filing date: 20 October 1951, issue date: 21 February 1956.
- Change-Speed Gearing for Aircraft Propellers U.S. Patent Number 2,348,716, filing date: 15 May 1941, issue date: 16 May 1944.
- Power-steering Mechanism U.S. Patent Number 2,977,813, filing date: 13 April 1955, issue date: 4 April 1961.
- Relief Valve for High Pressures U.S. Patent Number 2,989,072, filing date: 24 April 1959, issue date: 20 June 1961.
- Automatic Light Switch and Battery Disconnect U.S. Patent Number 3,963,941, filing date: 16 April 1975, issue date: 15 June 1976.
- Inking Mechanism for Multicolor Printing Press U.S. Patent Number 2,022,840, filing date: 7 July 1927, issue date: 3 December 1935:
Պատրաստեց ՌԱԶՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ