Սոս Գիմիշյան. Սուրիկ Խաչատրյանին նշանակելով՝ իշխանությունն ասաց՝ «մենք թքած ունենք ամբողջ ժողովրդի վրա»
«Շատ ծանր սխալ է թույլ տվել պետությունը, չէր կարելի այդպիսի քայլի գնալ, դրան գնահատական տալը շատ դժվար է, բացասական»,- 168.am-ի հետ զրուցում՝ խոսելով Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետ վերանշանակելու որոշման մասին՝ ասաց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:
Նա նկատեց, որ Սուրիկ Խաչատրյանը բազմաթիվ խնդիրներ ուներ «օրենքի» հետ, և այս ամբողջ աղմուկը, ժողովրդի տրամադրվածությունը չէր կարելի անտեսել. «Սա իշխանությունների կողմից պարզապես կարելի է լկտի քայլ համարել: Անտեսել ժողովրդին, երկիրը, կարգը, կանոնը, օրենսդրությունը, Սահմանադրությունը՝ ո՞նց կարելի է: Ի՞նչ է, այլ մարդ չկա՞ր, որ նշանակեին: Իհարկե, կար, բայց իշխանությունը, փաստացի, այս քայլով ասաց՝ «մենք թքած ունենք ամբողջ ժողովրդի վրա, մենք անտեսում ենք օրենքները, կարգը, կանոնը, Քրեական օրենսգիրքը, ոչ մի բան մեզ համար նշանակություն չունի»:
Իրենց համար նշանակություն ունի միայն մի բան, որ իրենք հանցագործներով պետք է իշխեն և իշխեն այնքան, ինչքան ուզեն»:
Ս. Գիմիշյանը կարծում է, որ իշխանությունը ինքն իր դեմ է գործել՝ Ս.Խաչատրյանին նշանակելով: Ըստ նրա՝ կարելի էր Ս.Խաչատրյանին մեկ այլ պաշտոնի նշանակել, մեկ այլ գործ, հնարավորություն տալ, բայց հենց նույն տեղում նշանակելը, խոսում է այն մասին, որ նրանք «թքած ունեն» հանրության կարծիքի վրա:
Ս. Գիմիշյանի խոսքով՝ կան հազարավոր մարդիկ Հայաստանում, որ կարող են նախագահ լինել, իսկ մարզպետ՝ տասնյակ հազարավոր. «Չկա՞ ուրիշ մարդ: Հազարավոր կարգին հայ զավակներ կան, որ կարող են նախագահ լինել, մարզպե՞տն ինչ է: Այդ ի՞նչ գործ է որ: Խի մարզպետը գործ ունի՞: Մարզպետների համակարգն ընդհանրապես պետք է վերացնել երկրից: Պետք է վերականգնել տեղական ինքնակառավարման երկրորդ մակարդակը, իսկ մարզպետարանները՝ վերացնել՝ որպես անպիտան, անօգուտ, ժողովրդին չծառայող, հակաժողովրդական կառույց:
Այդ խնդիրն ակնհայտ է, բազմաթիվ անգամ այս հարցը բարձրացրել ենք, բայց հասկանում ենք՝ հարցը ոչ մարզպետն է, ոչ մարզպետարանի էությունն է, այլ այն, որ նույն մարդուն նույն տեղը նշանակել, նշանակում է ամբողջ ժողովրդին անտեսել: Իշխանությունը, ինքն իր պատվի մասին մտածելով՝ այսպիսի բան պետք է չաներ: Թող շատ ավելի լավ գործ տար նրան, բայց մեկ այլ տեղ»: