Որ կիբեռհանցագործություններն են տարածված Հայաստանում

2013-2014թթ. ընթացքում Հայաստանում արձանագրվել է կիբեռհանցագործության 103 դեպք: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ Տիգրան Պետրոսյանը՝ նշելով.

«Համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակության 52 դեպք է արձանագրվել, համակարգչային տեղեկատվության համակարգ առանց թույլտվության ներթափանցելու՝ 1 դեպք, համակարգչային տեղեկատվությունը փոփոխելու՝ 1 դեպք, համակարգչային սաբոտաժի՝ 9 դեպք, համակարգչային տեղեկատվությանն աօպրինի տիրանալու՝ 11 դեպք, վնասաբար ծրագրեր մշակելու, օգտագործելու և տարածելու՝ 8 դեպք: 2013թ. 2 դեպք արձանագրվել է նաև համակարգչային համակարգի միջոցով մանկական պոռնոգրաֆիա ներկայացնելու կամ պահպանելու վերաբերյալ:

Արձանագրվել են նաև համակարգչային տեխնիկայի կիրառմամբ մի շարք այնպիսի հանցագործություններ, որոնցից են, օրինյակ, շորթումը, խարդախությունը, պոռնկագրական նյութեր տարածելը կամ անառակաբարո գործողություններ կատարելը: Այս հանցատեսակները նույնպես Հայաստանում վերջին ժամանակներս գտել են որոշակի տարածում, և դրանք հիմնականում կատարվում են նախօրոք մշակված, հղկված մեխանիզմների, ձևերի միջոցով»:

Ներկայացնելով նման հանցագործություների եղանկաներից մի քանիսը՝ Տ. Պետրոսյանն առանձնացրեց գործարար նամակագրությանը միջամտելը. «Դա ընդունված ձև է: Վերջին ժամանակներս ունենք մի քանի դեպքեր, երբ երկու գործարարներ տարբեր երկրներում էլեկտրոնային նամակագրության միջոցով փորձում են ինչ-որ պայմանավորվածություն ձեռք բերել գործարքի վերաբերյալ, և երրորդ անձը՝ փաստացի ապօրինի հասանելիություն ստանալով այդ էլեկտրոնային նամակների բովանդակությանը, ստեղծում է նմանակ էլեկտրոնային փոստի հասցեներ, և ինքն է արդեն սկսում նամակագրություն վարել երկու կողմերի հետ: Եվ երբ հերթը հասնում է արդեն գործարքի ավարտին, փողը փոխանցելուն, ապա տրամադրում է արդեն իր հաշվեհամարը և գումարները փոխանցվում են ոչ թե հաջորդ կողմին՝ գործարարին, այլ փոխանցվում են հանցավորի հաշվեհամարին: Սա տարածված ձև է ամբողջ աշխարհում, և նորից Հայաստանը անմասն չէ»:

Տեսանյութեր

Լրահոս