Ո՞ւմ հրաժարականը կպահանջի Ծառուկյանը

Երեկ հայտնի դարձավ, որ ոչ իշխանական ուժերից բաղկացած քառյակը դառնում է եռյակ: Դաշնակցությունը չի մասնակցելու հոկտեմբերի 10-ի հանրահավաքին՝ սահմանադրական բարեփոխումների շուրջ մյուս երեք ուժերի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: Այսպիսով, այդ հանրահավաքը՝ թեժ աշնան կուլմինացիա ենթադրող հանրահավաքը, կազմակերպելու են ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և «Ժառանգությունը»: Եռյակի ներկայացուցիչների կողմից արդեն իսկ հնչող հայտարարություններից կարելի է ենթադրել, որ հանրահավաքի հիմնական ասելիքը վերաբերելու է իշխանություններին ներկայացրած 12 պահանջների կատարմանը և սահմանադրական փոփոխություններին:

Ասելիքը՝ ասելիք, սակայն տակավին անհայտ են ասելիքից հետո եռյակի հնարավոր անելիքները: Որովհետև եռյակը՝ եռյակ, բայց հանրահավաքն իրականում ԲՀԿ-ի հանրահավաքն է, քանի որ ՀԱԿ-ի անդամներն իրենք են ամենուր հայտարարում, որ միայնակ՝ առանց ԲՀԿ-ի, մի քանի հարյուրից ավելի մարդ չեն կարողանում հավաքել հանրահավաքներին, իսկ «Ժառանգությունը» վերջին անգամ հանրահավաք է անցկացրել ընդամենը մի քանի տասնյակ մասնակիցներով:

Այսպիսով, եթե հանրահավաքը հանրահավաքի նման եղավ, ապա դա լինելու է ԲՀԿ-ի շնորհիվ, հետևաբար՝ ԲՀԿ-ն էլ ասելու է ասելիքը: Քառյակի ներկայացրած 12 պահանջներից որևէ մեկը հենց քառյակի ներկայացուցիչների գնահատմամբ չի կատարվել: Հետևաբար, եթե քառյակն այդ պահանջների կատարման գնահատականը դարձնում է հանրահավաքի առանցքային հարցերից մեկը, ապա այդ մասին հայտարարելուց հետո պետք է պահանջի կառավարության հրաժարականը:

Բայց ամբողջ խնդիրն այն է, որ եռյակը չի կարող պահանջել կառավարության հրաժարականը՝ առանց վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի, ինչը պահանջել, առնվազն ԲՀԿ-ն, չի կարող:

Հետևաբար՝ չեն կարող նաև ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը»: Սահմանադրական բարեփոխումների հետ կապված էլ հանրահավաքի ընթացքում հնչելու են գնահատականներ այն մասին, որ այդպիսով իշխանությունը ցանկանում է վերարտադրվել, որ Սերժ Սարգսյանն այդ փոփոխությունների միջոցով ցանկանում է հավերժացնել իր իշխանությունը: Ո՞րը պետք է լինի դրանից հետո այդ հայտարարությունների հեղինակների հաջորդ քայլը:

«Նախագահի հրաժարականի պահանջն ու դրան ուղղված գործողությունները»,- կասի անգամ քաղաքականությունից հեռու ցանկացած մեկը: Իսկ կարո՞ղ է արդյոք ԲՀԿ-ն պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը: Կյանքը և ԲՀԿ-ականների զգուշավորությունը ցույց է տվել, որ՝ ոչ: Ավելին, եթե ԲՀԿ-ն ընտրության առաջ կանգնի՝ ո՞ւմ հրաժարականը պահանջել՝ Սերժ Սարգսյանի՞, թե՞ Հովիկ Աբրահամյանի, մեծ հավանականությամբ՝ կընտրի երկրորդ տարբերակը:

Այսպիսով արդեն եռյակի վերածված կամ վերածվող քառյակը գնում է հանրահավաքի՝ առանց դրանից բխող հիմնական գործողություններին պատրաստ լինելու: Հնարավոր է, իհարկե, որ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունն» ընդվզեն, պնդեն կառավարության ու նախագահի հրաժարականի պահանջները միասնաբար ներկայացնելու անհրաժեշտությունը: Բայց այդ դեպքում ԲՀԿ-ն, ինչպես ՀԱԿ-ին, այնպես էլ՝ «Ժառանգությանը» ցույց կտա դռան տեղը: Եվ կշարունակի ընդհանուր առմամբ իշխանություննների դեմ պայքարը՝ թեկուզ միայնակ: ՀԱԿ-ը, վերջին շրջանում՝ մասամբ նաև «Ժառանգությունն» են ԲՀԿ-ին դարձրել ընդդիմության դոմինանտ ուժ այն դեպքում, երբ ԲՀԿ-ն իրեն անգամ ընդդիմություն չի անվանում:

Հենց ՀԱԿ-ի ու «Ժառանգության» անդամներն են ոգևորված ու հիացած ընթերցում Գագիկ Ծառուկյանի հարցազրույցներն ու դրանցում արտահայտված ամեն մի բառը ներկայացնում՝ որպես քաղաքական մտքի փայլատակում: Արդյունքում՝ հիմա նրանք հայտնվել են այնպիսի վիճակում, որ ստիպված են կամ հետևել ԲՀԿ-ի թելադրանքին ու սպասել, թե ո՞ւմ հրաժարականը կպահանջի Գագիկ Ծառուկյանը, կամ հրաժեշտ տալ քառյակ/եռյակին, այսինքն՝ հայտնվել լուսանցքում:

 

Տեսանյութեր

Լրահոս