«Առկա են շատ ավելի լուրջ հարցեր և դժվարություններ, քան սահմանադրական բարեփոխումներն են»
Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդների Միության կոնֆերանսում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդների Միության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանն իր ելույթում անդրադարձել է սահմանադրական բարեփոխումներին:
«Ակնհայտ է, որ մեր երկիրը գտնվում է այնպիսի փուլում, որը լի է վտանգներով և անթույլատրելի այնպիսի տնտեսության համար, ինչպիսին մեր տնտեսությունն է:
Մեր քննարկման նպատակն է վերլուծությունների, համապարփակ և մասնագիտական հետազոտությունների արդյունքում գտնել և առաջարկել ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության և նրա նախագահ Գագիկ Ծառուկյանի համար երկրում ստեղծված խնդիրները մշտապես եղել են և կմնան առաջնային ուշադրության կենտրոնում:
Ծանոթանալով պաշտոնական վիճակագրությանը ականատես ենք լինում մտահոգիչ ցուցանիշների, այն՝ վերջին տարիներին աղքատության մեջ ապրող մեր հայրենակիցների թիվը զգալիորեն աճում է՝ մոտենալով 40 տոկոսանոց շեմին: Երկրում համատարած տիրում է արտագաղթը, աշխատատեղերի բացակայությունն ու անարդարության մթնոլորտը:
Խոսվում է Սահանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին: Սակայն մինչ դրա անհրաժեշտ կամ ոչ անհրաժեշտ լինելը, անհրաժեշտ է պարզել, արդյո՞ք աղքատության ցուցանիշի աճող պայմաններում, արտագաղթի թվերի աճող պայմաններում, գործազրկության ցուցանիշների աճող պայմաններում և մի շարք այլ չակերտավոր պայմաններում, որում հայտնվել է մեր պետությունն ու քաղաքացին անհրաժեշտ է Սահմանադրական բարեփոխումներ իրականացնել:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծամասնությունը կփաստի, որ առկա են շատ ավելի լուրջ հարցեր և դժվարություններ, քան Սահմանադրական բարեփոխումներն են:
Առհասարակ, Սահմանադրական փոփոխություններ որպես կանոն միջազգային պրակտիկայում արվում է ոչ հաճախ և դրա համար ընտրվում է այնպիսի ժամանակաշրջան, որը չի խաթարում պետության բնականոն կենսագործունեությանը, կամ, երբ ստեղծվել է այնպիսի վտանգ, որն անհրաժեշտ է կասեցնել պետության և պետականությանն անմիջական սպառնացող որևէ վտանգը:
Սակայն իրականությունն այլ է, իսկ ավելի կոնկրետ, առկա են գլոբալ հիմնահարցեր, որոնցից ամենամտահոգիչներից է արտագաղթը:
Այս համատեքստում վիճակագրական տվյալները կրկին փաստում են, որ արտագաղթի տեմպերը նվազելու միտում չունեն, ավելին՝ մեկնողների թիվն օրեցօր աճում է:
Նմանօրինակ զարգացումները հղի են լրջագույն վտանգներով, որոնք ինչպես նաև սպառնում են Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորմանը:
Մեզ համար սկզբունքային է եղել երիտասարդի հոգեկերտվածքում ներարկել ազգասիրության և հայրենասիրության այն չափաբաժինը, որը պետք է ունենա յուրաքանչյուր հայորդի, յուրաքանչյուր երիտասարդ, ով գիտակցում է, որ անհրաժեշտ է լինել զգոն և պատրաստ յուրաքանչյուր վտանգի:
Վերջին տարիներին երիտասարդության ինքնագիտակցության բարձրացման արդյունքում, քաղաքացիական մի շարք նախաձեռնություններ ծնվեցին, որոք նոր խոսք և, իհարկե, ադեկվատ գործողությունների առիթ հանդիսացան:
Մեր երկրում արդարության մթնոլորտի բացակայության, դրա պետական երաշխիքների մասին կարելի է երկար ծավալվել, որովհետև ամեն օր մենք առնչվում ենք նման իրականության հետ:
Անարդարության մթնոլորտի վերականգնման, ճգնաժամից ելքեր գտնելու աշխատանքներ ծավալելով՝ համագործակցում ենք կուսակցությունների երիտասարդական կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների, ուսանողական միավորումների և առողջ մտքեր և գաղափարներ ունեցող ցանկացած մարդու հետ:
Լավագույնս տեսանելի է կուսակցությունների երիտասարդական կազմակերպությունների հետ համագործակցությունը, երբ կրելով իրարից հաճախ տարբեր գաղափարախոսություններ, բայց այդուհանդերձ հանուն մեկ գաղափարի, ժողովրդի և պետականության բարեկեցության նպատակով, արդյունավետ քննարկումներ ենք ծավալում աշխատանքային մեկ սեղանի շուրջ:
Հենց երիտասարդներն են, որ հանդիսանում են երկրի շարժիչ ուժը, որն ըստ անհրաժեշտության կարող է համախմբվելով հաղթահարել յուրաքանչյուր մարտահրավեր:
Այս սրահում ներկա են հենց այդպիսի երիտասարդներ:
Հայաստանի Հանրապետությունում փաստ է, որ նվազագույն աշխատավարձով ձևավորվող, նվազագույն սպառողական զամբյուղը չի կարող բավարար լինել մարդու արժանապատիվ ապրելակերպի և պետության հանդեպ իր ունեցած պարտականություններն ու իրավունքները կիրառելու համար:
Մեր երկիրը կանգնած է ներքին և արտաքին մի շարք մարտահրավերների առջև, սակայն յուրաքանչյուրի համար ակնհայտ է, որ առաջնային պետք է արժանապատիվ հակահարված տալ ներքին մարտահրավերներին, որպեսզի բավարար ուժ և հնարավորություն ունենանք հաղթահարելու նաև արտաքին մարտահրավերները:
Միասին ունակ ենք կասեցնելու ցանկացած վտանգ, մենք պարտավոր ենք դա անել և վստահ եղեք, որ կանենք»,- ասել է նա իր ելույթում: