Քաղբանտարկյալների թվով ՌԴ-ին ու Բելառուսին գերազանցող փոքր Ադրբեջանի դեմ ցայժմ չեն սահմանվել պատժամիջոցներ. Կրամեր
«Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Դևիդ Կրամերը վրդովեցուցիչ է որակել Ադրբեջանում մարդու իրավունքների շուրջ տիրող իրավիճակը և կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի կառավարության դեմ:
Նա ընդգծել է, որ չի հասկանում նրա պատճառը, որ պատժամիջոցներ են սահմանվում Բելառուսի ու Ռուսաստանի դեմ, ուր քաղբանտարկյալների թիվն ավելի պակաս է՝ համեմատած Ադրբեջանի հետ, մինչդեռ Ադրբեջանի կառավարության դեմ դեռ չեն սահմանվել պատժամիջոցներ:
Կրամերի խոսքերով՝ Ադրբեջանի իշխանությունների վարած քաղաքականությունը երկիրը հեռացնում է այն արժեքներից, որոնցով առաջնորդվում են ԱՄՆ-ն ու Եվրոպան. «Մենք ականատես ենք լինում անկախություն ձեռք բերելուց հետո Ադրբեջանում այլակարծների նկատմամբ կիրառվող ամենաուժեղ հալածանքներին:
Ինձ թվում է, թե դա կապված է շփման գծի լարվածության հետ: Իշխանությունները չարաշահում են շփման գծի լարվածությունը և ընդլայնում են ճնշումը երկրի ներսում: Իրավապաշտպաններին ու ակտիվիստներին մեղադրում են Հայաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ: Կալանավորվածների թիվն աճում է, և դա սարսափելի է»:
Կրամերը կարծում է, որ ժամանակն է, որպեսզի ԱՄՆ կոնգրեսը պատժամիջոցներ սահմանի ինչպես ադրբեջանցի առանձին պաշտոնյաների, այնպես էլ՝ ընդհանրապես Ադրբեջանի դեմ. «2012 թվականին ռուս պաշտոնյաների դեմ ընդունվեց Մագնիտսկու ակտը: Բելառուսում գոյություն ունի ընդամենը 9-10 քաղբանտարկյալ, իսկ Ռուսաստանում նրանց թիվը չի գերազանցում 45-ը:
Իսկ ահա համեմատաբար ավելի փոքրիկ Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը վաղուց գերազանցել է 100-ի սահմանագիծը: Ժամանակն է ուշադրություն դարձնել Ադրբեջանի վրա: Մարդու իրավունքների խախտումներում ներգրավված ադրեջանցի պաշտոնյաների հանդեպ պետք է կազմվի Մագնիտսկու ցուցակ:
Դժբախտաբար, Ադրբեջանն ինքն էլ է դառնում այդ ցուցակում ընդգրկվելու թեկնածու: Կրեմլը վատ օրինակի է վերածվել հետխորհրդային ողջ տիրույթի համար, սակայն դա ոորևէ կերպ պատասխանատվությունից չի ազատում Ադրբեջանի իշխանություններից: Կարծում եմ, որ Ադրբեջանում այդ հալածանքները կսկսվեին նաև անկախ նրանից, թե այսօր ինչ է տեղի ունենում Ռուսաստանում»:
Կրամերը միջազգային հանրությանը կոչ է արել վերանայել Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեում Ադրբեջանի նախագահության հարցը, քանի որ այդ երկիրը չի համապատասխանում այն սկզբունքներին, որոնցով առաջնորդվում է տվյալ կազմակերպությունը: