Որոնվում է քաղաքապետարանի ստեղծած ՍՊԸ-ն
asparez.am-ը գրում է. Վանաձորցիների համար նորություն չէ, որ քաղաքային տրանսպորտի ծառայության որակը ոչ միայն թերի է, այլեւ՝ առանց վերահսկողության: Դրա վկայություններն են պատահող անսթափ վարորդները, սովորական դարձած սիգարետն ու հեռախոսը:
Վանաձորի քաղաքային երթուղայինների ոչ կարգավորված աշխատանքի վերաբերյալ ճշտումներ անելու ակնկալիքով, «Խաղաղության Երկխոսություն» ՀԿ-ն Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին մի շարք հարցումներ էր ուղարկել՝ ակնկալելով ստանալ Վանաձորի հանրային տրանսպորտի գործունեության կարգավորման եւ վերահսկողության արդյունքների մասին տեղեկություններ:
«Որոշեցինք պարզել համայնքապետարանից, թե հանրային տրանսպորտի վերահսկողություն իրականացվու՞մ է, թե՝ ոչ եւ, եթե այո, ապա ով է կատարում այդ գործառույթը: Փորձեցինք ճշտել՝ կա՞, արդյոք, մի մարմին, որն ինչ-որ կերպ վերահսկողություն է իրականացնում հանրային տրանսպորտի ծառայության ոլորտում եւ խնդրեցինք տրամադրել այդ վերահսկողության արդյունքները:
Կայքին պատասխանեցին, որ համայնքում տրանսպորտի վերահսկողությունը իրականացնում է «Վանաձորի առեւտրի եւ տրանսպորտի ծառայություն» ՍՊԸ-ն: Պատասխանում, սակայն, չկար մոնիթորինգի որեւէ արդյունք: Մինչեւ երկրորդ հարցումն ուղարկելը, մեզ զանգահարեց Վանաձորի քաղաքապետարանի Առեւտրի եւ սպասարկման, տրանսպորտը համակարգող բաժնի պետը՝ Էռնեստ Գեւորգյանը, եւ փորձեց ճշտել, թե ինչ նկատի ունենք վերահսկողություն ասելով:
Պարզաբանեցինք, որ ուզում ենք հասկանալ, թե արդյո՞ք կա մի մարմին կամ աշխատակից քաղաքապետարանում, ով ինչ-որ կարգով վերահսկում է տրանսպորտի աշխատանքը: Ասաց, որ կա, բայց նշեց նաեւ, թե մենք ինչպե՞ս ենք իրենցից հաշվետվություն ուզում, դա մի հսկայական թղթաբանություն է, եւ, որ իրենք պարապ չեն, որ այդ ամբողջը պատճենահանեն մեզ համար»,-պատմում է կազմակերպության աշխատակից Արմինե Զաքարյանը:
Ապա Ա.Զաքարյանը հաջորդ հարցումն է ուղարկել, փորձելով ճշտել, թե նշված ՍՊԸ-ն ինչ գործառույթներ է իրականացնում ու ինչպես է կազմակերպում տրանսպորտի վերահսկման աշխատանքները՝ խնդրելով տրամադրել կողմերի միջեւ կնքված պայմանագրի պատճենը:
Ի պատասխան այդ նամակի, քաղաքապետարանը ՀԿ-ից պահանջել է վճարել 10.000 դրամ՝ որպես տեղական տուրք` տեղեկությունը տրամադրելու համար, սակայն գումարը վճարելուց հետո պատասխան նամակում նշված է եղել միայն հանրային տրանսպորտը սպասարկող ՍՊԸ-ների եւ համայնքապետարանի միջեւ կնքված պայմանագրերը եւ «Վանաձորի առեւտրի եւ տրանսպորտի ծառայություն» ՍՊԸ-ի կանոնադրությունը, ինչպես նաեւ՝ ՍՊԸ-ի հիմնադրման մասին որոշումը: Այս ՍՊԸ-ն ստեղծվել է Վանաձորի համայնքի ավագանու 11.02.2003 թ. թիվ 2 որոշմամբ, իսկ ՍՊԸ-ի ստեղծման, հիմնադրման ծախսերը հոգալու նպատակով համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից տրամադրվել է 600 հազար դրամ: Ըստ կանոնադրության, ստեղծված ՍՊԸ-ի տնօրեն է նշանակվել դեռեւս այն ժամանակ Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի գույքի կառավարման եւ եկամուտների հավաքագրման բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Վիկտոր Դարբինյանը (այժմ վերջինս քաղաքապետարանում չի աշխատում):
«Խաղաղության Երկխոսություն» ՀԿ-ի աշխատակիցը երրորդ հարցումն է ուղարկել Վանաձորի քաղաքապետ Ս.Դարբինյանին, փորձելով, վերջապես, ճշտել՝ ինչպես են կարգավորվում «Վանաձորի տրանսպորտի եւ առեւտրի ծառայություն» ՍՊԸ-ի եւ քաղաքապետարանի հարաբերությունները. «ՍՊԸ-ի կանոնադրության մեջ գրված է, որ ՍՊԸ-ն հիմնադրվել է շահույթ ստանալու նպատակով եւ կարող է գործունեություն իրականացնել տրանսպորտի, առեւտրի եւ սպասարկման ոլորտներում: Այսինքն՝ մնում է բացարձակ անհասկանալի, թե ՍՊԸ-ն ընդհանրապես ինչ կապ կամ գործառույթներ կարող է ունենալ հանրային տրանսպորտի գործունեության վերահսկման գործում: Դիմեցինք, ասացինք՝ տվեք մեզ պայմանագիր, վերջապես պետք է լինի պայմանագիր, որտեղ պետք է ֆիքսված լինեն կողմերի պարտավորությունները եւ պատասխանատվության կարգը՝ պարտավորությունները չկատարելու կամ թերանալու դեպքում»,-պատմում է Ա.Զաքարյանը:
Հատկանշական է, սակայն, որ բազմաթիվ փորձերից պարզ դարձավ, որ այնուամենայնիվ, քաղաքապետարանի եւ վերոնշյալ ՍՊԸ-ի միջեւ որեւէ պայմանագիր գոյություն չունի, այսինքն՝ գոյություն չունեն այդ ընկերության պարտավորությունները Վանաձորում հանրային տրանսպորտի ոլորտում իրականացվող վերահսկողության վերաբերյալ: Ուշագրավն այն է, որ նախորդ հարցումների պատասխաններում նշված է եղել, որ վերոնշյալ ՍՊԸ-ն հանդիսանում է Վանաձոր համայնքի սեփականությունը, եւ որ վերջինիս նպատակն է տնտեսական գործունեություն իրականացնելու ճանապարհով շահույթի ստացումը: Իսպառ անահասկանալի է, թե ինչ եղանակով, ինչպիսի գործունեությամբ պիտի այդ ՍՊԸ-ն շահույթ ստանար, եւ արդյո՞ք այդ շահույթները անցել են հիմնադրին:
Մանրամասներն՝ այստեղ
Լուսանկարը՝ aravot.am-ի