Դավիթ Բաբայան. Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը երեք հիմք ունի

Երեկ` սեպտեմբերի 4-ին, Մեծ Բրիտանիայի Նյուպորտ քաղաքում Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի միջև կայացած հանդիպման շուրջ 168.am-ը զրուցեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:

– Պարոն Բաբայան, ընդհանուր առմամբ ինչպե՞ս կգնահատեք այդ հանդիպումը: Ձեր կարծիքով` այն դրական ազդեցություն կունենա՞ բանակցային գործընթացի առաջխաղացման վրա:

– Մենք դա գնահատում ենք որպես շատ կարևոր մի հանդիպում, որը, կարելի է ասել, գրանցեց կարևոր արդյունքներ: Ես ընդհանրապես կարծում եմ, որ ճիշտ չէ որևէ հանդիպումից սպասել համապարփակ կարգավորում, հետևաբար՝ պետք է ավելի իրատեսական մոտենալ հանդիպումներին և նրանց արդյունքներին: Հիմնական սպասելիքները հենց այն թեմաների կապակցությամբ են, որոնք արդեն մի քանի անգամ հնչեցրել ենք, այսինքն` խաղաղ կարգավորում, ուժի չկիրառում: Կարծում եմ` սա շատ կարևոր է:

Փաստորեն, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը երեք հիմնական հիմք ունի. առաջինը խաղաղ կարգավորումն է, որպեսզի հասնենք համապարփակ կարգավորման, երկրորդը` լիարժեք ձևաչափի վերականգնում` պաշտոնական Ստեփանակերտի մասնակցությամբ (բոլոր փուլերում), և ադրբեջանական կողմը մի բան պետք է ըմբռնի` վերադարձ անցյալին չի կարող լինել թե´ սահմանների, թե´ կարգավիճակի առումով:

Կարդացեք նաև

Այս երեք կետերից մեկի վրա այս անգամ նույնպես շեշտ է կատարվել ԱՄՆ-ի կողմից:

Մինչ այդ Ռուսաստանի Դաշնությունն էր, հիմա էլ կա տեղեկություն, որ Ֆրանսիայի նախագահը նույնպես ցանկանում է այդպիսի ձևաչափով հանդիպում անցկացնել:

Այսինքն` երեք համանախագահ երկրներն էլ շեշտը դնում են խաղաղ կարգավորման վրա: Եթե այդ բաղադրամասերից միայն մեկն է շեշտադրվում, դա էլ է ձեռքբերում, պարզապես այս անգամ ավելի շուտ հիմնական շեշտը դրվել է խաղաղության և կայունության պահպանման վրա: Երևի թե դա ամենաիրատեսական նպատակն է, քանի որ համապարփակ կարգավորումը երկար ժամանակ կպահանջի, և Ադրբեջանը, ըստ ամենայնի, պետք է խոչընդոտի լիարժեք ձևաչափի վերականգմանը և փորձելու է իր տեսլականը ներկայացնել, ըստ որի՝ հակամարտության կարգավորումը նա տեսնում է միայն խորհրդային մոդելով, այսինքն` Արցախի բռնակցումը Ադրբեջանին: Սա, բնականաբար, անընդունելի է:

– Այս համատեքստում հետաքրքիր է իմանալ, թե ի՞նչ կարծիք ունեք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Սերժ Սարգսյանի ելույթի մասին: Նա հայտարարեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման համար երկու տարբերակ կա, այսինքն` «կա´մ կընդունվի Մինսկի խմբի բառապաշարը, կա´մ կանցնի Ադրբեջանի լոբբինգը»:

– Դա արտացոլում է այն ընդհանուր անհանգստությունը, որը կա ոչ միայն Հայաստանում, այլև ընդհանրապես միջազգային հանրությունում: Եթե Ադրբեջանը քայլեր չի կատարում իմ կողմից նշված երեք բաղադրամասերի կատարման մեջ լուրջ ներդրում ունենալու ուղղությամբ, ապա լավագույն դեպքում մենք կունենանք ստատուս-քվոյի պահպանում: Իսկ եթե դա էլ ընդունելի չլինի, ապա Ադրբեջանը կշարունակի իր ապակառուցողական քաղաքականությունը, և այն ժամանակ երևի Ադրբեջանի` որպես պետության, ճակատագիրը հարցականի տակ կլինի:

– Ամերիկյան միջնորդությամբ եռակողմ հանդիպումը հաջորդեց շուրջ մեկ ամիս առաջ Սոչիում Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ կայացած հանդիպմանը` Պուտինի, Սարգսյանի և Ալիևի միջև: Այս իմաստով երեկվա հանդիպումն ունի՞ քաղաքական, աշխարհաքաղաքական ենթատեքստ:

– Կարծում եմ` ընդհանրապես ցանկացած հանդիպում ունի տարբեր աշխարհաքաղաքական ենթատեքստեր, բայց մեզ համար կարևորն այն է, որ բոլոր ուժային կենտրոնները հանգում են այն գաղափարին, որ հարցը չի կարող լուծվել պատերազմական գործողությունների միջոցով: Սա շատ կարևոր է: Նրանք դա անում են ոչ միայն մարդասիրական և այլ սկզբունքներից դրդված, այլ նաև հաշվի առնելով բազմաթիվ երևույթներ, այդ թվում` իրենց շահերը: Այս տեսանկյունից մենք ողջունելի ենք համարում այդ մոտեցումը, քանի որ մենք նույնպես չենք ուզում պատերազմ, ոչ թե վախենում ենք: Եթե այս անգամ էլ լինի պատերազմ, ապա, կրկնում եմ, Ադրբեջանի` որպես պետության, գոյությունը կլինի հարցականի տակ:

– Հաճախակի դարձած եռակողմ հանդիպումները նո՞ր միտում են գործընթացում, այս ձևաչափը չի՞ հանգեցնի Մինսկի խմբի ձևաչափի փլուզմանը:

– Ոչ, պարզապես հարցն այն է, որ եթե երկու համանախագահող երկրներն արդեն կազմակերպել են հանդիպում, ապա բնական է, որ արարողակարգային տեսակետից ելնելով` երրորդն էլ կազմակերպի այդ ձևաչափով հանդիպում, որպեսզի ինչ-որ ձևով պահպանվի հավասարակշռությունը: Սա նաև կարևոր է այն առումով, որ ևս մեկ անգամ շեշտվի, թե ինչպիսի տեսլական ունի Մինսկի խումբը, և որ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով:

 

Տեսանյութեր

Լրահոս