Տեսախցիկների և արագաչափերի արձանագրած խախտումների տուգանքներից գոյացած գումարը կազմել է գրեթե 3 մլրդ դրամ

2014թ. սեպտեմբերի 3-ի դրությամբ ՀՀ-ում հաշվառվել է զոհերով և վիրավորներով 2020 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 192 մարդ, վիրավորվել՝ 2913-ը: Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը՝ նշելով, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ՃՏՊ-ների քանակն ավելացել է 221-ով, վիրավորներինը՝ 346-ով, զոհերի թիվը նվազել է 20-ով:

«Այստեղից հետևություն ենք անում, որ նվազել է ճանապարհատրանսորտային պատահարների հետևանքների ծանրության գործակիցը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 7.6, ներկայումս կազմում է 6.5»,- ասաց ՃՈ պետի տեղակալը:

Նրա տեղեկացմամբ՝ տեսախցիկների և արագաչափերի արձանագրած խախտումների տուգանքներից գոյացած գումարը կազմել է գրեթե 3 մլրդ դրամ:
Արմեն Խաչատրյանն ասաց, որ վարչական ակտերի իրավաչափության հետ կապված հարցրեր ունենալու դեպքում ամենակարճ ճանապարհը Ճանապարհային ոստիկանությանը դիմելն է. «Թող դիմեն կապի բոլոր միջոցներով՝ սկսած հեռախոսից: Ես գնահատում եմ՝ ամենահարմար տարբերակը համացանց է: Ուղղակի նամակ գրեն ՀՀ ոստիկանություն կամ ճանապարհային ոստիկանության կայքին: Մենք թեկուզ մեկ տողանոց նամակներին բավականին ուշադիր ենք լինում և անդրադառնում ենք, խորությամբ ուսումնասիրում ենք բովանդակությունը և բողոքարկման վարույթ ենք իրականացնում: Այսօր բազմաթիվ նամակներ ենք ստանում համացանցով, իմ ասած ձևաչափով՝ «Համաձայն չեն այսինչ վարչական ակտի հետ», մենք մնացած գործողություններն իրականացնում ենք: Քիչ չեն նաև դեպքերը, երբ վարույթի արդյունքում բեկանվում են այդ վարչական ակտերը»:

Արմեն Խաչատրյանի տեղեկացմամբ՝ ներկայումս ՀՀ-ում գործում է 171 արագաչափ սարք. Երևանում 90 խաչմերուկ վերահսկվում է տեսախցիկներով: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանն էլ կարծիք հայտնեց, որ արագաչափերի մասին նախազգուշացնող նշան չպետք է լինի. «Մեզ ասում են՝ արագաչափն այստեղ է տեղադրված, այնտեղ է տեղադրված: Ինչո՞ւ նաազգուշացնող նշան չկա: Ես կարծում եմ, որ ընդհանրապես նման նախազգուշացնող նշան չպետք է լինի, և արագաչափն իր տեղում էլ չպիտի լինի: Նա անընդհատ պետք է շարժական լինի, երբեք պետք է կանխորոշված չլինի, թե որտեղ է այդ արագաչափը դրված, որպեսզի որոշակի առումով զգաստանան նաև վարորդները»:

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս