
Թուրքիան առաջիկա 1-2 տարում կարող է դառնալ ԵՄ-ի անդամ. Վոլքան Բոզքըր

Թուրքական Star թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով նորանշանակ պետնախարար և գլխավոր բանագնաց Վոլքան Բոզքըրը հայտարարել է, որ Թուրքիան առաջիկա 1-2 տարում կարող է դառնալ ԵՄ-ի անդամ:
Նա ընդգծել է, որ եթե ԵՄ-ը ցանկանար Թուրքիայի անդամակցությունը, ապա Թուրքիան մեկ տարի առաջ անդամակցած կլիներ նրան: Նախարարը կարծում է, որ եթե ԵՄ-ը ցանկանար Թուրքիայի անդամակցությունը, ապա շարունակ տարբեր թեմաներ չէր ներառի օրակարգում՝ ձգձգելով անդամակցության հարցը:
Բոզքըրը հայտարարել է, որ մեկնելու է Բրյուսել, ուր հոկտեմբերի 8-ին հրապարակվելու է Թուրքիայում ժողովրդավարության առաջընթացի (կամ հետընթացի) մասին հերթական զեկույցը:
Նա հավատում է, որ Թուրքիան առաջիկայում կանդամակցի ԵՄ-ին, քանի որ ներկայիս Թուրքիան զգալիորեն տարբերվում է այն Թուրքիայից, որն առաջին քայլերն էր կատարում տվյալ ուղղությամբ.
«1963 թվականին Անկարայի համաձայնագիրը ստորագրած Թուրքիայում մեկ շնչին բաժին ընկնող ազգային եկամուտը կազմում էր 320 դոլար, երկրում կար 7 համալսարան, զբոսաշրջությունից ստացվող եկամուտը կազմում էր 8 միլիոն դոլար, իսկ առևտրային շրջանառության ծավալը՝ 1 միլիարդ դոլար:
Մինչդեռ այսօրվա Թուրքիայում մեկ շնչին բաժին ընկնող ազգային եկամուտը կազմում է 11.500 դոլար, ՀՆԱ-ն կազմում է 820 միլիարդ դոլար, առևտրային շրջանառության ծավալը՝ 300 միլիարդ դոլար, զբոսաշրջությունից ստացվող եկամուտը մոտենում է 50 միլիարդ դոլարի, իսկ համալսարանների թիվը հասել է 180-ի»: