Առանց Հասմիկի
Հասմիկ Բաբաջանյանը ծնվել է 1958 թ., օգոստոսի 27-ին: 1975-80 թթ. սովորել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ռոմանա-գերմանական բաժնում (անգլերեն լեզու և գրականություն):
1980-1992 թթ.՝ ԵՊՀ ռոմանա-գերմանական բանասիրության ամբիոնի անգլերեն լեզվի դասախոս էր:
1992-94թթ.՝ Խարբերդի հատուկ մանկատան թարգմանիչ, ռեաբիլիտոլոգ և դաստիարակ:
1994-96 թթ.՝ Բիզնես կոմունիկացիաների կենտրոնի և Հայկական բիզնեսի աջակցության կենտրոնի հանրային կապերի պատասխանատու, թարգմանիչ և համակարգող:
1990-97 թթ.՝ «Մունետիկ» թերթի մշակույթի և արվեստի բաժնի խմբագիր:
1997-98 թթ.՝ «Երևանի մամուլի ակումբ» տեղեկագրի անգլերեն տարբերակի խմբագիր:
1998-99թթ.՝ ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման փոխնախարարի օգնական՝ օտարերկրյա ընկերությունների հետ կապերի հարցերով:
1999-2000 թթ.՝ Հայկական ներդրումային ընկերության հանրային կապերի պատասխանատու, թարգմանիչ:
2000-2004թթ.՝ Երևանի մամուլի ակումբի թարգմանիչ:
2004 թ.-ից «Վէմ» ռադիոկայանի, «Վէմ մեդիա արվեստներ» և «Վէմ» հասարակական բարեգործական կազմակերպության գործադիր քարտուղարն էր և հանրային կապերի պատասխանատուն:
2007-ից աշխատել է «Այբ» հիմնադրամում և «Այբ» դպրոցում:
Սա Հասմիկի կենսագրությունն է՝ չոր թվականներով:
Այս թվականներին ավելացավ ևս մեկը՝ 2014 թ. օգոստոսի 27-ին, իր ծննդյան 56-ամյակի օրը, Հասմիկ Բաբաջանյանը հրաժեշտ տվեց երկրային կյանքին:
Մահախոսականն ի սկզբանե կեղծ ժանր է, պաթոսի թեկուզ աննշան հատիկներից խուսափել, այսպես թե այնպես, չի հաջողվում: Թերևս այդ պատճառով Հասմիկ Բաբաջանյանի մասին գրել` «անհոգի մահը մեզնից խլեցգ», ոչ մի կերպ չի ստացվում:
Հասմիկի կյանքը այնքան լիարժեք էր՝ նույնիսկ վայրիվերումներովգ Հասմիկը քաղաքի ամենագեղեցիկ ու իմաստուն կանանցից մեկի՝ արվեստաբան-լրագրող Գրացիա Բաղդասարյանի (1934-1998) դուստրն էր: Եվ այնքան սիրով էր հիշում մորը, այնքան ջերմություն ու էներգիա էր դրել՝ ամփոփել մոր կյանքն ու կատարած աշխատանքը: Ինչը և արեց ՝ նրան նվիրված «Հավերժ ներկան-բացական» գրքում (2008): Հասմիկը երջանկություն էր ունեցել վայելել Պարույր Սևակի ներկայությունն իր կյանքում (Գրացիա Բաղդասարյանը և Պարույր Սևակը շատ մտերիմ էին): Ի դեպ, հենց Սևակի հորդորով էր Հասմիկն ընդունվել երաժշտական դպրոց:
Հասմիկի կյանքը շատ բարդ, հիասթափություններով ու սիրով լի կյանք էր, որից նա, այդուհանդերձ, գոհ էր: Քանի որ կողքին էր դուստրը՝ Սոնան:
«Վէմ»-ում բոլորս գիտեինք՝ կա Հասմիկը, ուրեմն՝ ամեն ինչ իր տեղում է. բոլորն ամեն օր կստանան նրա ջերմ խոսքերի, խորհուրդների իրենց բաժինը, բոլոր կազմակերպչական խնդիրները կլուծվեն արագ և բարձր մակարդակով: Հասմիկի դեպքում այնքան վստահ կարելի է ասել՝ նա բացառիկ գրագետ էր, այնքան նախանձախնդիր յուրաքանչյուր բառի, ստորակետի հարցում:
Անսահման կյանքով, եռանդով, բարությամբ ու իմաստնությամբ լիքը Հասմիկը երբեք ոչ մեկին բարդ վիճակի մեջ չէր դրել: Թերևս մի դեպքում միայն. ծննդյան օրը ստացած մաղթանքներին՝ հնարավորինս շուտ ապաքինվել ու վերադառնալ, նա չպատասխանեց…
Հասմիկի բացակայությունն այնքան զգալի կլինի, որքան նրա ներկայությունն էր զգալի բոլորիս կյանքում…
«Վէմ» ռադիոկայանի աշխատակազմ