Իշխանափոխությունը հնարավոր է մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ը
2013թ. սեպտեմբերի 3-ին նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց, որ Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը և մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը: Վերադառնալով Հայաստան, հաջորդ օրը, ուղիղ մեկ տարի առաջ այս օրը` 2013թ. սեպտեմբերի 4-ին, Սերժ Սարգսյանը ստորագրեց հրամանագիր նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին: Սա, ըստ էության, Եվրասիական միությանը միանալուն ուղղված առաջին քայլն էր:
Մաքսային միության անդամ երկրների մյուս բոլոր ղեկավարներն անփոփոխելի են, և ենթադրվում էր, որ նույնը պետք է լինի նաև Հայաստանի պարագայում: Սահմանադրական փոփոխությունների նպատակը Հայաստանի օրենսդրության, առաջին հերթին` Սահմանադրության համապատասխանեցումն էր ԵԱՏՄ չափորոշիչներին, այնպիսի Սահմանադրության ընդունումը, որը կապահովեր նախագահ Սարգսյանի իշխանության շարունակականությունը, կարևոր չէ, թե ինչ պաշտոնում`վարչապետ, թե ԱԺ նախագահ:
Սերժ Սարգսյանի քաղաքական մրցակիցներն ու հակառակորդները ևս համոզված են, որ սահմանադրական բարեփոխումների անցկացման բուն նպատակը նրա իշխանության հավերժացումն է, անկախ նրանից, թե Սերժ Սարգսյանը հրապարակային ինչ երաշխիքներ է տալիս:
Այն քաղաքական ուժերը կամ գործիչները, ովքեր չեն ցանկանում համակերպվել Սերժ Սարգսյանի իշխանության հավերժականացման փաստի հետ, հասկանում են, որ իրենց գործելու չափազանց քիչ ժամանակ է մնացել: Հոկտեմբերի 10-ին Հայաստանը կստորագրի Եվրասիական միություն մտնելու մասին փաստաթուղթը, իսկ 2015թ. հունվարի 1-ից կդառնա այդ միության անդամ:
Այդ պահից սկսած Սերժ Սարգսյանի իշխանությունը կդառնա անձեռնմխելի. ցանկացած փորձ՝ ուղղված Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը կամ նրան իշխանությունից զրկելուն, կդիտվի` որպես ոտնձգություն Ռուսաստանի, Ղազախստանի կամ Բելառուսի նախագահների իշխանության դեմ: Քանի որ, ինչպես նշեցինք, Եվրասիական միությունում նախագահները կամ իշխանության ղեկավարներն անփոփոխելի են, իսկ Հայաստանում նման փոփոխության իրականացումը կարող է վատ նախադեպ լինել այդ միութենական ընդհանուր տարածքում:
Ավելի պարզ ասած` Հայաստանը որ նախագահով մտավ Եվրասիական տնտեսական միություն, այդ նախագահով էլ շարունակելու է մնալ այնտեղ, իսկ Սահմանադրական փոփոխություններն օգնելու են, որպեսզի իշխանության առաջին դեմքի անփոփոխելիությունը տեղի ունենա Սահմանադրության և գործող օրենքների շրջանում: Սա նշանակում է, որ Հայաստանի ընդդիմությունն իշխանության հարցը պետք է լուծի մինչև հոկտեմբերի 10-ը, կամ առնվազն` մինչև հունվարի 1-ը:
Իսկ ինչպե՞ս պետք է ընդդիմությունը հասնի իշխանափոխության խնդրի իրականացմանը: Խորհրդարանական քառյակը կառավարությանը 12 կետից կազմված պահանջագիր է ներկայացրել և այդ պահանջների կատարման վեջնաժամկետ է հայտարարել սեպտեմբերի 30-ը: Հիմա արդեն պարզ է, որ ընդդիմությունը գոհ չէ իր կողմից ներկայացված պահանջների կատարման ընթացքից:
Չկա որևէ կետ, որի ուղղությամբ կառավարությունը քիչ թե շատ առաջընթաց արձանագրած լինի. կուտակային կենսաթոշակային համակարգը մնում է պարտադիր, «Նաիրիտ» գործարանը չի աշխատում, և հայտնի էլ չէ, թե երբ կաշխատի, արագաչափերն ու կարմիր գծերը գործում են նույն ձևով, չնայած որոշ խախտումների համար նախատեսված տուգանքները նվազել են, խորհրդարանական ընտրությունները 100 տոկոս համամասնական ընտակարգով անցկացնելու ուղղությամբ ոչ մի օրենսդրական փոփոխություն չի կատարվել, և այսպես շարունակ:
Քառյակի ներկայացուցիչներն ասում են, որ իրենց պահանջների և դրանց չկատարման դեպքում իրենց ներկայացրած ծրագրերը մնում են նույնը` հրավիրել համատեղ հանրահավաք և դնել կառավարության պաշտոնանկության հարցը:
Բայց քանի որ իրենք համոզվել են, որ միայն կառավարության ղեկավարի կամ կառավարության կազմի փոփոխությունը ոչինչ չի տալիս, և հաջորդ կառավարությունը շարունակում է իր նախորդի ծրագրերի իրականացումը, նշանակում է` պետք է ավելի արմատական փոփոխությունների խնդիր դնել. այն է՝ նախագահի պաշտոնանկության հարցը: ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» կառավարության փոփոխությունից լուրջ ակնկալիքներ չունենալու և արմատական փոփոխության խնդիր դնելու մասին հայտարարել են ավելի վաղ:
Այս կուսակցությունների ներկայացուցիչներն ասում են, որ ԲՀԿ-ն ևս իրենց հետ է, պարզապես ԲՀԿ-ն իրենց պահանջներին միանալու մասին կհայտարարի միայն վերջին՝ ամենավճռական պահին, որպեսզի իշխանությունը չհասցնի ճնշումներ գործադրել այս կուսակցության գործարար խավի նկատմամբ: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա այս կուսակցությունը, թեև հոգով-սրտով իրենց հետ է, բայց գործող իշխանության հետ այնքան շատ թելերով է կապված, որ կորցրել է ինքնուրույն շարժվելու և որոշումներ կայացնելու հնարավորությունը: Հենց փորձում է ոտքը բարձրացնել` քայլ անելու համար, պարզվում է` ոտքերը կապված են: Բայց երբ տեսավ, որ ուժերի հարաբերակցությունը թեքվում է դեպի ընդդիմությունը, անպայման կանցնեն իրենց կողմը:
Ընդդիմության ներկայացուցիչները համոզված են, որ եթե իրենց հաջողվի մի քանի հարյուր հազար մարդ դուրս բերել փողոց, ապա իշխանափոխության կարելի է հասնել հաշված օրերի ընթացքում. սեպտեմբերի 30-ին սկսում են, իսկ հոկտեմբերի 3-ին կամ 4-ին իշխանությունը հանձնվում է և կամավոր հայտարարում իր պաշտոնակության մասին: Այսպիսին է ոչ իշխանական ուժերի տեսլականը: Հոկտեմբերի 10-ին Հայաստանում նոր իրավիճակ կլինի. հնարավոր է, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը մի փոքր հետաձգվի, բայց կարևորն այն է, որ նոր ընտրություններում կընտրվի այն մարդը, ով կլինի Եվրասիական միության տարածքում Հայաստանի հավերժ նախագահը:
Ընդդիմադիրները համոզված են, որ այս ծրագրի իրականացման հարցում կարևորը միասնականությունն ու վճռականություն է: Միասնականությունը ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության» միջև, և վճռականության դրսևորումն այս կուսակցությունների առաջնորդների` Գագիկ Ծառուկյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի կողմից: Ավելորդ է անգամ ասել, որ հենց Քոչարյանն է հավակնում լինել Հայաստանի հավերժ նախագահը Եվրասիական միության տարածք մտնելու պարագայում:
Չնայած հայ ընդդիմադիրները համոզված են իրենց ուժերի վրա, բայց նրանք պատրաստ են նաև իշխանության հետ փոխզիջման: Փոխզիջման պայմանը հետևյալն է. նախագահ Սերժ Սարգսյանը պետք է հայտարարի, որ հրաժարվում է սահմանադրական փոփոխություններ անցկացնելու իր մտադրությունից: Փոփոխությունների դեմ հանդես եկող ուժերը համոզված են, որ դրա համար Սարգսյանն ունի բոլոր հնարավորությունները. ինքն էլ հայտարարել է, որ դեմ է փոփոխությունների հայեցակարգով նախատեսվող կառավարման խորհրդարանական տարբերակին անցնելուն, դրան դեմ են նաև հիմնական քաղաքական կուսակցությունները:
Եթե նախագահ Սարգսյանը հայտարարում է սահմանադրական փոփոխություններ անցկացնելուց հրաժարվելու մասին, քառյակի ներկայացուցիչները դա համարում են նրա կողմից 2017թ. ընտրությունների ժամանակ իշխանությունը զիջելու պատրաստակամության դրսևորում: Բայց Սահմանադրական փոփոխություններից հրաժարումն ավելի լուրջ փորձություն կլինի նրա իշխանության համար, քանի որ ՀՀԿ-ական մեծամասնությունը սահմանադրական փոփոխությունները համարում է ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլ նաև ՀՀԿ-ի իշխանության հավերժականացման միջոց, իսկ դրանից հրաժարումը կստիպի նրանց մտածել իրենց քաղաքական ապագան այլ անձերի և կուսակցությունների հետ կապելու մասին:
Իշխանության ներկայացուցիչները համոզված են, որ քառյակի կամ եռյակի ծրագրերը նոր չեն, բայց դրանք դատապարտված են անհաջողության, քանի որ չունեն հանրային աջակցություն, և այդ մարդկանց ամբիցիաները բավարարելու համար դժվար թե փողոց մի քանի հարյուրից ավելի մարդ դուրս գա: Իշխանությունը ինքնավստահ է նաև այն իմաստով, որ ընդդիմության կամ այդպիսին ներկայացողների մի մասն իրենց վերահսկողության տակ է: