Բաժիններ՝

«Կաթնատամների ախտահարվածությունը արդեն իսկ հիմք է հանդիսանում լուրջ հիվանդությունների զարգացման գործում»

«Սոնատո»  ատամնաբուժարանիտնօրեն, բժիշկ-օրթոդենտ, գիտությունների դոկտոր ԱրթուրՓափազյանն  այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ գիտական պրպտումները քայլ այլ քայլ մոտեցնում են այն հարցին, թե ինչու են երիտասարդ տարիքում փչանում  մեր ատամները,  բայց այս հարցի վերջնական պատասխանը դեռ տրված չէ. «Խնդիրները պետք է դիտարկենք ինչպես ժառանգական, այնպես էլ ձեռքբերովի գործոնների տեսանկյունից, որոնք առաջացնում են, օրինակ, կարիես և դրա հետ կապված բարդությունները: Ցավոք, պետք է համաձայնեմ այն տեսակետի հետ, որ երիտասարդ տարիքում ստոմատոլոգիական հիվանդությունների տարածվածությունը շատ բարձր է: Այս խնդիրներից խուսափելու համար պետք է ժամանակին դիմել բժշկի: Խնդիրը անխուսափելի է , իսկ ճիշտ ժամանակին բժշկի դիմելը կլուծի շատ հարցեր»:

Ա. Փափազյանի խոսքով՝ բերանի խոռոչների հիվանդության վրա ազդում են  և՜ արտաքին միջավայրը, և՜ սթրեսային վիճակները, և՜ սննդի տեսակը, սնվելու ռեժիմը: «Հատկապես ուզում եմ շեշտը դնել կաթնատամների հիվանդությունների վրա, որոնք սովորաբար ծնողների կողմից չեն դիտարկվում, որպես շատ կարևոր հանգույց այս խնդրում, բայց կաթնատամների ախտահարվածությունը արդեն իսկ հիմք է հանդիսանում լուրջ հիվանդությունների զարգացման գործում: Կաթնատամները հարկավոր է բուժել, այլ ոչ թե անտեսել` դիտարկելով օրգան, որը փոխվելու է որոշ ժամանակ անց:

Օրթոդոնտիայի տեսանկյունից` դիմածնոտային շրջանների անոմալիաները (ատամների ծռվածություն, ատամնաշարերի ոչ ճիշտ փոխհարաբերություն) շատ հզոր գործոն են հանդիսանում, օրինակ, կարիեսի և նրա բարդությունների առաջացման գործում:

Հիմա հազվադեպ են հանդիպում դեպքեր, երբ մենք գործ ենք ունենում հիվանդության լուրջ բարդացումների հետ, մարդիկ շատ արագ են արձագանքում խնդիրներին, և ժամանակին դիմում ստոմատոլոգին»,- ասաց նա:

Արթուր Փափազյանը համաձայնեց լրագրողների այն դիտարկմանը, որ մարդիկ ատամնաբույժին հաճախ չեն դիմում մատուցվող ծառայությունների բարձր գների պատճառով, բայց ասաց, որ ծառայությունների արժեքը չի բարձրացել` չնայած այն խնդիրներին, որ դրվել է ստոմատոլոգների առջև. «Ինձ հայտնի չեն այնպիսի դեպքեր, երբ կտրուկ տատանումներ են նկատվել գների հետ կապված: Խնդիրը  մարդկանց վճարունակ չլինելն է, որի լուծումները չեմ կարող առաջարկել: Ուղղակի մարդիկ պետք է հասկանան, որ ատամի վրա հայտնվող նույնիսկ չնչին խոռոչը հետագայում մեծ խնդիրներ է առաջացնելու  և հարկավոր է խնդիրը լուծել հենց  սկզբից»:

Այն հարցին, թե ինչ խնդիրներ կարող է առաջացնել ատամների սպիտակեցումը քիմիական ճանապարհով, նա պատասխանեց . «Սպիտակեցումը համարվում է էսթետիկ ստոմատոլոգիայի ճյուղերից մեկը: Հայտնի չեն դեպքեր, որ այն վնասակար լինի, բայց կարծիքներ դեռ հնչում են: Գիտական առումով կան բազմաթիվ աշխատություններ, որոնք ապացուցում են , որ վնասը չնչին է կամ չկա, բայց կա նաև գիտնականների հակառակ տեսակետը, որ վնասն առկա է: Այնպես որ, հիվանդն ու բժիշկը միասին պետք է որոշեն`  գնալ այդ քայլին, թե ոչ:

Վնասների առումով ամենատարածված քննարկման առարկան այն է, թե որքանով է ազդելու այդ պրոցեդուրան էմալի վրա, որովհետև սպիտակեցումը դիտարկվում է որպես ներազդեցություն էմալի ստրուկտուրայի, նրա քիմիքկան բաղադրության վրա, որի արդյունքում ունենում ենք ավելի ճերմակ ատամնային հյուսվածք: Բայց վերջնական ապացույցներ չկան, թե որքանով է դա վնասակար»:

Իսկ այն հարցին, թե որ տարիքից  սկսած պետք է մաքրել ատամները նա պատասխանեց. «Հիգիենայի հարցը պետք է լուծել հենց մանուկ հասակից: Գիտնականները կարծում են, որ երկու տարեկանից սկսած պետք է պահպանվի հիգիենայի կանոնները: Այդ շրջանում ծնողի օգնությամբ պետք է կատարել  ատամների մաքրումը, իսկ հետագայում երեխան ինքնուրույն պետք է անի դա»:

Խոսելով վերջին շրջանում  բրեկետների տարածվածության մասին, ասաց, որ դրանք լուծում են ոչ միայն էսթետիկ հարցեր, այլև ֆունկցիոնալ. «Մենք անում ենք ոչ միայն գեղեցկացնելու գործ, այլև առողջացնելու:

Լնդերի հիվանդությունների մասին խոսելով՝ Ա. Փափազյանը նշեց, որ դրանց պատճառները բազմաթիվ են. « Պատկերացրեք մի փոքր օրգան` բերանի խոռոչ, տարբեր ուղղվածություններ ունեցող բազմաթիվ հիվանդություններ ` սկսած չարորակ ուռուցքաբանական խնդիրներից, վերջացրած կարիեսով, և հավատացնում եմ ձեզ` մեկը մյուսի հետ սերտորեն կապված հարցեր են: Այնպես որ լնդերի հիվանդությունը ես պարտավոր եմ դիտարկել, որպես մեծ շղթայի մի հանգույց. Այն ունի սկիզբ, պատճառ և հետևանքներ: Եթե այդ շղթայի մյուս հանգույցներին լուծում չտրվի (դա կարող է լինել բժշկի և հիվանդի մեղքով), ապա բուժումը և արդյունքը կլինի ժամանակավոր և այն թյուր կարծիքը կստեղծվի, որ լնդերի հիվանդությունը չի բուժվում»,- ասաց Արթուր Փափազյանը:

Ռազմիկ Մարտիրոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս