«Հեղափոխական ճակատն» աշնանը մուրճ ու մանգաղի հեղափոխություն է խոստանում

Աշնանը Երևանում իսկապես կարող են հետաքրքիր իրադարձություններ տեղի ունենալ: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում իշխանությունը հեղափոխական ճանապարհով փոխելու մասին է հայտարարել մի քանի տարի առաջ ինքնալուծարված «Կոմունիստների միություն» կուսակցության այլևս նախկին ղեկավար Իշխան Թովմասյանը: Թովմասյանը հուլիսի 17-ին «Թեքեյան» մշակութային միությունում կազմակերպված միջոցառման ժամանակ հայտարարել է, որ ստեղծում է «Հայկական սոցիալիստական հեղափոխական ճակատ», որին կարող են անդամակցել անհատ քաղաքացիներ, բայց ոչ քաղաքական կուսակցություններ: Կուսակցության խորհրդանիշը լինելու է մուրճն ու մանգաղը, այն նույն մուրճն ու մանգաղը, որոնք պատկերված էին ԽՍՀՄ դրոշի վրա:

Թովմասյանը հայտարարում է, որ օգոստոսի 15-ին իրենք կհրապարակեն «Հեղափոխական ճակատի» նախագահության կազմը, որը բաղկացած կլինի 51 հոգուց, իսկ մի քիչ ավելի ուշ կհրապարակվի նաև «Հեղափոխական ճակատի» առաջնորդի անունը: Թե ով է լինելու առաջնորդը, Թովմասյանը խոստանում է հայտարարել ավելի ուշ:

Բայց այստեղ կարևորը ոչ այնքան առաջնորդն ու նրա անձն է, որի անունը կարող է և ոչինչ չհուշել հասարակությանը կամ հայտնի լինել նրա ոչ քաղաքականացված հատվածին միայն: Ավելի հետաքրքիր է, որ «Հեղափոխական ճակատի» կազմակերպիչները հայտարարում են, որ իրենք արդեն սկսել են նախապատրաստվել սեպտեմբերյան հանրահավաքին, և նույնիսկ որոշել են հանրահավաքի անցկացման օրը`սեպտեմբերի 10-ին: «Եթե մենք հավաքվեցինք հրապարակում, այնտեղից տեղ չենք գնալու այնքան ժամանակ, մինչև մեր հռչակած նպատակները չիրականացնենք»,- մեզ հետ զրույցում ասում է Իշխան Թովմասյանը:

Սեպտեմբերի 10-ը հետաքրքիր է այն իմաստով, որ սեպտեմբերի վերջին հանրահավաքային շարժում սկսելու մտադրություն ունեն նաև խորհրդարանական քառյակի ներկայացուցիչները, որոնք սպասում են, թե ինչպես կվարվի իրենց 12 կետանոց պահանջների հետ կառավարությունը: «Հեղափոխական ճակատն» ուզում է նրանցից առաջ ընկնել, և ոչ միայն տեխնիկական առումով: Իշխան Թովմասյանն ասում է, որ ի տարբերություն քառյակի, որի պահանջների կատարումը ոչինչ չի փոխի հասարակության և մարդկանց կյանքում, իրենք բարձրացնում են ավելի արմատական խնդիրներ և խնդիր են դրել փոխել հասարակարգը: «Ես ասում եմ՝ ասեք, թե ինչպիսի՞ հասարակարգ է հիմա Հայաստանում, ոչ ոք այդ հարցի պատասխանը չգիտի, իսկ մենք ասում ենք, որ պետք է վերադառնալ սոցիալիզմին, որի պայմաններում իսկապես ապահովված էր յուրաքանչյուր մարդու ապրելու և արարելու իրավունքը»,- ասում է Իշխան Թովմասյանը:

Կարդացեք նաև

«Հեղափոխական ճակատն» իր այսօր տարածած հայտարարության մեջ հենց այդպես էլ հռչակում է, որ իրենց հիմնական նպատակը Սոցիալիստական Հայաստանի ստեղծումն է, և խոստանում է, որ նոր իշխանության առաջին որոշումը լինելու է ռազմավարական նշանակության օբյեկտների ազգայնացումը: Մեզ հետ զրույցում Թովմասյանն ասաց, որ ազգայնացման է ենթակա նաև օլիգարխիային պատկանող սեփականությունը, որը ստեղծվել է ժողովրդի քրտինքով, և անհայտ ճանապարհով անցել է օլիգարխիայի տիրապետության տակ:

Ազգայնացման խոստումները հետաքրքիր են այնքանով, որ քառյակի առաջնորդ ուժի` ԲՀԿ-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայ օլիգարխիայի ներկայացուցիչներից է, և հեղափոխականների պայքարն ուղղված է լինելու նաև նրա դեմ:

Բայց միայն սրանով «Հեղափոխական ճակատի» և քառյակի տարաձայնությունները չեն սահմանափակվում: Իշխան Թովմասյանն ասում է, որ իրենց պայքարն ուղղված է ոչ միայն նրանց դեմ, ովքեր իրենք են սեփականաշնորհել Հայաստանի ունեցվածքը, այլև նրանց, ովքեր Հայաստանի ունեցվածքը հանձնել են օտար պետություններին: Գրեթե մեկ ամիս առաջ Իշխան Թովմասյանն իր համախոհների հետ հանրահավաք կազմակերպեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ պահանջելով, որպեսզի իրենց ներկայացվեն այն հիմքերը, համաձայն որոնց՝ ԱՄՆ կառավարությանն Իսակովի պողոտայի վրա տարածք է տրամադրվել դեսպանատուն կառուցելու համար:

ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները համապատասխան փաստաթուղթ էին տրամադրել, որ այդ տարածքն իրենք գնել են՝ վճարելով 2 միլիոն դոլար:
«Ես գիտեմ, որ այդ գործարքի մեջ կարևոր դերակատարում է ունեցել այդ ժամանակվա արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ով այժմ իրեն «Բարգավաճ Հայաստան» է համարում, ինչպե՞ս կարող է մի մարդ, ով Երևանի սրտում գտնվող 6 հեկտարից ավելի հողատարածքն այդպիսի գնով հանձնում է ԱՄՆ-ին, ընդունակ լինել բարգավաճ Հայաստան կառուցել»,- ասում է Իշխան Թովմասյանը:

Պարզ ասած, մինչև ԲՀԿ-ն և նրա կողմնակից քառյակը կորոշեն հանրահավաք սկսել, «Հեղափոխական ճակատը» գրաված կլինի Ազատության հրապարակը: Սոցիալիզմի գաղափարի հետևորդների համար դասակարգային թշնամիներ են ինչպես՝ գործող իշխանությունները, այնպես էլ՝ նրանց ընդդիմադիր համարվող կուսակցությունները, որոնց «Հեղափոխական ճակատի» ներկայացուցիչներն իրարից չեն ուզում տարանջատել՝ ասելով, որ այսօրվա Հայաստանը նրանք ստեղծել են միասնաբար և պետք է համատեղ պատասխանատվության ենթարկվեն:

 

Տեսանյութեր

Լրահոս