
ՌԴ ԱԳՆ-ը մտահոգություն է հայտնել Հարավային Կորեայում ամերիկյան ՀՀՊ համակարգերի հնարավոր տեղակայման կապակցությամբ

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Հարավային Կորեայում ԱՄՆ-ի ՀՀՊ-ի համակարգերի հնարավոր տեղակայումը բացասաբար կանդրադառնա համաշխարհային կայունության համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ը:
ՌԴ ԱԳՆ-ն ուշադրություն է հրավիրել Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Խան Մին Գուի այն հայտարարության վրա, որ չի բացառվում երկրի տարածքում ամերիկյան THAAD հակահրթիռային պաշտպանության համալիրների տեղակայումը:
ՌԴ ԱԳՆ-ը հայտարարել է, որ նման հայտարարությունները չեն կարող մտահոգություն չառաջացնել, քանի որ իրադարձությունների նման զարգացումն անխուսափելիորեն հանգեցնելու է տարածաշրջանի ռազմավարական իրավիճակի փոփոխմանը, ինչը հատկապես վերաբերում է Հյուսիս-Արևելյան Ասիայում սպառազինությունների մրցավազք առաջացնելուն:
ՌԴ ԱԳՆ-ը չի բացառել, որ դա կարող է ունենալ ավելի մեծ հետևանքներ և ազդել գլոբալ ռազմավարական կայունության վրա, ինչը շարունակում է խաթարվել ԱՄՆ-ի միակողմանի քայլերի պատճառով՝ կապված գլոբալ հակահրթիռային վահան ստեղծելու, ինչպես սպառազինության վերահսկման գործընթացների հետ:
ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ Մոսկվան հուսով է, որ Հարավային Կորեայի ղեկավարությունը մանրակրկիտ կկշռի տվյալ քայլի հնարավոր հետևանքները, այդ թվում նաև սեփական երկրի անվտանգության տեսանկյունից: