
Եվս 150 զինծառայող Աֆղանստանից վերադարձել է Վրաստան

Грузия Online-ի փոխանցմամբ՝ վրացի զինվորականների հերթական խմբաքանակը (150 զինծառայող) Աֆղանստանի Հելմանդ նահանգում չորս ամիս խաղաղապահ առաքելություն իրականացնելուց հետո վերադարձել է Վրաստան: Այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:
2-րդ հետևակային բրիգադի 23-րդ գումարտակը զինծառայություն է իրականացրել Հելմանդ նահանգի «Լեզերնեկ» ռազմաբազայում, որը գտնվում է ԱՄՆ-ի պատասխանատվության գոտում:
Աֆղանստանում վրացի զինծառայողների կողմից 4 տարի մարտական ծառայություն անցկացնելուց հետո 23-րդ գումարտակը հանդիսանում է վրացական վերջին ստորաբաժանումը, որը ISAF-ի շրջանակներում կոալիցիոն ուժերի հետ Աֆղանստանի Հելմանդ նահանգում Վրաստանի դրոշի ներքո իրականացրել է գործողությունների լայն շրջանակ:
Վրացական ստորաբաժանումներն Աֆղանստանից հայրենիք են վերադառնում փուլ առ փուլ: Նրանք այդ երկրից ամբողջովին պետք է դուրս բերվեն մինչև ընթացիկ տարեվերջ: