Ականջի օմբախցան
Ականջի օմբախցանն իրենից ներկայացնում է ծծմբի կուտակումն ականջի արտաքին լսողական անցուղում, որն այդ վայրում գտնվող ծծմբային գեղձերի գերարտազատության հետևանք Է։ Ականջի ծծումբը չի հանդիսանում հիգիենիկ խնամքի կանոնների խախտման արդյունք: Օմբախցանի առաջացմանը նպաստում են ականջի ծծումբի բարձր մածուցիկությունը, արտաքին լսողական անցուղու նեղությունը և ոլորունությունը: Ականջի օմբախցանի առաջացման համար բարենպաստ պայմաններ են ստեղծվում նաև անցուղու մեջ օտար մարմինների` ցեմենտի, ալյուրի փոշու ներթափանցումը:
Պաթոգենեզ
Օմբախցանը սկզբում փափուկ է, այնուհետև` գնալով քարանում է։ Կարող է ունենալ գունային տարբեր դիապազոն` բաց դեղինից մինչև մուգ դարչնագույն։ Այն դեպքերում, երբ ականջի օմբախցանն ամբողջությամբ չի փակում լսողական անցուղին, այն չի հանդիսանում որևէ խանգարման պատճառ: Իսկ երբ լսողական անցուղին լիովին խցանված է, հիվանդը սկսում է զգալ ականջի փակվածություն, ինչպես նաև լսողության զգալի թուլացում, բնորոշ է նաև այնպիսի ախտանիշ, ինչպիսին է` սեփական ձայնի ռեզոնանս փակված ականջում: Վերը նշված ախտանիշերի առաջացման բարենպաստ պայմանն ականջի մեջ հանկարծակի ջուր լցվելը կամ ականջը քչփորելն է: Այն դեպքում, երբ ականջի օմբախցանը ճնշում է լսողական անցուղու պատերը և թմբկաթաղանթը, այն դառնում է մի շարք այլ տիպի խանգարումների պատճառ, ինչպիսիք են` հազ, աղմուկ ականջներում և նույնիսկ գլխապտույտ:
Կանխարգելում/Բուժում
Նշված խանգարումներն ի հայտ գալուն պես անհապաղ պետք է դիմել բուժօգնության։ Մինչև ծծմբախցանը հեռացնելը, որոշ դեպքերում բժիշկը նշանակում է փափկեցնող միջոցներ: Անհրաժեշտ է նշել, որ վերոնշյալ փափկեցնող միջոցների օգտագործումից խցանը կարող է ընդարձակվել և ծանրալուրությունն ուժեղացնել, այնուամենայնիվ, դա չպետք է անհանգստության առիթ հանդիսանա: Խստիվ արգելվում է ականջի օմբախցանը հեռացնել ինքնուրույն՝ որևէ սուր առարկայի կիրառմամբ: Դա կարող է վնասել թմբկաթաղանթը, դրա հետ մեկտեղ՝ արտաքին լսողական անցուղու պատերը:
Doctors.am