Բաժիններ՝

Արևայրուքը կարող է դառնալ մաշկային քաղցկեղի առաջացման պատճառ

Թիվ 2 բուժմիավորման մաշկավեներաբան Սամվել Խաչատրյանն ու Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական ազգային կենտրոնի բժիշկ-ուռուցքաբան Հրայր Հակոբյանն այսօրվա ասուլիսում խոսեցին արևայրուքի և դրա հետևանքների մասին: Նրանց փոխանցմամբ՝ տարածված կարծիք կա, թե արևայրուքը լավ բան է, և մարդիկ հատուկ գնում են լողափ, որ արևայրուք ստանան: Բժշկության տեսանկյունից, սակայն, մասնագետների խոսքով՝ արևայրուքը լավ բան չէ: Մաշկը ավելորդ ճառագայթներ և որոշ չափով այրվածք ստանալուց հետո կորցնում է խոնավությունը, դիմադրողական հատկությունները և այդ ֆոնի վրա կարող են ի հայտ գալ մաշկային հիվանդություններ:

Մաշկի քաղցկեղների ռիսկի գործոնը հիմնականում համարվում են ուլտրամանուշակագույն ճառագայթները: Ըստ մասնագետների՝ գրեթե բոլոր մարդկանց մոտ կան որոշակի պիգմենտային գոյացություններ, որոնք ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության տակ կարող են վերափոխվել և դառնալ չարորակ ուռուցքներ, մելանոմաներ, տափակբջջային քաղցկեղներ: Արևի ճառագայթներից հատկապես պետք է խուսափեն մաշկի, մազերի, աչքերի բաց գույն ունեցող մարդիկ: Մաշկի բաց գույնը բացատրվում է մելանինի պակասով:

«Երբ մենք ավելորդ ճառագայթ ենք ստանում, մեր մաշկն ինքն իրեն պաշտպանելու համար ավելացնում է մելանինի արտադրությունը, որը մաշկին տալիս է դարչնագոյն երանգ՝ պաշտպանելով ուլտրամանուշակագոյն ճառագայթների ազդեցությունից»,- ասաց մաշկավեներաբան Սամվել Խաչատրյանը:

Բժիշկները խորհուրդ տվեցին այրևայրուք ստանալու անհրաժեշտության դեպքում օգտագործել պաշտպանիչ քսուքներ՝ 15 կաիֆիցենտից ոչ ցածր:

Կարդացեք նաև

Ըստ Ս. Խաչատրյանի՝ արևի ճառագայթներից պաշտպանող քսուքները իրենց ազդեցության տեսակով բաժանվում են երկու խմբի.

1. Արտացոլող քսուքներ, որոնք արտացոլում են արևի ճառագայթներն ու պաշտպանում արևայրուքից
2. Արևի ճառագայթներ ազդեցությունը թուլացնող քսուքներ, որոնք մաշկի վրա պաշտպանիչ որոշակի շերտ են ստեղծում և պաշտպանում վնասակար ազդեցությունից:

«Կաիֆիցենտը խոսում է այն մասին, թե ինչ աստիճանի է տվյալ քսուքն արտացոլում կամ թուլացնում ուլտրամանուշակագույն և ինֆրակարմիր ճառագայթների ազդեցությունը մաշկի վրա: Վաճառքում գտնվող միջոցները հիմնականում լավն են, բայց գերադասելի են հայտնի բրենդային միջոցները, որոնք ստուգված ու տարիներով փորձված են»,- ասաց մաշկավեներաբան Սամվել Խաչատրյանը:

Խոսելով արևայրուքի հետևանքները վերացնելու համար օգտագործվող ժողովրդական և այլ միջոցներից Սամվել Խաչատրյանն ասաց. «Ամենատարածված ժողովրդական միջոցը մածուն քսելն է, որը շատ սխալ է: Մածունից մաշկը չորանում է: Այն միայն ակնթարթային սառեցնող էֆեկտ կարող է ունենալ, որից հետո մաշկի վիճակը վատանում է: Եթե ձեռքի տակ չկա դեղամիջոց, ապա կարելի է ձեթ քսել մաշկի վրա (ցանկալի է չիչխանի ձեթ, որովհետև այն ունի բուժիչ և վերականգնող հատկություն):

Ձեթը փափկեցնում ու պատող շերտ է ստեղծում մաշկի վրա, որը մաշկը խոնավ է պահում:

Արևայրուքը առաջին կարգի, առաջին փուլի այրվածք է համարվում, հետևաբար` այն միջոցները, որոնք կիրառվում են այրվածքների ժամանակ, արևայրուքների դեպքում ևս կարելի է օգտագործել, սակայն այդ դեղամիջոցների կիրառումն այդքան էլ ճիշտ չի լինի: Կարելի է խոնավեցնող միջոցներ օգտագործել կամ մանկական քսուքներ, որոնք պարունակում են A, Eվիտամիններ»:

Հրայր Հակոբյանը` խոսելով D վիտամինի պակասը լրացնելու մասին, ասաց, որ դրա համար ոչ թե արևայրուք է հարկավոր ընդունել, այլ արևային լոգանքներ, առավոտյան 9-10-ն ընկած ժամանակահատվածում, 5-10 րոպե տևողությամբ:

Hարցին, թե ինչպե՞ս կարելի է խուսափել արևայրուքներից՝ Սամվել Խաչատրյանը պատասխանեց. «Արևայրուք կարելի է ստանալ ոչ միայն լողափում, այլև հագնված ու անձրևանոցի տակ: Դա բացատրվում է արևի ճառագայթների բարձր թափանցելիությամբ:

Սևանում ավելի արագ արևայրուք է տեղի ունենում, որովհետև բարձրադիր գոտի է, արևը մոտ է, անընդհատ քամի կա, որը մաշկը չորացնում է: Նույնիսկ երկարաթև հագուստով կարելի է արևայրուք ստանալ»:

Իսկ այն հարցին, թե հատկապես ո՞ր սեռի մոտ է ավելի շատ հանդիպում մաշկային քաղցկեղ՝ Հրայր Հակոբյանը պատասխանեց. «Ավելի շատ տղամարդկանց մոտ է հանդիպում մաշկային քաղցկեղ, որովհետև նրանք ավելի շատ են լինում դրսում: Կանանց մոտ հիմնականում հանդիպում է հղիության ընթացքում: Հորմոնային խախտումների ժամանակ նույնպես տեղի են ունենում պիգմենտային փոփոխություններ»:

Բժիշկները խորհուրդ տվեցին ժամը 10-17-ը խուսափել արևի տակ մնալուց, իսկ արևայրուք ստանալիս օգտագործել մեծ քանակությամբ հեղուկ, բայց ոչ ալկոհոլային:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս