Բարդ ժամանակներում Իսրայելին աջակցելը Վրաստանի բարոյական պարտքն է. Ուսուպաշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանն անում է իրենից կախված ամեն ինչ, որպեսզի Իսրայելին աջակցի միջազգային արենայում՝ այդ երկրի համար ծանր ժամանակներում:

Այս մասին Կնեսետի (Իսրայելի խորհրդարան) նախագահ Յուլի Էդելշտեյնի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին:

Ուսուպաշվիլին Իսրայել է ժամանել նախօերին՝ չնայած Իսրայելի տարածքի շարունակ հրթիռակոծումներին: Թել Ավիվի օդանավակայան ժամանելուց անմիջապես հետո հայտարարվել է մարտական տագնապ, և վրացական պատվիրակությունը լրագրողների հետ ստիպված է եղել որոշ ժամանակ անցկացնել ապաստարանում:

Էդելշտեյնը հայտարարել է, որ որևէ կասկած չի ունեցել այցի կատարման հարցում՝ չնայած առկա բարդ ժամանակներին և շնորհակալություն է հայտնել Ուսուպաշվիլիին՝ Գազայի հատվածի դեմ Իսրայելի գործողություններին Վրաստանի ցուցաբերած աջակցության համար:

Ուսուպաշվիլին իր հերթին ընդգծել է, որ Իսրայելի հանդեպ Վրաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ. «Վրաստանն աջակցում է ձեզ և կանի իրենից կախված ամեն ինչ, որպեսզի օգնի ձեզ ինչպես միջազգային արենայում, այնպես էլ ամեն կերպ: Դրանք լոկ խոսքեր չեն՝ պահպանելու համար երկու երկրների բարեկամական հարաբերությունները: Դա մեր բարոյական պարտքն է»:

Սրանից առաջ Վրաստանի կառավարությունը վրդովմունք էր հայտնել՝ կապված Գազայի հատվածից Իսրայելի տարածքի հրթիռակոծումների հետ:

Տեսանյութեր

Լրահոս