Դեժավյու, կամ՝ երբ դանակը հասնում է ոսկորին
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ պետք է ընդուներ «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի աշխատակիցների պատվիրակությանը, սակայն հանդիպումը հետաձգվել է և այս շաբաթ չի կայանա: Հանդիպումը նախաձեռնած ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը «168 Ժամին» հայտնեց, որ կառավարության ներկայացուցիչը հանդիպման հետաձգումը պատճառաբանել է վարչապետի զբաղվածությամբ: Թե ի՞նչ է կատարվում «Վանաձոր-Քիմպրոմում», Է.Մարուքյանը դժվարացավ մեկնաբանել.
«Տարբեր ինֆորմացիաների հակասություններ կան, մինչ օրս ինչ ասվել է, դա ըստ էության չի կատարվել: Եվ հիմա էլ ո՛չ վստահություն, ո՛չ հույս կա, որ ինչ-որ բան կլինի: Արմեն Մովսիսյանի հետ հանդիպման ժամանակ ասվել է, թե ՋԷԿ-ի հետ կապված ներդրողներ կան բալթյան երկրներից, կարող է` այն առանձին գործարկվի: Աշխատողներին խոսք են տվել, որ գործարկման պարագայում աշխատավարձի պարտքերը կփակվեն: Մնացյալը պետք է սպասենք, տեսնենք, թե այս հերթական խոստումն ինչ է լինում»:
Այն, ինչ ներկայումս կատարվում է «Վանաձոր-Քիմպրոմում», որոշ առումով հիշեցնում է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի ճակատագիրը, որն օֆշորային ընկերության «թեթև ձեռքով» հարկային պարտավորությունների հսկա բեռ կուտակեց, հասավ սնանկության շեմին, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ու էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանն էլ տարիներ շարունակ մոլորեցնում էին աշխատողներին` անվերջ հայտարարելով, թե ներդրողներ են փնտրում, բանակցում են, ահա-ահա կավարտեն բանակցությունները, աշխատավարձի պարտքերի խնդիրը կլուծվի, ու գործարանը կաշխատի: Իսկ մինչ այդ, աշխատակիցների հերթական ցույցից հետո 1 ամսվա աշխատավարձ էին հատկացնում այլ աղբյուրներից:
Ուշագրավ է, թե գաղտնիության ինչ թանձր քողով է պատված «Վանաձոր-Քիմպրոմի» սեփականատիրոջ անունը: Շրջանառվող լուրերի համաձայն` սեփականատերը բրիտանական օֆշորում գրանցված ընկերություն է, բայց Ա.Մովսիսյանն էլ, ով մինչ օրս գործարանի կուրատորն է, «Հետքի» հետ հարցազրույցում ասել է, թե սեփականատերը ռուսական ընկերություն է, բայց իր իսկ բառերով` «դժվարացել է կոնկրետ անունն ասել»: Տարօրինակ է, չէ՞: Ինչպե՞ս կարող է տարիներ շարունակ նախարարի պաշտոնը զբաղեցրած անձնավորությունը, ով այժմ խորհուրդներ է տալիս պետության ղեկավարին, հանկարծ մոռանալ այդ հսկա գործարանի սեփականատիրոջ անունը:
Միաժամանակ նա չի հապաղել հերքել, որ ինքը գործարանի բաժնետերերից մեկն է: «Ուրեմն` այն հարցը, որ իմ անունը շրջանառվում է գործարանի բաժնետերերի թվում, պետք է ասեմ, որ իմ անունը շրջանառվում է նաև «Նաիրիտի» բաժնետերերի թվում, իմ անունը շրջանառվում է նաև Ուկրաինայի մետալուրգիական հզոր կոմբինատների բաժնետերերի թվում: Ես որևիցե կապ չունեմ»,- «Հետքին» ասել է Մովսիսյանը: Նա նշել է, թե քանի որ «երկար ժամանակ զբաղվել է գործարանով, դա է ընդամենը պատճառը, որ սկսված բանակցությունները, որոնք ինքը վարում էր, շարունակում է, և փորձում են վերագործարկել»: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ Մովսիսյանն այլևս չի զբաղվում «Նաիրիտի» հարցերով:
Նախարարի հարցազրույցն ընթերցելիս` դեժավյուի զգացումը չի լքում: Մովսիսյանը, ինչպես և «Նաիրիտի» դեպքում, «Վանաձոր-Քիմպրոմի» աշխատակիցներին ևս վստահեցրել է, թե բանակցում են ներդրողների հետ, առաջիկայում սպասվում է հերթական աշխատանքային խմբի այցը, շատ շուտով դրական զարգացումներ կլինենգ Մովսիսյանն ասել է, թե գործարանի պարտքը շուրջ 40 մլն դոլար է, սակայն, մեր տեղեկություններով, իրականում պարտքը շատ ավելին է: Մովսիսյանը նաև հայտարարել է, թե թույլ չեն տա, որ «Վանաձոր-Քիմպրոմը» սնանկ ճանաչվի։ «Չեմ կարծում, որ գործը կհասնի սնանկության»,- ասել է նախկին նախարարը:
Մինչդեռ «Վանաձոի-Քիմպրոմն» արդեն սնանկ է ճանաչվել. անցած տարի գործարանի դեմ սնանկության պահանջով մի քանի դատական վարույթ է հարուցվել, այդ թվում` հոկտեմբերին ՀՀ ԿԱ ՊԵԿ խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունը դիմել էր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որն էլ, դատավոր Խաչատուր Խաչատրյանի նախագահությամբ, 2013 թ. նոյեմբերի 25-ին «Վանաձոր- Քիմպրոմ» ՓԲԸ-ին սնանկ էր ճանաչել: Գործարանի պարտքը պետբյուջեին գերազանցում է 2 մլրդ 159 մլն դրամը: Այնուհետև նույն ամսին ընկերությունը դիմել էր վերաքննիչ դատարան, որն այս տարվա հունվարի 31-ին բեկանել էր վճիռը և գործն ուղարկել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության: Այսպիսով` «Վանաձոր-Քիմպրոմի» գործով հերթական դատական նիստը կկայանա հուլիսի 30-ին (դատավոր Գագիկ Հովհաննիսյան):
ՊԵԿ-ի հայցով վճռի բողոքարկումն ու կրկին առաջին ատյանում գործի քննությունը նպաստել են, որպեսզի այլ կազմակերպությունների ներկայացրած հայցերի քննությունները, որ կասեցվել էին, նույնպես շարունակվեն: Մասնավորապես, այս ամսի 31-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Խաչատուր Խաչատրյանի նախագահությամբ, կշարունակվի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայցադիմումի քննությունը: Պահանջը նույնն է՝ սնանկ ճանաչել «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ն: