«Բա ու՞ր է այդ ծրագիրը»

Էդիկ Ստեփանյանի հետ կարողանում են շփվել հատուկենտ մարդիկ. կոշտ բնավորություն ունի, որի ետեւում թաքնված է մեծահոգությունն ու մեծ մարդասիրությունը:
Երեք որդիների հայրը տիկնոջ՝ Լեսմոնյայի հետ այժմ միայնակ են ապրում: Որդիներից մեկը` Ռաֆոն (հետմահու «Մարտական խաչ 2-րդ աստիճանի» շքանշանի ասպետ), զոհվել է պատերազմում, իսկ ավագն ու կրտսերն իրենց ընտանիքներն ունեն:

Այս ամուսինները նրանցից են, որոնց պատերազմը «տրորել է» իր ամբողջ ուժգնությամբ…

Մինչեւ Ղարաբաղյան շարժումը տիկին Լեսմոնյան աշխատում էր որպես փոստատար, իսկ Էդիկ քեռին` Հադրութի սովխոզում: Ինչպես եւ բոլոր սովորական ընտանիքները, խորհրդային տարիներին սեփական քրտինքով 1970 թվականին կառուցեցին տունը, որտեղ խաղաղ ապրում էին իրենց երեք որդիների հետ:

Սակայն, ինչպես բոլոր արցախցիների, այնպես էլ նրանց խաղաղ կյանքը միանգամից փոխվեց. մասնակիցը լինելով համաժողովրդական շարժման ալիքին, նրանք հետագայում էլ իրենց վրա կրեցին Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմի ամբողջ դառնությունը….

Պատերազմը սկսվելուն պես Ստեփանյան եղբայրները մեկնեցին ռազմաճակատ: Սամվելն այն մի քանի տղաներից է, որ Ստեփանակերտի գնդի կազմալուծումից հետո Հադրութ տեղափոխեցին շրջանին բաժին հասած զրահատեխնիկան:

Մելիքաշենի համար մղվող մարտերից մեկում եղբայրներից Սամվելը, վիրավորվեց, եւ նրան տեղափոխեցին Երեւան, որտեղ երկար բուժվեց: Ինչպես Սամվելը, այնպես էլ եղբայրները՝ Ռաֆոն ու Կարենը, մասնակցում էին գրեթե բոլոր մարտերին: Հայրն ու մայրը զբաղված էին «թիկունքի»` տան գործերով: Սակայն, այստեղ էլ պատերազմն արեց իր սեւ գործը: Տիկին Լեսմոնյան պատմում է. «Օգոստոսի 29-ը իմ ծննդյան օրն է:

Նույն այդ օրն էլ ամուսնացել ենք, բնակարանամուտ նշել, սակայն 1992 թվականի օգոստոսի 29-ը ինձ համար մնաց որպես սեւ օրերից մեկը…Այդ օրը շատ հանգիստ էր, չլսվեց ոչ մի ռմբակոծության ու կրակոցի ձայն, ուստի որոշեցի մաքրել ցորենը, որ ալրաղաց տանենք: Արդեն ավարտում էի աշխատանքս, մեկ էլ լսեցի պայթյունի ձայնը եւ սարսափելի ցավ զգացի….»:

Մայրը չի կարողանում պատմել մինչեւ վերջ, պատմությունը շարունակում է որդին` Կարապետը:

«Ես նոր էի եկել պոստերից, պառկած, հանգստանում էի, որ երեկոյան նորից գնամ ծառայության: Մորս արտասովոր բղավոցից դուրս թռա բակ, եւ տեսա, որ նրա աջ թեւը կախված է, կարելի է ասել, թելից: Շուտ հասցրեցինք հոսպիտալ, նրան վիրահատեցին»:

Նորից զրույցը շարունակում է տիկին Լեսմոնյան. «Իմ ոտքից մի ջիլ հանեցին, որպեսզի ամրացնեն ձեռքս… կարեցին: Սակայն հաջորդ օրը մարմինս սկսեց այտուցվել, եւ վիրաբույժ Գառնիկ Ալեքսանյանն ասաց, որ իմ մոտ գանգրենա է սկսվում, ու շտապ պետք է հատել իմ թեւը: Ասացին, որ մկանները բոլորովին վնասված են, եւ ուրիշ ոչինչ չի փրկի ինձ…Թեւս կտրեցին, իսկ հետո ինձ ուղղաթիռով տեղափոխեցին Երեւանի «Էրեբունի» հիվանդանոց, որտեղ բուժվեցի մեկ ամիս ու 15 օր: Այնուհետեւ երկու ամիս էլ մնացի քրոջս մոտ, որպեսզի կազդուրվեմ»:

Տիկին Լեսմոնյան չգիտի, թե ինչպես է բեկորը վնասել նրա ձեռքը, փոխարենը պարզաբանում է որդին. «Այդ ժամանակ մեզ (Հադրութը- հեղ.) գնդակոծում էին Բանազուրի կողմից: Այդ հրետանային արկերը կոչվում էին «Շռապ»: Դրանց վտանգը կայանում էր նրանում, որ արկերը պայթում էին օդում եւ բեկորները տարածվում շրջակայքում: Այդպիսի մի արկի բեկոր էլ ընկավ մամայի ձեռքին…»:

Սակայն դրանով ընտանիքի՝ 1992 թվականի ձախողությունները չվերջացան: Մելիքաշենի մոտակայքում մղվող մարտերից մեկում կոնտուզիա ստացավ Ռաֆոն, ում բուժման տեղափոխեցին Երեւան: Բուժման ընթացքում նրան հանգիստ չէր տալիս մոր ձեռքի անդամահատումը. նա ֆրանսիական պրոտեզ հայթայթեց մոր համար, սակայն տիկին Լեսմոնյան այդպես էլ չկարողացավ այն կրել:

1993 թվականի հունիսին, երբ սկսվեցին Հադրութը գնդակոծող ադրբեջանական կրակակետերի ոչնչացումն ու հետագա ազատագրումը, Նորաշենի համար մղվող մարտում վիրավորվեց Կարենը, ով այդ ժամանակ ԲՄՊ էր վարում: Սակայն, ինչպես եւ մյուս եղբայրները, բուժում ստանալուց հետո անմիջապես վերադարձավ մարտի դաշտ:
Ու նույնիսկ այդքանից հետո ճակատագիրը չխղճաց այս ընտանիքին. «Պատերազմ արդեն վերջանում էր, դա բոլորն էին զգում: Սակայն, 1994 թվականի ապրիլ ամսվա կեսերին ադրբեջանցիները նորից կատաղի հարձակումներ էին սկել: Մեր խիզախ տղաներն արդեն հասել էին Կարախանբեյլի: Հադրութն այլեւս չէր գնդակոծվում, մարդիկ հանգիստ զբաղվում էին իրենց առօրյայով, սակայն մեզ` ռազմաճակատում գտնվող ազատամարտիկների մայրերիս համար, պատերազմը դեռ վերջացած չէր: Մենք շարունակում էինք դողը սրտներումս սպասել մեր որդիների վերադարձին: Ռաֆոս այդպես էլ չտեսավ երկար սպասված պատերազմի ավարտն ու Ադրբեջանի պարտությունը. ապրիլի 18-ին զոհվեց, իսկ մայիսի 12-ին կնքվեց զինադադարը,- արցունքները խեղդում են որդեկորույս մորը:

Ասում են, ժամանակը բուժում է վերքերը, սակայն Ստեփանյանների վերքերը, կարծես թե, չեն բուժվում: Նրանց երբեմնի բարեկարգ տունն այսօր, կարծես, պատերազմից մնացած նմուշ լինի:

Որդու մահից հետո կյանքի հանդեպ հետաքրքրությունը կորցրած, իր մեջ տառապանքները զուսպ պարփակող Էդիկ քեռին չի էլ ուզում վերանորոգել տունը: Այստեղ դեռ կարելի է տեսնել գնդակոծություններից, բեկորներից վնասված պատերը: Իսկ Ռաֆոյի բացակայությունը ստիպել է նրանց չմտնել այն հարկը, որում այլեւս չեն լսվում նրա ոտնաձայները: Ամուսինները բարեկարգել են առաջին հարկը, եւ «յոլա են գնում այստեղ», նամանավանդ, որ տիկին Լեսմոնյայի առողջական վիճակը թույլ չի տալիս նրան բարձրանալ աստիճաններով՝ հոդացավեր ունի:

Պետական միջոցներով տունը վերանորոգելու հարցով շատ է դիմել: Ինչպես թոռնուհին է ասում՝ «Ինչ ինձ հիշում եմ՝ տատիկը դիմումներ է գրում տարբեր ատյաններ, սակայն տունն ինչպիսին կար, այնպիսին էլ մնացել է»:

Հետո շարունակում է տիկին Լեսմոնյան. «Առաջին անգամ դիմել եմ Հադրութի վարչակազմի ղեկավարի տեղակալ Սաֆարյանին, համագյուղացիս է, ասաց, որ պետությունը նման հնարավորություններ չունի, եւ իմ ասածն անհեթեթություն է: Ասաց՝ տաս տարի է, ինչ պատերազմը վերջացել է, դու նո՞ր ես եկել, թե տունս վերանորոգեք: Ինչպե՞ս ես դա պատկերացնում: Հետո դիմեցի վետերանների միության Հադրութի մասնաճյուղի ղեկավար Ավանեսյանին, նա էլ մինչեւ հիմա պատասխան չտվեց: Երրորդ դիմումս քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանինխան տեղեկացրեց, որ մեր տունը վերանորոգման ենթակա տների ցուցակում է ընդգրկված, սակայն այս պահին ֆինանսավորում չկա: Դե սպասում ենք, տեսնենք հիմա ինչ են անելու»:

Որդին` Կարենը, ասում է, որ էլ չի սպասելու պետության օգնությանը, ինքն է սկսելու վերանորոգել հայրական տունը: Երբ տեղեկացրեցի, որ կա պետական ծրագիր, որի շրջանակներում զոհվածների ծնողների տներ են վերանորոգվում, նա, ձեռքը թափ տալով, ասաց. «Բա ո՞ւր է այդ ծրագիրը»:

karabakh-open.info

Մարգարիտա Քարամյան

Տեսանյութեր

Լրահոս