«…Եվ 90 տարեկանում Հայրիկ Մուրադյանը սկսեց անգլերեն սովորել»
Ջութակահարուհի Նարինե Դելալյանը Պորտուգալիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի մենակատարներից է. վաղամեռիկ երաժիշտ Հարություն Դելլալյանի դուստրը, միաժամանակ Հայրիկ Մուրադյանի դստեր՝ «Ակունք» խմբի հիմնադիր Մարո Մուրադյանի հարսը: Մեծանալով երաժշտական ընտանիքում՝ Նարինեն ինքն արդեն այսօր կարող է հպարտանալ իր երաժշտական ընտանիքով, քանի որ ոչ միայն ամուսինը՝ միջազգային մրցույթների դափնեկիր, թավջութակահար Լևոն Մուրադյանը, այլև որդին ու դուստրը պրոֆեսիոնալ երաժիշտներ են:
Քսան տարուց ավելի է՝ Լևոն Մուրադյան-Նարինե Դելլալյան զույգը բնակվում է Պորտուգալիայում, սակայն՝ երբեք չի կտրել Հայաստանի հետ կապը: Ընտանիքի ջանքերով ընթացքի մեջ են հայ ազգագրական մշակույթի տարածմանն աջակցող «Հայրիկ Մուրադյան» հիմնադրամի ստեղծման աշխատանքները:
-Նարինե, Դուք հաճախ եք տարբեր ծրագրերով Հայաստան գալիս, արդյո՞ք վերադարձի նպատակ կա:
-Ես երբեք Հայաստանից չեմ հեռացել, միշտ ասել եմ՝ աշխատում եմ Պորտուգալիայում, ապրում` Հայաստանում: Մտքով, զգացմունքներով միշտ Հայաստանում եմ, միայն այստեղ եմ կարողանում լիարժեք և 24 ժամ ստեղծագործել, շունչ քաշել: Ես կարող եմ միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների հետ մի հիասքանչ համերգ ունենալ և շարունակ ապրել այդ զգացողությամբ, բայց միևնույն ժամանակ ոչ մի բանի հետ չեմ կարող համեմատել այն ուժը, որ ստանում եմ Հայաստանից:
Կոնկրետ ժամկետներ չեմ ուզում նշել, բայց վերադարձի նպատակ միշտ է եղել, քանի որ տարիներ առաջ երբ գնացինք Հայաստանից, մշտական մնալու ցանկություն չկար, գիտեինք, որ աշխատանքային առաջարկ է, և մի օր ետ ենք գալու: Կուզենամ իմ փորձով, իմ գիտելիքներով, որ հարստացան այդ շփումներից`փոխանցել եւ օգտակար լինել հայրենիքիս:
-Պորտուգալիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբում Ձեզնից բացի այլ հայեր կա՞ն:
-Կա մեկը, բայց ազգանունն էլ է փոխել, հայության մասին էլ չի խոսում: Իսկ այն նվագախմբում, որտեղ ամուսինս է աշխատում ՝ Պորտուգալիայի «Գյուլբենկյան» նվագախումբը, կան եւս երկուսը:
-Իսկ Ձեզ ինչպե՞ս է հաջողվում պահել հայությունը, չփոխվել:
-Դեռ մանկուց ստացած գաղափարային սնունդից է: Ծնված լինելով ոչ միայն մեծ երաժիշտ, այլև մեծ հայրենասեր Հարություն Դելլալյանի ընտանիքում և ապրելով Հայրիկ Մուրադյանի ընտանիքում, հնարավոր չէ փոխվել, ինքդ քո ինքնությանը դեմ գնալ: Լիսաբոնում մեր տունը կարծես փոքրիկ Հայաստան լինի, մենք Հայաստանով ենք ապրում, շնչում: Երբ հեռու ես լինում, ունեցածիդ արժեքն ավելի շատ ես կարեւորում: Միշտ զարմացել եմ բոլոր այն մարդկանց վրա, որոնք, Հայաստանից հեռանալով, սկսում են օտարանալ, հանկարծ մի քանի տարվա մեջ հայերենով դժվարանում են խոսել, «մոռանում» են:
-Աշխատելով Եւրոպայի մեծագույն նվագախմբերից մեկում, հետաքրքիր է՝ ինչպիսի՞ հարաբերություններ են տիրում այդպիսի խմբերում:
– Թվում է թե բոլորին միացնում է արվեստի լեզուն, և այդպիսի մեծ նվագախմբերում, արտաքուստ ի վերջո բոլորն էլ հավասար են: Բայց միեւնույնն է, ոչ տեղացի լինելու հանգամանքը ավելացնում է ինքնահաստատման պայքարի չափսերը: Այստեղ հարգանքի եւ սիրված լինելու պակասի խնդիր չկա, հակառակը, ամբողջ երաժշտական աշխարհը հրաշալի ճանաչում է մեզ: Կյանքը պայքար է, եւ պարզապես մեզանից պահանջված ջանքերը ավելի շատ են: Քչերին է հաջողվում չկորցնել ինքնությունը, կուլ չգնալ:
Միաժամանակ դրսում ապրող բոլոր հայերը իմ կարծիքով Հայաստանը ներկայացնելու պարտավորություն ունեն: Մենք մեր ընտանիքով`ես, ամուսինս եւ քույրս ստեղծել ենք «Դելլալյան Տրիո»-ն, որի համերգացանկում ընդգրկել ենք նաև հայ դասական երաժշտություն և փորձում ենք այդ ձևով ներկայացնել Հայաստանը՝ օտարներին:
-Մի քանի ստեղծագործող նույն տանը. ի՞նչ խնդիրներ են ծագում սովորաբար:
-Կարող են լինել ինչ-ինչ խնդիրներ, բայց աշխատում ենք միմյանց չխանգարել: Երբ տանը ինձ հարցնում են՝ ինչո՞վ օգնեմ, ասում եմ՝ չխանգարելով, ինձ մի խանգարեք, ամեն ինչ լավ կլինի: Եւ բոլորս էլ առաջնորդվում ենք նույն սկզբունքով: Մի շատ կարևոր բան կա, որ չի թողնում խնդիրներ առաջանան՝ նմանատիպ մտածողությունը, որ հնարավոր խնդիրներն էլ հասկանալի է դառնում յուրաքանչուրիս:
-Իսկ Լիսաբոնում աշխատանքից դուրս ինչո՞վ եք զբաղվում:
-Շատ եմ սիրում Պորտուգալիայի բնությունը, ծովը, սիրում եմ բնության գրկում լինել, նորից արվեստի աշխարհն է ձգում: Ի վերջո, եթե մարդն ունի իր փնտրտուքները, կապ չունի, թե որտեղ է ապրում, միշտ կգտնի այն: Ես գիտեմ՝ ինձ ինչ է պետք այս կյանքում, ուստի դրանք միշտ ինձ հետ են: Ինչ սիրելի է ինձ, ուր էլ լինեմ այդ թանկարժեքը իմ հետ է, իմ մեջ:
-Նարինե, հասցրե՞լ եք ճանաչել Հայրիկ Մուրադյանին, ինչպիսի՞ն էր նա:
-Նա ոսկի մարդ էր, իմ ճանաչած ազնվագույն, պարկեշտ մարդկանցից մեկը: Այնքան ազնիվ, որ նույնիսկ իր հորինած երգերը չէր տանում և հաստատում դրանց հեղինակային իրավունքը, հավատալով, որ բոլորը իր նման են: Եւ այդպես էլ իր լավագույն ստեղծագործություններից մեկի վրայից, որ Հայոց բանակի քայլերգն է դարձել, ինչպես գիտեք, ջնջվել է իր անունը: Այնքան մարդ գիտի դրա մասին, այնքան է խոսվում այդ մասին: Նույնիսկ «Հայրիկ» ֆիլմից հանվել է կատարողի անունը, բայց ֆիլմում երգը կատարում է Հայրիկ Մուրադյանը՝ իր անզուգական ձայնով, այդ ձայնը հնարավոր չէ շփոթել ոչ մի ձայնի հետ:
Երբ ամուսնացա, իր տանը կարճ ապրեցինք, գնացինք աշխատելու, չնայած ամեն տարի վերադառնում էինք: Բայց ես Հայրիկ Մուրադյանին լավ ճանաչեցի, երբ 1994-1995 թվականին Պորտուգալիայում մեր տանը մեկ տարի ապրեց:
-Հետաքրքիր է պատկերացնել Հայրիկ Մուրադյանին Պորտուգալիայում:
-Նա բացառիկ աշխատասեր մարդ էր, և այդ մեկ տարվա մեջ գիրք գրեց, շատ գործեր ավարտեց: Շատ կոկիկ և մաքրասեր էր, իր սենյակը չէր թողնում, որ մենք հավաքենք, ինքն էր շտկում, դասավորում: Մեր տուն օտարազգի մեր ընկերներն էին գալիս, հիանում էին Հայրիկով, ուզում էին խոսել հետը, լեզու չգիտեր: Մի օր էլ ասաց՝ ամոթ է, այսպես չի լինի, մարդկանց հետ չեմ կարողանում շփվել, պետք է լեզու սովորեմ, և 90 տարեկանում Հայրիկ Մուրադյանը սկսեց անգլերեն սովորել, գնեցինք գրքեր, տետրեր և սովորում էր: Իսկ վերադարձի մասին սկզբից պայման էր դրել, որ մեկ տարի է ընդամենը մնալու, և մեկ տարին լրանալուն պես Հայաստան վերադարձավ:
-Իսկ Ձեր հայրական ընտանիքում ի՞նչ ավանդույթներ են եղել: Կարո՞ղ ենք ասել, որ Ձեր հայրը՝ Հարություն Դելլալյանն այսօր ամբողջությամբ ճանաչված է երաժշտական աշխարհում:
-Չգիտեմ կոմպոզիտոր, որը ամբողջությամբ ճանաչված լինի: Նրա որոշ ստեղծագործություններ դեռևս կատարված չեն, բայց նոր սերունդն էլ է հետաքրքրված նրա գործերով, համերգացանկերում ընդգրկում են Դելլալյանի ստեղծագործությունները, կատարում են արտասահմանում, կոնսերվատորիայում դասավանդում են: Հայրս շատ ուշ է մտել երաժշտության ասպարեզ, փոքր տարիքից աշխատել է գործարանում, որպեսզի ընտանիքի կարիքները հոգա: Միայն իմ ու քույրիկիս ծնվելուց հետո է սկսել երաժշտական ուսումը: Ես Չայկովսկիի անվան դպրոցում էի սովորում և չէի հասկանում, թե ինչո՞ւ ուրիշների հայրիկները աշխատում են, դասավանդում են, իսկ իմ հայրը սովորում է:
Մենք 1 սենյականոց բնակարանում էինք ապրում, այդ փոքրիկ սենյակում և՛ուտում էինք, և՛ քնում, և՛ հայրս անվերջ ստեղծագործում էր: Իմ երեխաներին միշտ օրինակ եմ բերում հորս և Հայրիկ Մուրադյանի այդ անսպառ կամքը, նվիրումը. նրանց երկուսի համար էլ աշխատանքը սրբություն է եղել: Ասում եմ ՝ Հայրիկ Մուրադյանը 90 տարեկանում դեռ սովորում էր:
Իսկ իմ մայրը եղել է համբերատարության ու նվիրվածության խորհրդանիշ՝ մինչև վերջ նա աջակցում և քաջալերում էր ամուսնուն ստեղծագործական կյանքում, երբեք չէր տրտնջում:
-Նարինե, Դուք չափազանց նրբազգաց ներաշխարհ ունեք, այսօրվա դաժան աշխարհում դժվա՞ր չէ այդ ներաշխարհով մարդու համար:
-Արվեստագետները այդպես են՝ նրանք այլ կերպ են ընկալում աշխարհը: Դժվար է, իհարկե: Դաժան օրենքները շատ են, մարդկային հարաբերությունները կոպտացել են: Փրկում է կրկին արվեստը, երաժշտությունը, մեր արմատների, ազգայինի հետ մեր ունեցած կապը: Բայց նաեւ հենց զգայուն մարդու, մտավորականի ուսերին է դրված բարձրաձայնելու, խնդիրների վրա մարդկանց ուշադրությունը սեւեռելու պարտականությունը:
Ուստի պարզապես իրավունքը չունենք տկարանալու, հիասթափվելու այլ հակառակը`ամուր հիմքերով, գիտելիքիների վրա հիմնված, ազգային առողջ խառնվածքին հավատարիմ մնալով փորձենք փոխել, ներդաշնակություն մտցնել մեզ տրված պարգեւին, որ հենց ինքը` մեր կյանքն է: