Գերիների հարցում Ալիևը հաշվարկներ ունի. նրա միակ շահն է՝ անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանում իշխող ուժը վերարտադրվի. Արթուր Մարտիրոսյան

Փետրվարի 10-ին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կնոջ՝ Ուշա Վենսի և երեխաների հետ պաշտոնական այցով Երևանում էր։ Մեկ օր անց նա մեկնեց Բաքու։ «Զվարթնոց» օդանավակայանում Վենսը լրագրողների հետ կարճ զրույցում ասել էր, որ Բաքվում գերիների խնդրին անդրադարձ կլինի։

Այսօր  հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման։ Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարներին, բացի Բակո Սահակյանից և Արկադի Ղուկասյանից, նույն դատարանը դատապարտել էր ցմահ ազատազրկման։ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը նույնպես 20 տարի ազատազրման են դատապարտվել։

ԱՄՆ փոխնախագահի այցը Երևան և Բաքու որքանո՞վ կարող է ազդել Բաքվում ապօրինի դատապարտված հայ գերիների խնդրի վրա։

Բանակցային գործի մասնագետ, կոնֆլիկտաբան, CM Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ գերիների հարցն Ալիևի ձեռքին դարձել է քաղաքական լծակ։ Ըստ նրա՝ ով էլ այս խնդիրը բարձրացնի, Ալիևն այնպես է դիրքավորվել, որ ինքն է որոշում ընդունողը։

Կարդացեք նաև

«Ալիևն այդ որոշումը կարող է ընդունել, հաշվի առնելով, թե ինչ կարող է շահել։ Այս պահին Ալիևի միակ շահն է՝ անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանում իշխող ուժը վերարտադրվի։ Եթե իր հաշվարկներով տեսնի, որ ավելի քիչ բան ունի կորցնելու ներսում, այսինքն՝ եթե դատական վճիռները կան, հանդես գա որպես «սուլթան», որն իր կամքով «մարդասիրական» քայլ է անում, և դրանից շահելու է նաև Նիկոլ Փաշինյանը, հնարավոր է՝ գնա «մարդասիրական» քայլի։ Չեմ կարծում, որ այսօրվա վիճակում Վենսը կամ եվրոպական այլ խաղացողներ այնպիսի լծակներ ունեն, որ կարողանան Ալիևի առջև հարցն այնպես դնել, որ գերիներին բաց թողնի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Մարտիրոսյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ բոլորն ավելի մեծ շահեր ունեն կապված Ադրբեջանի հետ և դրանք չեն կարող անտեսել հայ գերիներին ազատ արձակելու դիմաց։

«Ես չեմ կարող ասել, թե հիմա Ալիևն ինչ կանի, բայց ասում եմ, թե ինչ հաշվարկներ կարող է անել։

Եթե Ալիևը նման հաշվարկներ անի, ապա մեր հանրությունն այդ քայլը չպետք է ընդունի որպես մեր իշխանությունների կողմից արված նվաճում, պարզապես պետք է նայենք ու տեսնենք, թե ինչու է այդպես արվում։ Եթե նման բան տեղի ունեցավ, ապա իշխանությունները դա անում են միայն իրենց նախընտրական կապիտալն ավելացնելու համար»,- հավելեց Արթուր Մարտիրոսյանը։

Հարցին՝ իրատեսակա՞ն է, որ ՀՀ իշխանությունը «խաղաղության պայմանագիր» կստորագրի այն պայմանով, որ Ադրբեջանն ազատ արձակի բոլոր հայ գերիներին, Արթուր Մարտիրոսյանը պատասխանեց՝ չի կարծում, թե ՀՀ իշխանությունն ի վիճակի է որևէ բան անելու, որն իրենց պատկերացմամբ՝ կարող է հանկարծ զայրացնել Ալիևին։

«Նման քայլերից իշխանությունը խուսափում է, հակառակը՝ ամեն ինչ անում են, որպեսզի Ալիևն ու Էրդողանը տեսնեն, որ ՀՀ-ում իշխանությունը տանում է այն ուղղությամբ, որն իրենք արդեն գծել են։ Խոսում են ինքնիշխանության մասին, բայց ի՞նչ ինքնիշխանություն, երբ դրսի խաղացողների պահանջով դու պատրաստ ես փոխելու քո Սահմանադրությունը։

Իհարկե, Սահմանադրությունը կարող են փոխել, եթե երկրի ներսում դրա պահանջը կա, բայց եթե նման պահանջ կար, արդեն 8 տարի է՝ այդ պահանջը չի իրականացվել։ Եթե նախկինում մերժում էին, ապա այսօր պարզ է, չէ՞, որ Ալիևի պահանջով են գնում այդ քայլին։ Եթե դու դրսի պահանջով ինչ-որ քայլեր ես անում, ի՞նչ ժողովրդավարության մասին է խոսքը։ Չեմ կարծում, որ այս իշխանություններից պետք է սպասենք, որ կարող են փորձել նման պահանջներ դնել Ալիևի առջև, նույնիսկ տեսականորեն հնարավոր չէ»,- շեշտեց նա։

Շարունակելով միտքը, Արթուր Մարտիրոսյանը նաև ընդգծեց՝ եթե խոսում են խաղաղության մասին, ապա այդ ամենը պետք է լինի երկուստեք, մինչդեռ Ալիևի պատկերացմամբ՝ Հայաստանին պետք է պահի կախվածության մեջ ու նսեմացված, ինչն էլ իրականացնում է ՀՀ իշխանությունը։

Տեսանյութեր

Լրահոս