Տաթևիկ Սիմոնյանը միացել է Forbes-ի Հաղորդակցությունների խորհրդին
Forbes-ի Հաղորդակցությունների խորհուրդը (Forbes Communications Council) Forbes խորհրդի մաս է: Այն իրենց ոլորտներում առաջնորդ-ղեկավարների փակ համայնք է, որին հնարավոր է միանալ բացառապես հրավերով:
SPRING PR ընկերության համահիմնադիր և Doing Digital Forum-ի հիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը հրավեր է ստացել անդամակցելու Forbes-ի Հաղորդակցությունների խորհրդին: Ընտրության հիմքում բիզնես ոլորտում ունեցած ազդեցությունն է, մասնագիտական փորձն ու ձեռքբերումները:
«Forbes-ի Հաղորդակցությունների խորհրդին անդամակցելը մեծ պատիվ է և, ըստ էության, ռազմավարական հաղորդակցությունների ոլորտում իրականացված աշխատանքի գնահատանքը: Ավելին, սա կարևոր հնարավորություն է՝ շփվելու աշխարհի առաջատար փորձագետների հետ, մտքեր փոխանակելու հաղորդակցության ոլորտի զարգացումների վերաբերյալ և մասնակցելու այնպիսի քննարկումների, որոնք ազդում են տարբեր շուկաներում բիզնես որոշումների կայացման վրա: Համոզված եմ, որ այս շարունակական երկխոսությունն ու համագործակցությունը ոչ միայն կհարստացնեն իմ մասնագիտական ուղին, այլև էլ ավելի լսելի կդարձնեն Հայաստանի ձայնն ու կամրապնդեն մեր երկրի դիրքը համաշխարհային հաղորդակցության օրակարգում»,-ասել է Տաթևիկ Սիմոնյանը:
Որպես Forbes-ի Հաղորդակցությունների խորհրդի անդամ՝ Տաթևիկ Սիմոնյանը նաև հնարավորություն կունենա իր հեղինակային փորձագիտական հոդվածները հրապարակել Forbes.com կայքում։
Ռազմավարական հաղորդակցությունների ոլորտում շուրջ երկու տասնամյակի փորձի շնորհիվ Տաթևիկ Սիմոնյանը սերտ կապեր է հաստատել մասնագիտական համայնքների հետ և իր ներդրումն ունեցել արդյունավետ հաղորդակցության ռազմավարությունների մշակման, միջմշակութային փոխգործակցության խթանման և ոլորտի չափորոշիչների զարգացման գործում։
Տաթևիկ Սիմոնյանն այժմ Լոնդոնում գործող Հասարակայնության հետ կապերի միջազգային ասոցիացիայի (IPRA) տնօրենների խորհրդի անդամ է, որտեղ ներկայացնում է Արևմտյան Ասիան և Մերձավոր Արևելքը, հանդիսանում է Դավոսի համաշխարհային հաղորդակցության ֆորում ասոցիացիայի (WCFA) խորհրդի եւ Ամերիկայի հասարակայնության հետ կապերի ասոցիացիայի (PRSA) անդամ:
Նրա նշանակալի նվաճումների թվում են Doing Digital Forum-ի հիմնադրումը, որը թվային փոխակերպումների բազմաբնույթ թեմաները քննարկող և լուծումներ առաջարկող միջազգային հարթակ է, ինչպես նաև 2022 թվականին Նյու Դելիում կայացած «PR & Corp Communications» գագաթնաժողովում «Տարվա համաշխարհային PR առաջնորդ» (Global PR Leader) տիտղոսին արժանանալը։



