«Թող ամեն մեկն ապրի այնտեղ, որտեղ կա: Պետք չէ նորից իրար խառնել ամեն ինչ»
«Վագանը թաղեմ ես շորերով, Վագանին ճանաչո՞ւմ ես չէ»,- մարտակերտի բարբառով է խոսում: Հարցնում է քմծիծաղով: Խոսքը մարտակերտցի լուսանկարիչ Վահանի մասին է: Մինչ այդ զրույցն ընտանիքի, զավակների մասին էր: Այրուկին հպարտությամբ չորս երեխաների հաջողություններն էին պատմում, նաեւ այն մասին, թե ինչպես պատերազմից հետո վերադառնալով հայրենի քաղաք՝ տան տեղում միայն ավերակներ գտան: Ռաֆիկը հիշում է , երբ Ստեփանակերտից զանգեց Երեւան, հարազատներին չգիտեր ինչպես պատմեր դրա մասին:
«Ասացի՝ «մամա, տունը կա, լավ է, եթե երեխաներին մի անկյունից բաց թողնես՝ անարգել տան մյուս ծայրը կհասնեն, ոչնչի դեմ չեն առնի փոքրիկները»: Մայրս էլ թե `«Ա եթիմ, դե ասա բան չի մնացել էլի»: Ասացի՝ «Մամա դա դու ասացիր, ոչ թե ես»:
Տունը վերականգնելուն զուգահեռ նաեւ խելացի երեխաներ մեծացրին: Ապրած դժվարությունների մասին պատմություններն էլ պատերազմի մասին հիշեցրին, բայց տանտերը, շարունակելով կնոջ բացած թեման, զրույցն այլ ուղղությամբ տարավ: Անսպասելի:
Ծիծաղի ալիքներն անընդհատ ողողում էին հյուրասենյակը, որտեղ խմբվել էին զավակներն ու թոռները: Պատերազմի մասին կատակերգություն էր ներկայացրածը, որի գլխավոր հերոսը ինքն էր` Մարտակերտի ռազմական հոսպիտալի շտապ օգնության վարորդ Ռաֆիկ Բաղունցը:
«Վկայականի համար ուզում էր նկարել լուսանկարիչ Վագանը: Միրուքով էի: Խոսք էի տվել ինքս ինձ՝ մինչեւ Մարտակերտի իմ տան շեմին ոտք չդնեմ, չեմ սափրվի: Ասաց` «մրըքավ նկարում չընք»: Ասացի՝ «Պա սկի նկարում էլ: Առանց նըկար էլ ըմ կռեվ անում, առանց ուդաստավերենի էլ»:
Երբ վեճը երկարեց ասացի՝«Արա՝ Ֆիդել Կաստրոն էսա քառասուն տարե մրըքավ Կուբան ղեկավարում ա, նկարվում էլ ա, ինչի՞ Կաստրոյին կարելի ա մրըքավ նկարված, ինձ չէ»: Վերջը համոզեցի»,- ծիծաղով պամում է իր եւ լուսանկարիչի վեճը, ապա շարունակում:
-«Մի տարի հետո, երբ Մարտակերտը ազատագրվում էր, վերջին պահին եկա մեր տուն տանող փողոցի անցումի վրա նստեցի ու թրաշվեցի: Բռնացրեց, Վագանը, նկարեց, ինձ էլ դրանից նվիրեց, մեծադիր: Ասաց` «Ա զարազա, նրա համար եմ նկարում, որ եթե հանկարծ քեզ խփեն, գոնե էդ առիթի համար մի նկար ունենաս».- ծիծաղում է, թաքուն նայում ժպտացող տիկնոջը, ում աչքերում արթնացած հուշեր կան: Ամենեւին ոչ թեթեւ ու կատակերգական:
Այն օրերին յուրաքանչյուր մարտիկի եւ նրա ընտանիքի համար լուսանկարիչ Վագանի ասածը ամենահավանական հեռանկարն էր:
Ընտանիքը Մարտակերտի անկումից հետո Ստեփանակերտ տեղափոխվեց, ապա Երեւան:
Լուր ստացավ, որ ողջ ընտանիքը հիվանդ է: Երբ հերթական վիրավորին հասցրեց Երեւան, որոշեց նաեւ հիվանդանոցում գտնվող երեխաներին այցելել: 40 աստիճան տաքության մեջ գտնվող Սարգիսը ճանաչեց հորը, սկսեց ծիծաղել ու հրաշք էր, ջերմությունը սկսեց իջնել: «Երեւի կարոտից էր, իսկ ահա աղջիկս ու ավագ որդիս չճանաչեցին, ասում էին` մին ձյաձյա է եկել: Շան որդի, ինչ «ձյաձյա»»:
Ռաֆիկը, տեղում շարժվեց: Գրկում քնած թոռան համար ավելի հանգստավետ դիրք ապահովելու համար, թե պարզապես պատերազմի ահավոր դրվագներն իրար մոտ բերելու՝ հերթականը, զավեշտականը փնտրելով հուշերի ծալքերում:
«Մարտերում, իհարկե, եղել ենք: Ամեն տեղ: Շտապ օգնության մեքենա էր: Ամեն տեղով անցել ենք եւ կռվի թեժ կետերն ենք մտել եւ ականների վրայով անցել: Բախտի բան էր: Ոչինչ չպատահեց»:
Համոզմունքը, որ իր բաժին մահը ինչ-որ տեղ հեռու է, ծնվեց պատահաբար: Իր անցած ճանապարհի վրա ական պայթեց: Իր անցնելուց ընդամենը մի քանի րոպե հետո:Երբ բացված ձագարի մեջ նայեց, կամայից մտքում ասաց «Վերջ, իմ մեռնելը վերջացավ»:
«Ամեն ինչ եղել է…Ամեն ինչ: Հրամանատարները նույնիսկ զենք են քաշել վրաս, որ հետ պահեն ականապատ դաշտերով ու ճանապարհներով անցնելուց: Ինչպես ենթարկվեի: Շրջանցելու դեպքում ժամանակ էի կորցնում, նշանակում է նաեւ կյանք», ասում է շտապօգնության վարորդը:
«Ի՞նչ պատմեմ, ո՞րը պատմեմ` ծիծաղելի է, նույնիսկ ամոթ»,-ասում է այնպես, կարծես թե կյանքի ու մահվան հետ կռիվ տվող հարյուրավոր մարտիկների չի դուրս բերել կրակի տակից ու չի տեսել անտառներում ծվարած ռազմական հոսպիտալի մահաշատ առօրյան:
«Ձյուն էր: Մենք Դրմբոնում էինք, հոսպիտալը՝ Ցեխ ձորում: Տրակտորով հղի հարս բերեցին Կճողոտից: Չհամաձայնեցին, որ տեղում ազատենք երեխան: Ստեփանակերտ պիտի տանեին, կամ հոսպիտալ: Բարձրացանք, ձյունն այնքան շատ էր, որ մնացինք ճամփին: Տղամարդկանցով ընդունեցինք երեխային: Անունն Արցախ դրեցին»: -Փրկված բազմաթիվ կյանքերից այս մեկն է հիշում:
Ձայնը սկսում է դողալ: Ցավի նոտաններն այլեւ չի հաջողվում զսպել: Հիշում է նրանց, ում չհաջողվեց տեղ հասցնել, ընտանիքի գիրկը վերադարձնել: Խոստովանում է`«Երբ հիշում եմ, փշաքաղվում եմ: Հեռուստատեսությամբ ինչ տեսնում եմ ուրիշ տեղերի մասին՝ մերն է աչքերիս առաջ: Ոչ մեկին չեմ ցանկանում վեարպրել այդ ամենը»:
Կռվից հետո եկանք: Տուն տեղ ստեղծեցինք: Ես բանվորն էի, դրսում: Կառուցող վարպետը կինս էր: Գորովանքով նայում է տանտիրուհուն, որ համեստորեն ժպտում է:
Ընտանիքով են ասում՝ սահմանի մոտ լինելը զգում են, բայց հարմարվել են:Հայրն ասում է` ինքը միշտ առաջին գծում էր, կրակի տակ: Այդ զգացողությունն իրեն մինչեւ հիմա չի լքել: Ընտանիքն էլ իր հետ էր: 1994 թվականի հուլիսի 1-ին արդեն Մարտակերտում էին երեխաները: Կռվող զինվորների համար փողոցում խաղացող երեխաները չտեսնված հրաշքի էին նման: Այդ հրաշքն իր զավակներն էին, որ բերեց տուն, չնայած կռիվը դեռ շատ մոտ էր, վտանգն օդում կախված:
«Պատերազմի ժամանակ, երբ ճակատից Հայաստան գնալու հնարավորություն եղավ, ոչ ոք չէր հավատում, որ կվերադառնամ: Բարեկամներս էլ հորդորւմ էին մնալ, օգտվել առիթից, փրկվել: Չհամաձայնվեցի: Մտածում էի, եթե մեզ մեր տանը տեղ չեն տալիս, ուրիշ վայրում տեղ կտա՞ն: Եթե մնայի՝ ով գիտի ինչ կլիներ: Լավ կլինե՞ր, վատ կլինե՞ր: Հինգ օր դիմացա: Վերադարձա: Բարեբախտաբար ողջ մնացի: Երբ Մարտակերտը թողնում էինք ուզում էի իմ ձեռքով տունը հրդեհել, որ ոչ ոքի չմնա: Ինչ-որ բան չթողեց: Քանի տեղ է փոխել մեր հոսպիտալը, որտեղ էլ գլուխս դրել եմ, գիշերով մեր տանն եմ եղել: Այդ զգացողությունը միշտ ինձ հետ էր»:
«Խաղաղությունը, որ լինի, կգան բոլորը: Ժողովուրդն ասում է` «Սեւ օձ տեսածը, սեւ չաթուից /պարանից/ էլ է վախենում»: Այդպես եւ մերոնք՝ մարտակերտցիները, որ ցրվել են, վախենում են, չեն վերադառնում»:
«Իսկ ես այստեղ ավելի հանգիստ եմ: Ինձ համար ինչ տարբերություն սահմանն այստեղ է, շատ մոտ, թե հիսուն կմ այն կողմ: Եթե առաջին կրակոցը եղավ՝ ամեն ինչ իրար է խառնվելու: Մենք առաջ ենք գնալու: Մենք ոսկոր ենք գերտերությունների առջևը: Առեւտուր են անում»: Զինադադարի կնքման իր մեկնաբանությունն ունի մարտակերտցի Ռաֆիկ Բաղունցը: «Ադրբեջանը Թուրքիային ներքաշեց, Թուրքիան ու Ռուսաստանը հանձայնության եկան: Թե չէ արդեն Մինգեչաուրն էր դատարկվում, իսկ հետո՝ ծովն էր»:
Ասում է, որ անցածն իսկական հայրենական պատերազմ էր: Զոհը, վիրավորը, անահայտ կորածը: Ժողովրդի համար էր ամենը:
Պատերազմի ամենավատ հետեւանքը բռնատեղահանումից վերադարձած Մարտակերտի համար մարդասիրական օգնություններն է համարում չորս երեխաներ դաստիարակած Ռաֆիկ Բաղունցը: Բացատրում է, մարդիկ տարիներով ապրուստի հնարավորություն չունենալով՝ սովորել են ուրիշի օգնությանը սպասել, արդյունքում նաեւ աշխատելուց, դժվարությամբ եկամուտ ստեղծելուց հետ են վարժվել: Խոսքի մեջ ցավ ու բողոք կա: Ու՞մ դեմ: Ընկերո՞ջ, հարեւանի՞, հետպատերազմական բարքերի՞, թե՞ հենց պատերազմի դեմ…Շարունակում է:
«Պատերազմը նաեւ մարդկություն անելու տեղ է: Օրինակները շատ են: Ով տեխնիկա ուներ, բոլորի դարդին պիտի հասներ: Այլապես չէր լինի: Հիմա է, որ ժամանակները փոխվել են:Պահնաջմունքները մեծացել: Առաջ տրակտորին, որպես տրանսպորտի «Բարեւ» էին ասում, հիմա ՋԻՊ-ին չեն հավանում:
Ինչքան ապրուստը լավանում է, այնքան պահանջմունքներն ավելանում են: Արդյունքում նաեւ աշխատածը չի հերիքում: Երբեմն հիշում ենք անցած նեղությունները: Փորձում բավարարվել ունեցածով: Բայց կյանքը փոխվում է: Մարդիկ նույնպես: Նորից՝ տուն-տեղ, երեխաների համար ամենալավը…Ու ստացվում է չի հերիքում: Դժգոհություններ են ծնվում»:
Ավագ որդին հիմա Ռուսաստանում է: Գնացել է փող վաստակելու: Համալսարանի կերպարվեստի բաժինն է ավարտել: Դպրոցում նկարչություն ու գծագրություն էր դասավանդում: Ստացածը չէր բավարարում:
Մյուսները Արցախում են: Ամեն մեկն իր գործին: Ամեն տեղ պատվով են: Ծնողները հպարտանում են նրանցով:
«Կգա: Սուրենն էլ կգա: Անպայման կգա»,-համոզված է հայրը, հպարտությամբ ցույց տալով որդու ձեռքի աշխատանքները:
Նախկին մարտիկի ապագայի վերաբերյալ մտապատկերներում «Ադրբեջան» բառը միայն պատերազմի հետ է կապվում: Որ պատերազմի հետեւանքով հեռացած ադրբեջանցիները երբեւէ կարող են վերադառնալ՝ չի հավատում: Իր ապագայում այդպիսի սցենար չկա: ««Ժողովուրդն ասում է՝ ատամդ ցավում է, հեռացրու: Հարեւանդ վատն է, տունդ փոխիր»: Վատ հարեւաններ էինք չէ՞: Դրա համար էլ հեռու ենք հիմա իրարից: Թող ամեն մեկն ապրի այնտեղ, որտեղ կա: Պետք չէ նորից իրար խառնել ամեն ինչ»:
Ամեն անգամ, երբ խոսք է բացվում ադրբեջանցիների մասին, առաջին բառը, որ ասում է «կռիվն» է: Ապագայի իր սցենարներում համատեղ կյանքը տեղ չունի:
Ինքն առայսօր սահմանապահ է զգում իրեն, թեեւ ծառայությունն ավարտել է ուղիղ տասը տարի առաջ՝ «Օրական գնում եմ տղաների մոտ, հատկապես երբ անհանգիստ է դիրքերում»:
«Ես չեմ ափսոսում, որ մնացել եմ: Տոներից տոն մեդալներ են տալիս: Ես չունեմ: Ինչ եմ անում մեդալը: Իմ մեդալն իմ կինն է, երեխաներս: Իմ մեդալն այն է, որ մեր տանն ենք, երեխեքս ինձ հետ: Իմ կրծքանշանն է»,-գրկում քնած թոռանն է ակնարկում, փոքրիկի ճակատից սրբում քրտինքի կաթիլները: «Ճիշտ չէ դա».- հանկարծ ըմբոստանում է: Պարզվում է զավակների դեմ, թոռների համար: «Չորս աղջիկ են, մի տղա: Ճիշտ չի: Տղա պիտի լինի, որ հայրենիքը պաշտպանի: Ամեն մի տնից գոնե մեկը պարտադիր ծառայության պիտի գնա»:
Լուսինե Ավանեսյան
karabakh-open.info