Ազատ Արշակյան. «Մեզ ասում են՝ եթե դուք սխալներ թույլ տաք, դուք հետ կստանաք Ռոբերտ Քոչարյանին»

«Ես կարուծում եմ, որ Հայաստանի բոլոր քաղաքացիներն իրավունք ունեն արտահայտվելու և հայտարարություններ անելու: Այդ իմաստով շատ բնական է, որ Ռոբերտ Քոչարյանը հայտարարություն արեց»,- ասաց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը՝ խոսելով Ռոբետ Քոչարյանի վերջին հայտարարության մասին: Նրա խոսքով՝ եթե դա գնահատենք որպես ինքնապաշտպանություն (այսինքն՝ ինքը փորձում է արդարացնել իր նախագահ եղած ժամանակ ինչ-որ արարքները), դա նույնպես բնական է:

«Կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի ասպարեզ իջնելը և այդ ձևով հանդես գալը խորհրդանշական է: Դրա մեջ կա մեծ սիմվոլ: Այսինքն՝ սա մեր պետության դեմ ագրեսիայի էլեմենտներից մեկն է: Էշալոնացված ագրեսիա կա: Ինչ-որ ժամանակ առաջ եկավ Կիսելյովը, դրանից հետո մեզ ուղարկեցին Լավրովին: Ես ուզում եմ ասել, որ շատ շերտավոր, բազմաշերտ գրոհ է գնում Հայաստանի վրա, իսկ Ռոբերտ Քոչարյանի ասպարեզ գալով՝ մեզ սպառնում են: Ինչ-որ մեկը մեզ սպառնում է՝ ասելով՝ «այսպիսի զենք էլ մենք ունենք Հայաստանի Հանրապետության դեմ»: Մեզ ասում են՝ «եթե դուք սխալներ թույլ տաք, դուք հետ կստանաք Ռոբերտ Քոչարյանին: Նա պատրաստ է, նա հայտ է ներկայացնում, որ հետ կգա, իսկ մենք կօգնենք նա հետ կգա ու այդ դեպքում դուք կունենաք Ռոբերտ Քոչարյանին»:

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը բավականին արժեքավոր էր մի քանի տեսանկյունից. «Առաջին, ինքը հստակ ասում է այն գործարքները, որոնք վնաս են Հայաստանի Հանրապետությանը ու մեր ժողովրդին: Դրանով բոլոր նրանց, ովքեր անհիմն Քոչարյանին մեղադրում են տարբեր մեղքերի մեջ, ասում է, որ «եթե կան նման մեղքեր, ես ասում եմ կոնկրետ օրինակներ, դուք էլ կոնկրետ օրինակներ փաստերով դրեք սեղանին»:

Երկրորդը՝ Հայաստանի անկախության համար պայքարած մարդիկ, Հայաստանի անկախության կարգավիճակում ասում են, որ Հայաստանը ոչ մի ձևով անկախ չէ, ղեկավարվում է դրսից: Կարելի է հարց տալ, Ազատ Արշակյան, Սերժ Սարգսյանն ո՞ւմ կողմից է ղեկավարվում»:

Կարդացեք նաև

Ա. Արշակյանն այսպես պատասխանեց Գ. Իսագուլյանի հարցադրմանը. «Հայաստանի իշխանությունը լիարժեք իշխանություն չի եղել իր ամբողջ պատմության ընթացքում: Ամբողջ համակարգը, ոչ միայն Սերժ Սարգսյանը, ղեկավարվում, ուղորդվում է ռուսական իշխանության կողմից»:

Գ.Իսագուլյանն էլ հակադարձեց. «Այդ դեպքում Ռուսաստանն ի՞նչ խնդիր ունի վախեցնելու Սերժ Սարգսյանին Ռոբերտ Քոչարյանով»:

Ի պատասխան Ա. Արշակյանն ասաց, որ ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանն իշխող կուսակցությունը դարձրեց Եվրոպայի ժողովրդական կուսակցության անդամ, որը, ըստ նրա՝ շատ կարևոր է. «Սերժ Սարգսյանի իշխանության օրոք Եվրամիության համագործակցության հետ կատարված այդ 3-4 տարվա քաղաքական կուրսը (շատ տհաճ է Ռուսաստանի համար) սեպտեմբերի 3-ին կասեցրեցին, որը նշանակում է, որ Սերժ Սարգսյանը տարբերվում է մյուս նախագահներից նրանով, որ ինքն է այդ կուրսը ապահովել»:

Գ. Իսագուլյանն էլ ասաց, որ այդ 4 տարիների գործունեությունը Հայաստանին և հայ ժողովրդին տվեց այն, որ իրավիճակը սոցիալապես վատացավ, աղքատության մակարդակը բարձրացավ, տնտեսական ամբողջ համակարգերը քանդվում են, պարտքը եռապատկվեց, քառապատկվեց. «Այսինքն՝ այդ կուրսը 4 տարվա ի՞նչ տվեց Հայաստանի Հանրապետությանը: Այսինքն՝ եթե դուք մտածում եք, որ Հայաստանը գնում-մտնում է ինչ-որ մի կառույց, դրանով կարելի է ասել մարդը գո՞րծ է արել»:

Ա. Արշակյանը նշեց, որ Հայաստանում տնտեսական քաղաքականության անկման համար, բացի ակնհայտ անշնորք կառավարման հանգամանքից՝ շատ մեծ ազդեցություն ունի հենց իմպերինա. «Նա հենց ուզում է զենք տալ անկախ պետությունը կործանման տանող ուժին, որ դուք ասեք՝ «այ, արտագաղթը ձեր չկայացած պետության, ձեր չկայացած իշխանության շնորհիվ է, աղքատությունը ձեր չկայացած պետականության շնորհիվ է»: Այսինքն՝ դա հենց ագրեսիա է»:

 

Տեսանյութեր

Լրահոս