Ինչպես է ՀԾԿՀ-ն էներգետիկ համակարգի ֆինանսական ճեղվածքը ուռճացրել 9.3 միլիարդով
Ինչպես հայտնի է, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, առաջարկելով վերանայել էլեկտրաէներգիայի սակագինը, որպես հիմնավորում նշում է 20.3 միլիարդ դրամ ֆինանասական ճեղվածքի մասին (որն ունի այդ համակարգը)։
Սակայն պարզվում է, ֆինանսական ճեղքվածք կոչվածը առնվազն կրկնակի ուռճացված է։
Փորձագետ Աշոտ Խուրշուդյանը, ուսումնասիրելով Էլեկտրաէներգետիկական համակարգի սակագների վերանայման համար հիմքերը (որոնք ներկայացվել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքում), պարզել է, որ 20.3 միլիարդ դրամից 9.3 միլիարդը անօրինական է։ Դա վարկի սպասարկման գումարն է, որը չի կարող ներառվել ծախսերի մեջ։
«Սակագնի և սակագնի մարժայի հաշվարկման մեթոդաբանությունը կոնկրետ ծախսեր է թույլատրում ընդգրկել սակագնի հաշվարկի մեջ՝ պլյուս նորմավորված շահույթը։ Ծախսերի մեջ, բնականաբար, հաշվարկված է վարկերի տոկոսավճարները, ու ԲՆԱԿԱՆԱԲԱՐ չի կարող հաշվարկվել վարկի սպասարկումը՝ մայր գումարի մարումը։ Այլապես կարող է լինել կամ կրկնահաշվարկ /կատարված ներդրումները մաշվածության տեսքով ծախսերում արդեն իսկ կան/ կամ էլ վարկերի հաշվին ոչ ինվեստիցիոն ծախսերի ընդգրկում սակագնի մեջ։
Երբ բացում ենք 2014-15 թթ-ի նախնական հաշվարկը, տեսնում ենք, որ վարկի սպասարկումը նույնպես ընդգրկված է ծախսերում (9.3 մլրդ դրամի չափ)։ Անհասականալիորեն այդ տողը լղոզել են փոխհատուցման ենթակա գումարի վերադարձ անվանմամբ։ Ամեն դեպքում, բացատրության մեջ գրված է, որ որոշ վարկերի արտոնյալ ժամկետն ավարտվել է ու մարումն է սկսվել։
Ի դեպ, տեղեկանքում մեկ այլ հասկացություն են մտցրել, ինչը չկա սակագնի հաշվարկման նորմատիվ ակտերում՝ «ֆինանսական ճեղքվածք»։ Այո, ֆինանսական ճեղքվածքը ծախս չէ, բայց մեզ պարտադրում են փակել սեփականատերերի ֆինանսական ճեղքվածը սակագնի բարձրացման միջոցով։ Ընդամենը 20 միլիարդ ֆինանսական ճեղքվածք է կանխատեսված, որից 9.3 միլիարդն ինչպես ասացի, վարկի կամ այլ փոխառությունների մարումն է»,- գրել է Աշոտ Խուրշուդյանը։