Շանթ Հարությունյանի պաշտպան. «Իշխանություններն արդեն թույլ տվեցին հրապարակայնության առաջին խախտումը»
«Ինչպես ամսի 12-ի դատական նիստի ժամանակ տեսանք, ոստիկանությունը բավականին լուրջ ձևով պատրաստվել էր, ապահովել էր այն բոլոր խոչընդոտները, որպեսզի քաղաքացիները և ոչ բոլոր ԶԼՄ-ների ներկայացուցիչները կարողանային ներկա գտնվել դատական նիստին»,- ասաց Շանթ Հարությունյանի պաշտպան Իննեսսա Պետրոսյանը՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նա նշեց, որ ամբաստանվում են 14 անձ, սակայն ոչ բոլորի հարազատները կարողացան ներկա գտնվել դատական նիստին, և նույնիսկ ինքը, որ մի քանի րոպե ուշացումով էր գնացել, դժվարությամբ կարողացավ մտնել դատական նիստերի դահլիճ, քանի որ մինչև դատը մուտքերն արդեն փակված էին. «Այսինքն՝ այսօր մենք ունենք մի իրավիճակ, որ իշխանությունները 14 հոգու նկատմամբ քրեական հետապնում են իրականացնում՝ հստակ իմանալով, որ նրանք իրենց քաղաքական հայացքների համար հետապնդվեցին, և այդ ամեն ինչը վերածվեց քրեական մեղադրանքի»:
Ի. Պետրոսյանի կարծիքով՝ եթե դատական նիստն անցկացվի դատական նիստերի փոքր դահլիճում (Կենտրոն և Նորք մարաշ դատական նիստերի դահլիճում), իրենք հնարավորություն չեն ունենալու լիարժեք իրականացնել իրենց պաշտպանյալների պաշտպանությունը. «Նրանք չեն պատրաստվում դատական նիստները հրապարակային անել, ես դա համարում եմ հրապարակայնության խախտում, քանի որ եթե դատարանի մուտքը փակ է, մուտքից էլ առաջ պատնեշ է դրվում, ստացվում է, որ քաղաքացին իրավունք չունի մտնել դատարանի շենք և դուռը բացել մտնել դատական նիստերի դահլիճ: Սա արդեն խնդիր եմ համարում, և հրապարակայնության առաջին խաղտումն արդեն իշխանությունները թույլ տվեցին»:
Արմեն Հովհաննիսյանի ու Տիգրան Պետրոսյանի պաշտպան Արա Զաքարյանն էլ նշեց, որ Շանթ Հարությունյանի գործը հնչեղություն ստացավ, հետևաբար իշխանությունները պետք է անեն հնարավորի ամեն բան, որպեսզի հասարակությունը կարողանա հետևել այս գործի ընթացքին. «Հայաստանի հանրապետության դատական համակարգն ունի մի քանի դահլիճներ, որ այս պայմաններում կարող են բավարարել (խոսքը վերաբերվում է Շենգավիթի դատական նիստերի դահլիճին, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների առաջին ատյանի դատական դալիճին, որտեղ նմանատիպ գործերով դատավարություն է իրականացվում): Երկրորդ խնդիրը, որ ես տեսնում եմ, դա նորմալ պայմաններ ապահովելն է դատավարության մասնակիցների համար: Այսինքն՝ պաշտպանը պետք է պաշտպանյալի հետ նստի, ունենա սեղան, որի վրա կարողանա աշխատել, պաշտպանյալի հետ կարողանա շփվել: 14 մեղադրյալ, այսքան պաշտպան, ֆիզիկապես հնարավոր չէ ապահովել տվյալ դատարանի դահլիճում: Կան նաև մի քանի տասնյակ տուժողներ, որոնք ևս պետք է նիստին մասնակցեն և հնարավորություն ունենան այդ պրոցեսին լիարժեք մասնակցելու»,- նշեց Ա. Զաքարյանը:
Անի Քեշիշյան