Փուլ առ փուլ ցավեցնելու մարտավարությունը

Մինչև չգա նորը, չի հիշվի նախկինը։ Այս հին իմաստության մեջ վերջնականապես համոզվելու հերթական առիթ ունեցանք անցած 2-3 օրերի ընթացքում։ Խոսքը վերաբերում է «Կուտակային կենսաթոշակների» մասին երկար սպասված օրինագծին, երբ պարզվեց, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ասած «պարտադիր, բայց ոչ պարտադրվածը» ոչ այլ ինչ է, քան պարզապես անվանափոխություն։ Պարտադիր վճարը կոչվելու է նպատակային սոցվճար։

Իհարկե, Տիգրան Սարգսյանը դեռ համարվում է ու կհամարվի այս չարաբաստիկ նախաձեռնության «հայրը»։ Սակայն արդեն այս պահին դրսևորվում է այն գլխավոր առավելություններից մեկը, որ Տիգրան Սարգսյանն ունի Հովիկ Աբրահամյանի նկատմամբ. նախկին վարչապետն ասում էր դառը ճշմարտությունը և սին հույսեր չէր տալիս։
Բողոքի բազում դրսևորումների ժամանակ Տիգրան Սարգսյանը ոչ մի անգամ չասաց, որ սխալվել է, չընդունեց, որ բարեփոխումը վատն է, և չխոստացավ այն վերանայել կամ փոխել։ Անգամ ՍԴ որոշումից հետո նա տեղի չտվեց։

Իսկ ի՞նչ արեցին Հովիկ Աբրահամյանն ու նրա թիմը։ Սկզբնական շրջանում փորձ էր արվում արմատավորել հետևյալ միտքը` կենսաթոշակային «պատմությունը սարքել» է Տիգրան Սարգսյանը, հիմա Հովիկ Աբրահամյանը պետք է դրա տակից դուրս գա։ Ընդ որում` համոզում էին, որ նա իրոք ցանկանում է լուծել հարցը։ Հետո Հովիկ Աբրահամյանը հանդիպեց «Դ!եմ եմ»-ի հետ, խոստումներ տվեց։ Խոստումներից մեկը կատարեց` դե ֆակտո դադարեցրեց տուգանքների հաշվարկը 5%-ները չվճարածների նկատմամբ։ Որոշ մարդիկ սկսեցին հավատալ։ Թեպետ Սերժ Սարգսյանը վարչապետի նշանակման ժամանակ բառացիորեն հայտարարեց, որ պարտադիրը պետք է շարունակվի, նոր վարչապետը շարունակում էր բառախաղերի միջոցով հանդարտեցնել կրքերը։

Նա շրջանառության մեջ դրեց «պարտադիր, բայց ոչ պարտադրված» արտահայտությունը, որի իմաստը գրեթե ոչ ոքի համար հասկանալի չէ, անգամ այսօր, երբ օրինագիծը դրված է քննարկման (արդեն ընդունված – Բ.Թ.)։ Որովհետև ամենամեծ ցանկության դեպքում չես հասկանում` ինչն է ոչ պարտադրված։ Հովիկ Աբրահամյանը խոստանում էր, որ նոր փաթեթն ընդունելի կլինի բոլորի համար։ Սակայն, ինչպես երևում է` ոչ ոքի համար ընդունելի չէ։

Երեկ Ազգային ժողովում ՀՀԿ-ական պատգամավորներն իրար հերթ չտալով` պաշտպանում էին օրինագիծը, իսկ Հովիկ Աբրահամյանն այդ պահին ելույթ էր ունենում Երևանի պետական համալսարանում` Հայկական տնտեսագիտական միության տարեկան եռօրյա գիտաժողովի բացման ժամանակ, ու խոսում տնտեսական աճի մասին։ Իսկ ՀՀԿ-ական պատգամավորները կրկին փորձում էին առաջ տանել մատի փաթաթան դարձրած միտքը` բարեփոխումները ցավոտ են լինում։

Խնդիրն արմատապես լուծելու փոխարեն` կառավարությունն աճպարարությամբ կամ մեղմասացությամբ է զբաղվում։ Այլ կերպ ասած` ցավեցնում են` փուլային տարբերակով։

Նախ` պարտադիրի տակ մտցնում են պետական համակարգի աշխատողներին։ Պաշտոնական հիմնավորումն այն է, որ նրանց աշխատավարձերը բարձրանալու են, և նրանք այդ բեռը չեն զգա։ Իսկ ոչ պաշտոնականն այն է, որ պետական համակարգի աշխատողներին հնազանդեցնելն ամենահեշտն է. նրանք չէին ընդվզի, եթե անգամ աշխատավարձը չբարձրանար։

Մասնավորի համար կամավոր է… առայժմ։ Սակայն օգտագործելով ներքին լծակները` խոշոր ընկերությունների աշխատակիցները պարտադիր-կամավոր տարբերակով վճարումներ կկատարեն հիմնադրամներին։ Իսկ առջևում դեռ երեք տարի կա։
Կարճ ասած, բոլորը հասկացան, որ նոր կառավարությունը ժամանակ էր շահում։

Ի դեպ, հպանցիկ անդրադառնանք մատի փաթաթան դարձած արտահայտությանը` «բարեփոխումը ցավոտ է լինում»:

Սա նշանակում է` ժողովուրդ, դուք չգիտեք` ինչն է ձեզ համար լավ, ինչը` վատ։ Մենք` մի փոքր խումբ հանճարներով, տնտեսագիտական մտքի տիտաններով, գիտենք։ Ու կպարտադրենք այդ ճիշտը, թեկուզ դուք չընդունեք, որովհետև այդպես ավելի լավ կլինի։

Մի փոքրիկ զուգահեռ անցկացնենք։ Շվեյցարիայում գործում է ուղիղ դեմոկրատիայի ինստիտուտը։ Ցանկացած կուսակցություն, հասարակական կազմակերպություն կամ անհատ կարող է հավաքել 100 հազար ստորագրություն և հանրաքվե անցկացնել` որոշելով` ինչը պետք է անել և ինչը պետք չէ անել: Միայն նախորդ տարվա ընթացքում երկրում անց է կացվել 11 հանրաքվե` ամենատարբեր հարցերով։ Վերջին աղմկահարույց հանրաքվեն անցկացվել է այս տարվա փետրվարին, երբ շվեյցարացիները որոշեցին խստացնել ներգաղթի պայմանները ոչ միայն` հեռավոր երկրների, այլ անգամ Եվրամիության երկրների համար։

Զրուցելով տարբեր քաղաքական գործիչների, պաշտոնյաների, իրավաբանների հետ` հասկանում ես, որ նրանք այդ խստացումը սխալ են համարում։ Խնդիրներ կարող են ստեղծվել Եվրամիության հետ։ Բայց ոչինչ անել չեն կարող` ժողովուրդն է որոշել։ Որևէ մեկի մտքով չի անցնում իրեն դնել գերիմաստունի տեղ ու իրավունք վերապահել իր ճիշտը փաթաթել ժողովրդի վզին։

Հիմա ո՞վ է ճիշտ։ Մե՞նք, որ այնքան չենք վստահում ժողովրդին, որ ընտրություն կոչված երևույթի ժամանակ «գլխանց» ժողովրդի փոխարեն որոշում ենք` ով ավելի լավ կղեկավարի երկիրը, որ հանկարծ երկրի ղեկը չհայտնվի «արկածախնդիրների», «մարգինալների» ու «շպիոնների ձեռքում»։ Թե՞ նրանք, որ գիտակցաբար գնում են սխալ որոշման, որովհետև այդպես է ցանկացել ժողովուրդը։

Դժվար է ասել։ Պարզապես նշենք, որ «սխալական» ժողովրդի կամքին ենթարկվող երկրում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 80 հազար դոլար է (Հայաստանում` 3300 դոլար), և աշխատանք ունեցող մարդու մտածմունքի առարկան այն է, թե որ երկրում այս անգամ անցկացնի հանգիստը։ Իսկ գերիմաստուն ղեկավարներ ունեցող մեր երկրում ունենք աղքատության աճ, արտագաղթ, հազար ու մի խնդիր։

Սակայն կառավարությունը լավատես է։ «ՀՀ կառավարությունը գալիք տարիների համար ակնկալում է տնտեսական շարունակական աճ: Մեր որդեգրած քաղաքականության հիմքում Հայաստանի Հանրապետության քաղաքացին է»,- ասել է Հովիկ Աբրահամյանը Հայկական տնտեսագիտական միության տարեկան եռօրյա գիտաժողովի բացմանը:

Ի դեպ, նայելով համաժողովի մասնակիցներին` այնպիսի տպավորություն էր, թե առանձնահատուկ ուշադրություն են կենտրոնացրել այն մարդկանց վրա, ովքեր վերջին տարիներին նախանձելի համառությամբ լռել են ամենատարբեր, լայն հնչեղություն ստացած սոցիալ-տնտեսական կարևոր հիմնախնդիրների քննարկման ժամանակ։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հոկտեմբերին այս համաժողովի առաջին զեկույցը պոլսահայ հայտնի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուինն էր։ Նա ելույթ էր ունենում Skype-ի միջոցով։ Աճեմօղլուի հիմնական ասելիքը հետևյալն էր` Հայաստանի խնդիրները պետք է փնտրել ոչ թե տնտեսության մեջ, այլ քաղաքականության, քաղաքական ինստիտուտների։ Ասել է թե` մինչև քաղաքականության մեջ լուրջ փոփոխություններ չլինեն, տնտեսության մեջ լուրջ առաջխաղացման սպասելը միամտություն է։

Հետաքրքիր է` այս համաժողովին Աճեմօղլուին խոսելու հնարավորություն կտա՞ն, թե՞ ոչ: Թեպետ մյուս կողմից` նրա մասնակցությունն անիմաստ է. մարդը հո ամեն տարի նույն բանը չի՞ կրկնելու։

Տեսանյութեր

Լրահոս