Վտանգավոր այցեր
Երեկ միանգամից երկու հայ զինծառայող է սպանվել հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում՝ Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի պաշտպանական գծում և Հայաստանի սահմանագոտու հարավարևմտյան, այսինքն՝ Նախիջևանին սահմանակից հատվածում տեղակայված հենակետում: Հայաստանի պաշտպանության նախարարությունը ցավակցություն է հայտնել երկու զինծառայողների ընտանիքներին և հարազատներին: Ոչ ավելին: Որովհետև իրականում տեղի ունեցածը, ավելի ճիշտ՝ արդեն շարունակական դարձող հայ զինվորների սպանությունները պայմանավորված են ոչ թե պաշտպանական գերատեսչության վատ, անարդյունավետ աշխատանքով, սահմանների պաշտպանության սխալ մարտավարությամբ և այլն, այլ մեկ այլ գերատեսչության՝ Արտաքին գործերի նախարարության հանցավոր գործունեությամբ:
Եթե, իհարկե, այն, ինչով զբաղվում են Հայաստանի արտաքին քաղաքականությունն իրականացնողները, կարելի է ընդհանրապես գործունեություն համարել: Առաջին հայացքից` սահմանում զինվորների սպանություններն արտաքին քաղաքականության հետ ուղղակի կապ չունեն: Իրականում, սակայն, դրանք հենց արտաքին քաղաքականության ֆիասկոյի հետևանք են:
Որովհետև, ինչպես ցույց է տալիս փորձը, ադրբեջանական գրեթե բոլոր դիվերսիաները ու նրանց կողմից հայ զինովրներին ուղղված դիպուկահարների կրակահերթերը չեն լինում պատահաբար, հենց այնպես: Դրանք նախորդում կամ հաջորդում են արտաքին քաղաքականության ասպարեզում տեղի ունեցած կամ ունենալիք որևէ իրադարձության: Իսկ ի՞նչ է տեղի ունեցել այս շաբաթ:
Երկու օր առաջ Ադրբեջան է այցելել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ով Բաքվում մի շարք հայտարարություններ է արել ռուս-ադրբեջանական ռազմավարական բարեկամության, Ռուսաստանի համար Ադրբեջանի ունեցած կարևորության մասին: Բացի այդ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Լավրովն ադրբեջանական հողում հայտարարել է, որ Հայաստանը Եվրասիական միությանն անդամակցելու է առանց հայկական հողի մի մասի՝ Լեռնային Ղարաբաղի, որն ադրբեջանցիները ոչ միայն համարում են իրենցը, այլ կարողացել են դա պարտադրել նաև Հայաստանի ռազմավարական դաշնակիցներին:
Այսինքն՝ Լավրովը Բաքվում Ադրբեջանին հերթական քարտ բլանշը տվեց, որն այդ երկիրն առաջին հերթին օգտագործեց կրկին հայ զինվորներ սպանելու համար: Ի՞նչ է անելու Հայաստանի արտգործնախարարությունն այս անգամ: Ոչինչ էլ չի անելու:
Առավելագույնը` դատապարտելու է ղարաբաղյան հակամարտության խաղաղ բանակցային գործընթացի վրա ստվեր նետելու ադրբեջանական փորձերը: Որովհետև չի կարողանալու հասնել նրան (եթե, իհարկե, գոնե փորձի), որ տեղի ունեցածը դատապարտեն գոնե ԵԱՀԿ Մինսկի խումբը կամ դրանում ներկայացված երկրները: Դատապարտելու դեպքում էլ նրանք կոչ են անելու զերծ մնալ սահմանագծում լարվածությունն ավելացնելուն ուղղված քայլերից: Կոչ են անելու երկու կողմերին, այսինքն՝ նաև Հայաստանին:
Որովհետև գիտեն, Հայաստանում կան բարձրաստիճան ու ուսադիրավոր այնպիսի զինվորականներ, ովքեր պետք եղած դեպքում կհայտարարեն, որ «առաջինը մենք ենք կրակել, նրանք էլ պատասխանել են»… Վաղը Սերգեյ Լավրովը ժամանելու է Հայաստան: Նա այստեղ ևս ինչ-որ հայտարարություններ է անելու, ենթադրաբար՝ ոչ Ադրբեջանին պարտադրվող այս կամ այն քայլի մասին, մտահոգ դեմքով գուցե խոսելու է սահմանային «բախումների» անթույլատրելիության մասին և հեռանալու է: Հուսանք՝ առանց զոհերի: