Նիկոլայ Սվանիձե. Ես պատրաստ չեմ խորհուրդներ տալ Հայաստանի ժողովրդին ու իշխանությանը․ 1in.am

«Առաջին լրատվական»-ը զրուցել է ռուսական «Զեռկալո» ծրագրի հեռուստամեկնաբան, ՌԴ «Հանրային պալատի» անդամ, ռուսաստանցի հայտնի քաղաքագետ, հրապարակախոս Նիկոլայ Սվանիձեի հետ

– Պարոն Սվանիձե, թեև Հայաստանն այսօր Եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներին միանալու ճանապարհին է, թեև Եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտների զարգացումը շարունակվում է, տեսակետներ են հնչում, որ այդ ծրագրերն ապագա չունեն և՛ քաղաքական, և՛ տնտեսական տարաձայնությունների պատճառով: Ըստ Ձեզ՝ ի՞նչ ապագա է սպասվում այդ պրոյեկտներին:

– Իմ կարծիքով՝ դրանք շատ հավակնոտ ծրագրեր են, ռուսական ներկայիս իշխանություններն այդ պրոյեկտների վրա մեծ խաղադրույք են կատարել և մասնավորապես՝ անձամբ ՌԴ նախագահ Պուտինը: Թե ինչ չափով այդ ծրագրերը կհաջողեն՝ դժվար է ասել, դեռևս ես լիահույս չեմ այդ պրոյեկտների գոնե տնտեսական հեռանկարների հարցում, քանի որ դրանց հիմքում ընկած են քաղաքական հավակնություններ, քան տնտեսական: Այսինքն՝ սա ձևավորվում է որպես հակակշիռ եվրոպական հանրությանը, բայց եվրոպական հանրությունը միավորվել է բնական ճանապարհով՝ հիմքում ունենալով տնտեսական ծրագրեր, ԵՄ անդամ երկրների տնտեսությունների և հետաքրքրությունների հավասարություն: Իսկ Եվրասիականում նման հավասարակշռություն չկա: Այստեղ շատ բան մեծապես կախված է Ռուսաստանից, որն ակնհայտորեն այդ ծրագրերի լոկոմոտիվն է:

Ռուսաստանը, ինչպես երևում է, պատրաստ է նույնիսկ գնալ որոշակի տնտեսական զիջումների իր գործընկերների համար, բայց զուտ քաղաքական մղումներից ելնելով: Սակայն վերջնարդյունքում, ինչպես հայտնի է, ցանկացած նմանատիպ պրոյեկտի հաջողությունն առաջին հերթին կախված է տնտեսությունից: Հարց է՝ որքանով տնտեսությունը թույլ կտա, որ այդ պրոյեկտը զարգանա: Այս պահի դրությամբ հարցերը շատ-շատ են:

– Իսկ ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի միջնորդական դերատակարությունը ԼՂ հակամարտության հարցում:

– Ես պատրաստ չեմ մանրամասներով քննարկել այդ հարցը: Պարզապես կարող եմ ասել, որ ինձ այդ դերակատարությունը թվում է բավականին հեռացված ու մեկուսացված: Ռուսական ղեկավարությունը հիանալի հասկանում է, թե ինչպիսի բարդ հակամարտություն է ԼՂ հակամարտությունը, և չեն հստակեցնում իրենց դիրքորոշումը՝ փորձելով մնալ չեզոք դիրքում:

– Հայաստանում դժգոհություններ կան այն առնչությամբ, որ Ռուսաստանը, լինելով ՀՀ ռազմաքաղաքական դաշնակիցը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն, զենք է վաճառում և Ադրբեջանին, և Հայաստանին: Դուք ի՞նչ եք մտածում այս մասին:

– Սա ևս ես պատրաստ չեմ քննարկել, ես նման տեղեկություններ չունեմ:

– Պարոն Սվանիձե, փաստորեն այսօր իրականում ԱՊՀ-ն այլևս չի գործում, Ռուսաստանը փորձում է ԱՊՀ-ի փոխարեն այլ ինտեգրացիա առաջարկել, ի դեպ՝ ավելի սերտ և բարձր մակարդակի ինտեգրացիա, որից Հայաստանը հասկանալի պատճառներով չկարողացավ հրաժարվել: Հայաստանում կան մտահոգություններ, որ ՌԴ ներկայիս իշխանությունների հավակնությունները կարող են ավելի լուրջ տեսք ստանալ, այսինքն՝ կարող է առաջանալ այդ ինտեգրացիայի մասնակից փոքր պետություններին Ռուսաստանին միացնելու ցանկություն: Ձեր կարծիքով՝ նման մտավախություններ պե՞տք է լինեն Հայաստանում:

– Նախ ասեմ, որ ես պատրաստ չեմ խորհուրդներ տալ ՀՀ ժողովրդին ու ղեկավարությանը: Ես կարծում եմ, որ Հայաստանը Ռուսաստանի կազմ մտցնելու սցենար իրականում գոյություն չունի, այդ սցենարը բացարձակապես ֆանտաստիկ է թվում և հազիվ թե դիտարկվի Կրեմլում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս