Ինչպես մեկ օրում փոխվեց ՀՀԿ-ականների վերաբերմունքը քառյակի առաջարկների նկատմամբ
Ազգային ժողովի չորս ոչ իշխանական ուժերի կողմից 12 պահանջների հրապարակումից հետո իշխանության ներկայացուցիչների կողմից դրական արձագանքներ էին հնչել:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նույնիսկ չէր թաքցրել իր ուրախությունը և հայտարարել էր, որ «վերջապես շատ առողջ առաջարկներ են արել»: Սակայն այս ոգևորության վրա սառը ջուր լցրեցին Հանրային հեռուստաընկերությանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցն ու ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի մամուլում հրապարակված հայտարարությունը, թե իշխանությունը 12 պահանջներից և ոչ մեկն էլ չի պատրաստվում ընդունել: «Փաստաթուղթը կազմողները շտապողականություն են ցուցաբերել և լեզվաշարադրական բացթողումներ են ունեցել, որովհետև եթե նպատակը համագործակցությունն է, ապա պետք է բացառվեն «պահանջում ենք» և նման բառերը»,- ասել էր Սերժ Սարգսյանը:
«168 Ժամի» հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի բնորոշմամբ՝ վերջապես իշխանությունն իր վերջնական խոսքն ասաց` 12 կետերը չեն ընդունում, չնայած նախապես որոշ ներկայացուցիչներ ոգևորված ծափահարում էին` տեսեք՝ ինչ լավ ընդդիմություն ունենք, տեսեք՝ ինչ կառուցողական կետեր են ներկայացվել.
«Հասկանալի էր, որ կամ իրենք լավ չէին ընթերցել, կամ էլ PR նպատակ էր հետապնդում: Ըստ էության, այդ կետերը բավականին լուրջ կետեր են, և Դավիթ Հարությունյանն, ի պատիվ իրեն, շատ անկեղծ հայտարարեց, որ իրենք չեն պատրաստվում իրականացնել այդ կետերը, որովհետև այդ կետերի իրականացումը նշանակում է` կասկածի տակ դնել իշխանության հետագա գոյությունը»:
Ռ.Հակոբյանը նշեց, որ իրենք չեն ասում, որ այս կետերով ամբողջական համակարգային փոփոխություն կսկսվի ՀՀ-ում, բայց սրանք այն կետերն էին, որ ինչ-որ տեղ սկիզբ կդառնային լուրջ արմատական փոփոխություններ կատարելու:
Քառյակը դեռ չի որոշել, թե ի՞նչ մարտավարություն կորդեգրի: Հակոբյանը նշեց, որ պետք է քննարկեն. «Բոլոր դեպքերում պետք է նկատի ունենանք հնարավորությունները, թե որքանով է հասարակությունն այս պահին պատրաստ ավելի համախմբված, ավելի միասնական հանդես գալու»:
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը Սերժ Սարգսյանի դիտարկումներն «անլուրջ» է որակում: «Ես փոշմանել եմ, թե այդ ինչ դաժան բան ենք գրել` պահանջել ենք: Ու քառյակով հիմա պահանջենք, հետ բերենք և ուղղենք այդ սխալները ու խնդրենք, որ շատ ուզում ենք համագործակցել: Չենք հասկացել, որ ուզում ենք համագործակցել, ու գրել ենք` պահանջում ենք»,- ասաց նա: Հարցին՝ փաստորեն ընդունո՞ւմ եք ձեր սխալը, Արամ Մանուկյանը նույն ոճով է պատասխանել. «Ես չգիտեմ` ոնց եմ մեղքերս քավելու: Ես անընդհատ, մեր խմբակցությունը ուզում էր համագործակցել, ու չենք կարողացել, ինքը ուղղեց, որ դա շարահյուսական, լեզվաբանական սխալ է, հիմա պետք է փորձենք համոզել մեր կուսակցությանը, որ ամբողջ թափով պետք է գնանք համագործակցելու Սերժ Սարգսյանի հետ»:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը բոլորովին մտադրություն չունի ինչ-որ բան խնդրելու և իշխանության ներկայացուցիչներին էլ խորհուրդ է տալիս բառերի հետևից չընկնել: «Մենք պահանջում ենք, խնդրելու խնդիր չունենք: Մենք համագործակցության ուղղությամբ բոլոր հնարավոր քայլերը կատարել էինք: Եվ մինչև հիմա քննարկումների ամբողջ բնույթն այն էր, որ կառավարությանը մղեինք մի դաշտ, որտեղ հատման եզրեր կլինեն: Մենք ավելի լուրջ պատասխան էինք սպասում, ադեկվատ չէ պատասխանն այն լրջությանը, որով քառյակը մշակել էր փաստաթուղթը: Եվ հապճեպ արված բան չկա, հայտնի է, թե քառյակն ինչքան ժամանակ է նվիրել դրան: Լուրջ չեն վերաբերվում, դրա համար վիճակն այս է»,- ասաց նա:
Ա. Ռուստամյանը նշեց, որ հանրահավաքների ժամկետները որոշված են և չեն փոփոխվելու, իսկ մինչ այդ հասարակությունը ժամանակ կունենա հասկանալու, թե ով՝ ինչ է ասում. «Պահանջում ենք, որովհետև բանը բանից անցել է, ժամկետները բոլորը սպառված են: Այնտեղ չկա այնպիսի պահանջ, որն անիրական է, այդ քննարկումներն իրականացվել են ԱԺ-ում և օդից չեն եկել: Դրանք պահանջներ են, որ հասարակությունն է ներկայացնում: Եվ եթե չիրականացնեն՝ կլինի իրավիճակ, որ բացարձակապես կանտեսվեն հասարակության պահանջները»:
Թե ինչո՞ւ սկզբում ՀՀԿ-ականները գովեցին քառյակի առաջարկները, հետո վերաբերմունքը փոխեցին, Ռուստամյանի կարծիքով` իրենց մեջ պետք է խնդիրը փնտրել. «Առաջին դեպքը չի, երբ նույն մեծամասնությունը տարբեր մոտեցումներ է արտահայտում, նշանակում է` որոշումները կոլեգիալ չեն կայացվում, նաև արտաքին քաղաքականության հետ կապված: Դա երկրի համար լուրջ խնդիր է, երբ մեծամասնությունն ինքն իր մեջ միատեսակ դիրքորոշում չի կարողանում արտահայտել: Հարց է առաջանում` ինչպե՞ս են որոշումներ ընդունում մեր ապագայի վերաբերյալ: Դրա համար ասում ենք` եկեք հաժարվենք մենիշխանական համակարգից, երբ նախագահը որոշում է, մյուսները` համաձայնում»:
Մինչդեռ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հակասության նշույլ չի տեսնում: Ըստ նրա՝ իրենք ի սկզբանե ասել են, որ քառյակի բոլոր կետերը քննարկման ենթակա են, բայց չեն ընդունում պահանջներ և ժամկետներ դնելը: Նա նշեց, որ քառյակի պահանջների մի մասը կառավարության ծրագրում ընդգրկված է. «Դա կարևոր չէ` քառյա՞կն է սկզբում առաջարկում, թե՞ մենք: Կարևորն այն է, որ խնդիր կա, և մենք այդ խնդրին անդրադառնում ենք»: