ՀՀԿ-ն մերժում է քառյակի հետ համագործակցության հնարավորությունը

Երեկ խորհրդարանում քննարկվում էր կառավարության կողմից ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Այս նախագծով կառավարությունն առաջարկում է ճանապարհային երթևեկության որոշ կանոնների խախտման համար սահմանել ավելի խիստ պատիժներ, իսկ որոշ խախտումների համար սահմանվում են ավելի մեղմ տուգանքներ: Այս օրենքի նախագծի քննարկման ժամանակ ելույթ ունեցող ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը մի քանի անգամ կրկնեց, որ առաջարկվող փոփոխությունը « Քառյակի 12 պահանջներից մեկի կատարումն է, բայց, իհարկե, մասնակի և թերի»:

Ջհանգիրյանը նաև շեշտում էր, որ իրենց պահանջի նման կատարումը բավարար չէ, որովհետև քառյակի առաջարկած տարբերակն «ավելի կարդինալ էր»: Մասնավորապես, Ջհանգիրյանին չէր բավարարում այն, որ այս փոփոխությունների մեջ որևէ անդրադարձ չկար տեսանկարահանող և արագաչափ սարքերի կողմից ֆիքսված խախտումների դիմաց գանձվող տուգանքների տնօրինման կարգի փոփոխությանը: Հիշեցնենք, որ հունիսի 10-ին քառյակի կողմից ներկայացված հայտարարության մեջ կար պահանջ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար գանձվող տուգանքների չափը նվազեցնելու և դրանք նվազագույն աշխատավարջի եռապատիկի չափ սահմանելու մասին:

Բացի այդ, քառյակը պահանջում էր, որ տեսանկարահանող և արագաչափ սարքերի կողմից ֆիքսված ՃԵԿ խախտման դիմաց գանձվող գումարի 75 տոկոսն ուղղվի պետբյուջե, և միայն 25 տոկոսը մնա այդ սարքերը տեղադրող և այն համակարգը սպասարկող ընկերությանը:

Գագիկ Ջահանգիրյանի հղումները քառյակի պահանջների ոչ կատարյալ կատարման վերաբերյալ դուր չեկան նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին: Ջհանգիրյանի ելույթից հետո նա հայտարարեց, որ կառավարության կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությունն իրենք չեն դիտարկում` որպես քառյակի պահանջների կատարում, և այն քաղաքական մեծամասնության ու կառավարության ծրագրերի մի մասն է: «Երբ կառավարությունը ներկայացրել էր իր ծրագիրը, քառյակի 12 կետերը դեռ գոյություն չունեին»,- խիստ վրդովված տոնով հայտարարեց ԱԺ փոխնախագահը:

Կարդացեք նաև

Ինչո՞ւ է ԱԺ փոխնախագահին այդքան վրդովեցնում այն, որ քառյակի ներկայացուցիչները կառավարության կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը ներկայացնում են` որպես իրենց պահանջների կատարում: Ինչո՞ւ իշխանությունը չի ցանկանում դա ներկայացնել` որպես ընդդիմության հետ համագործակցության արդյունք հասարակությանը ցույց տալով, որ իշխանությունը պատրաստ է լսել ընդդիմությանը և կատարել նրա առաջարկները, մանավանդ, որ սկզբնապես ՀՀԿ-ի արձագանքը հենց այդպիսին էր: Այս հարցերը մենք ուղղեցինք ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին:

– Ինչո՞ւ են ՀՀԿ-ականները սկսել վատ զգալ, երբ քառյակի ներկայացուցիչները փորձում են որևէ օրենքի նախագծի ընդունում ներկայացնել` որպես իրենց կողմից ներկայացված 12 կետերի իրականացում:

– Ի՞նչ կապ ունի քառյակը, հնգյակը կամ վեցյակը, մենք մեզ լավ կզգանք, երբ նրանք կփորձեն ժողովրդի մատից փուշ հանել, և ոչ թե կառավարության և քաղաքական մեծամասնության նախաձեռնություններն իրենց վերագրեն:

– Դուք ասում եք, որ ներկայացված օրենքի նախագիծը կառավարության ծրագիրն է և ոչ մի կապ չունի քառյակի պահանջների հետ: Ինչո՞ւ չեք ուզում, որ քառյակը դա ներկայացնի` որպես կառավարություն-քառյակ համագործակցության արդյունք:

– Այո, ես ասացի, որ երբ քառյակի 12 կետերը դեռ գոյություն չունեին, քաղաքական մեծամասնությունն Ազգային ժողովում հրավիրել էր խորհրդարանական լսումներ, որոնց ժամանակ քննարկվել են այս նախագծում ներկայացված կետերը:

– Բայց կարող է, չէ՞ կառավարության ծրագրի և քառյակի պահանջների միջև համընկնում լինել, մի՞թե դրա մեջ որևէ վատ բան կա:

– Ի՞նչ է նշանակում` քառյակի 12 կետ, կամ այդ կետերն իրականացնելու պահանջներ: Ծրագիր իրականացնում է նա, ով ունի իշխանություն, ով հանրությանը ներկայացրել է ծրագիր, և ում ծրագիրն ընդունվել է: Մենք ներկայացրել ենք կառավարության գործունեության ծրագիր, որտեղ ներառված են եղել նաև ընդդիմադիր որոշ պատգամավորների, այդ թվում և` Հրանտ Բագրատյանի առաջարկությունները: Մենք այժմ առաջնորդվում ենք այդ ծրագրով: Իսկ եթե քառյակն ուզում է ծրագիր իրականացնել, որևէ խնդիր չկա, թող սպասի մինչև հաջորդ ընտրություններ, եթե բարով-խերով հաջողության կհասնեն, այդ ժամանակ 12 կետ չէ, թող 120 կետ իրականացնեն:

– Քառյակը փորձում է կառավարության հետ համագործակցելու միջոցով իրականացնել իր ծրագրերը, մի՞թե դա դրական միտում չէ:

– Ո՞րն է համագործակցությունը. կառավարության վրա ժամկետ դնե՞լը: Ես չգիտեմ մի համագործակցություն, երբ համագործակցող կողմերից մեկը մյուսի վրա ժամկետ է դնում իր պահանջները կատարելու համար: Եվ, բացի այդ, քաղաքական պայքարի մեջ, քաղաքական իշխանությունն է միշտ քաղաքական օրակարգ թելադրողը, և մենք ունենք մեր օրակարգը և մենք առաջնորդվելու ենք մեր ծրագրերով:

– Իսկ գուցե ՀՀԿ-ում ինչ-որ բան փոխվե՞լ է, սկզբում ՀՀԿ-ականները ողջունում էին, որ քառյակն ավելի կառուցողական դիրքորոշում է ընդունել, համագործակցության պատրաստակամություն էին հայտնում, հետո Սերժ Սարգսյանը և Դավիթ Հարությունյանը մերժեցին այդ համագործակցությունը, և տրամադրությունները կտրուկ փոխվեցին:

– Ողջունելու-չողջունելու հարց չկա, մենք ուղղակի ասել ենք, որ քառյակի հայտարարության մեջ կան որոշ պոպուլիստական կետեր, որոնք ընդունելի չեն:
Այն, որ ՀՀԿ-ականների մոտ դիրքորոշման փոփոխություն է տեղի ունեցել, միանշանակ է: Նրանք սկզբում ոգևորված էին քառյակի դիրքորոշման մեջ տեղի ունեցած փոփոխությունից. քառյակը կառավարության հրաժարականը պահանջելու փոխարեն` կառավարությանն առաջարկներ էր ներկայացնում, այն էլ` միանգամայն իրականանալի: Ինչո՞ւ են ՀՀԿ-ականները մերժում քառյակի հետ համագործակցելու առաջարկը և նրանց մղում արմատական դաշտ, դժվար է հասկանալ:

Տեսանյութեր

Լրահոս