Գագիկ Հարությունյանի դստեր ղեկավարած պոլիկլինիկայում կուտակային գանձումներ են արվում. Panorama.am
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող պոլիկլինիկաներում պարտադիր կուտակային կենսաթոշակի գանձումները շարունակվում են: Ավելին, Panorama.am-ին հասած դժգոհությունների համաձայն, քաղաքապետարանի ենթակայությամբ գործող պոլիկլինիկաներում աշխատողներին պարտադրում են դիմումներ չգրել, իսկ գրողներին էլ սպառնում են ազատել աշխատանքից:
Երևանի կենտրոնում գործող թիվ 4 պոլիկլինիկայում ասել են, որ իրենց մոտ պարտադրանք կամ սպառնալիք չկա, և աշխատողներն ըստ իրենց ցանկության են առաջնորդվում:
Թիվ 5 պոլիկլինիկայում, որը գտնվում է Նորք Մարաշ վարչական շրջանում, տնօրեն Սամվել Ռաֆյանը հարցը լսելուն պես ասաց, որ չի կարող պատասխանել դրան, քանզի ունի վերադասներ և այդ հարցերին նրանք ավելի լավ կարող են պատասխանել:
«Իմ ղեկավարած հիմնարկն է, բայց վերջիվերջո սա պետական հիմնարկ է, և ես ունեմ վերադասներ»,- բացատրեց Ռաֆյանը` հստակ չասելով` այդ հիմնարկում գանձումներ կատարվո՞ւմ են, թե՞ ոչ:
Ըստ կայքի՝ հետաքրքիր էր պատկերը Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների բնակչության մի մասին սպասարկող թիվ 8 պոլիկլինիկայում, որի տնօրենը նույն ինքը` Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի դուստրն է` Արմինե Հարությունյանը:
Տիկին Հարությունյանն ասել է, որ կուտակայինի գանձումներն արվում են ըստ աշխատողների ցանկության:
«Ով ցանկանում է, գանձում ենք գումարը, ով չի ցանկանում, չենք գանձում: Ոչ մեկ չի պարտադրում, մեզ մոտ դեմոկրատիա է: Ես նույնիսկ երեկ բոլորին մեկ առ մեկ հարցրել եմ, որովհետև հասկացա, որ պանիկա է սկսվել որոշ բուժհաստատություններում, որ պարտադրում են, և ես իմ կոլեկտիվից հարցրել եմ` ուզում եք, գանձում ենք, չեք ուզում չենք գանձում», -ասել է նա:
Այս բուժհիմնարկում կուտակային համակարգի տակ չի ցանկացել ընկնել 4 աշխատող, ովքեր էլ համապատասխան դիմում են գրել, իսկ 74 թվականից հետո ծնված 43-ն աշխատող էլ համաձայնել է, որ իրենցից գանձումներ կատարվեն: Դրանց թվում է նաև ինքը` տիկին Հարությունյանը, որի ցանկությամբ իր աշխատավարձից նույնպես պահումներ են արվում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: