Բաժիններ՝

Գանձապետարանների «մորթն» ավարտված է

Ամիսներ առաջ ՀՀ կառավարությունը սկսեց գանձապետարանների փակման գործընթաց: 43 գանձապետարաններից ներկայումս մնացել է ընդամենը 6 տեղական գանձապետական բաժին՝ Իջևանում, Վայքում, Գյումրիում, Վանաձորում, Սևանում, Գորիսում: ՀՀ ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը 168.am-ին հայտնեց, որ դրանց գործառույթները կփոխվեն, չեն անի այն, ինչ արել են մինչև հիմա՝ հաշվի առնելով, որ համակարգը փոխվել է և նախկինում ՏԳԲ-ների կողմից սպասարկվող համայնքները, պետական հիմնարկները այժմ հնարավորություն ունեն իրենց հաշիվները կառավարել էլեկտրոնային եղանակով. «Միայն հարկավոր է համակարգիչ և ինտերնետ: Մեր տեղեկություններով՝ չկա որևէ միավոր, որ այդ հնարավորությունները չունենա»:

Գլխավոր գանձապետը չհամաձայնեց շրջանառվող տեսակետների հետ, թե գանձապետարանների վերացումը կազդի համակարգի արդյունավետության վրա:

«Արդյունավետության անկում չկա, հակառակը: Արդյունավետության անկման որևէ նպատակ չի հետապնդել այս համակարգում որևէ փոփոխություն և, փառք Աստծո, որ առայժմ չի եղել նման բարեփոխման տարր, որը տեղ գտած լինի գանձապետարանի ներդրման գործընթացի առաջին իսկ օրվանից, որը վատ արդյունք տա: Հնչած գնահատականների հետ ամենևին համաձայն չեմ, ինչ արել ենք, վտանգ չկա և որևէ բան համակարգի տեսակետից հսկողության իմաստով այս փոփոխությունը չի առաջացնի»,- նշեց նա:

Թե ինչո՞վ են զբաղվելու մնացած 6 գանձապետարանները՝ հարցին, Ա.Ջանջուղազյանը պատասխանեց, որ դրանք 2 գործառույթի համար պատասխանատու կլինեն՝ ռեզերվային տարբերակի համար իրենց պահպանումը և կշարունակեն համայնքների հետ կապված գործառույթներ իրականացնել:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ գանձապետարանի դերը կարևորվում է բյուջետային ծախսումների արդյունավետության տեսակետից: Մասնագետները գտնում են, որ գանձապետարանի բացակայությունը կբերի նրան, որ երբեք Ֆինանսների նախարարությունը չի կարող իմանալ, թե Լոռվա կամ Շիրակի մարզերին տրված բյուջետային հատկացումների հետ կապված ինչ վիճակ է, ինչ մնացորդ կա, և միայն գանձապետարանի առկայության պարագայում ֆինանսների նախարարությունը կարող է հստակ աշխատել Կենտրոնական բանկի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս