Աստանայի ուրացումը

Երբ 2009 թվականին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ցյուրիխում ստորագրեց հայ-թուրքական արձանագրությունները, հայ քաղաքական, մտավորական, բանվորական, շինարար ու կազմաքանդիչ միտքը միացավ, համախմբվեց ու ծնեց «ցյուրիխյան ուրացում» արտահայտություն-դատավճիռը: Այն տեղ գտավ տասնյակ հարցազրույցներում ու ելույթներում, վանկարկվեց հանրահավաքներում ու երթերում, լցրեց բարգավաճականների ու դաշնակցականների եթերն ու մյուսների թերթերը: Նախագահ Սերժ Սարգսյանը համարձակվել էր հաստիքային թշնամու հետ թուղթ ստորագրել, ու Հայաստանի ու ոչ միայն՝ Հայաստանի հայրենասերները չներեցին դա:

Ավելի ճիշտ՝ ցույց տվեցին, որ չներեցին՝ այդ ցուցադրությունից իրենց չափով դիվիդենտներ քաղելով: Այն, ինչ տեղի է ունեցել անցած շաբաթ Աստանայում, իրականում շատ ավելի վտանգավոր, շատ ավելի հայաստանակործան ու շատ ավելի անթույլատրելի է, քան հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող որևէ թուղթ: Բայց անցած շաբաթվանից հետո այդ հարցի վերաբերյալ հայրենի ընդդիմադիրների ու ոչ իշխանականների լռությունը շատ ավելի ուժեղ է, քան Սերժ Սարգսյանինը՝ Նազարբաևի դեմ դիմաց ու Պուտինի կողքին նստած ժամանակ: Իսկ եթե տեղ-տեղ այդ լռությունը խախտվում է, ապա ոչ ավելին, քան Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ «տհաճ, բայց ոչ վտանգավոր լինելու» մասին: Իսկ ընդդիմադիր որոշ ուժեր Աստանայի առթիվ ոչ միայն սովորական լռություն են արտահայտում, այլև առանձնակի, տեսանելի ու լսելի:

Ինչպես, օրինակ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով Աստանայի հաջորդ օրը նիստ է հրավիրում ու քննարկում քաղբանտարկյալների սահմանման չափորոշիչների վերաբերյալ ՀԱԿ-ի դիրքորոշումը: Պուտինին ուղղված Զորի Բալայանի նամակն ուղղակի մանկամտություն է՝ Լևոն Տեր-Պետրոսյանի այս անթուղթ նամակի համեմատ: Ասել է թե, հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, մենք ոչ միայն քեզ չենք հայհոյում Երևանի փողոցներում, ինչպես խոստացել ենք, այլև չենք հայհոյում անգամ քո ու Ալիևի «լավ ընկեր» Նազարբաևին: Որովհետև ազգայինը՝ ազգային, պետականը՝ պետական, բայց հո մենք այնքան անշրջելի, ներեցեք՝ անշրջահայա՞ց չենք, որ համարձակվենք Հայաստանի ազգայինը դնել Ռուսաստանի ազգայինի կողքին: Ու որպեսզի այս ուղերձը տեղ հասնի ավելի գեղեցիկ ու ավելի անաղմուկ, ՀԱԿ-ն ընդամենը նիստ է գումարում ու Հայաստանի վրա հարձակմանը համարժեք սպառնալիքի առկայությամբ քննարկում է քաղբանտարկյալների մասին հարցը:

Ընդ որում, դա ևս մեսիջ ունի իր մեջ: Այսօր Հայաստանի միակ քաղբանտարկյալը Շանթ Հարությունյանն է, ով համարձակվել է Պուտինին ասել, որ թույլ չի տալու նվաստացնել երկրի արժանապատվությունը: ՀԱԿ-ը, բնականաբար, նրան ճանաչում է… քրեական հանցագործ: Որովհետև, եթե չի ճանաչում քաղբանտարկյալ, նշանակում է՝ համաձայն է այն հոդվածների հետ, որոնցով իշխանությունն ազատազրկել է Շանթին:

Բայց ՀԱԿ-ը միայնակ չէ իր լռությամբ: ՀԱԿ-ի հետ լռում են բարգավաճականները, առանց որոնց՝ ՀԱԿ-ը չէր կարող լռել կամ չլռել, լռում են դաշնակցականներն ու Ռուբեն Հակոբյանը: Քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանը վաղուց է լռում: Ու որևէ մեկը չի ասում՝ Աստանայի ուրացում: Որևէ մեկը Ղազախստանի դրոշը չի այրում: Անգամ Էդվարդ Նալբանդյանի դեմ ոտնձգության կոչեր չեն հնչում: Մի խոսքով, լռում են բոլորը՝ Հայաստանի քաղաքական համակարգն ամբողջությամբ: Այդ լռությունն, իհարկե, տհաճ է, բայց ոչ վտանգավոր: Ռուսաստանի համար:

 

Տեսանյութեր

Լրահոս